Այն մարդիկ, որոնք այցելել են ԼՂՀ տարբեր, հատկապես քաղաքական առիթներով, կզրկվեն Ադրբեջան այցելելու հնարավորությունից` ճանաչվելով այդ երկրում «անցանկալի անձինք»: Ադրբեջանն իր այս դիրքորոշմամբ վաղուց է հայտնի: Երեւի նույն այս պատճառով էլ «ոմն» Եվգենի Կիրիլովը չի այցելել Ղարաբաղ` իր հայտնի զեկույցը գրելու ընթացքում, չէ՞ որ դրանով նա կզրկվեր «այդքան հարազատ» Ադրբեջան այցելելուց: Ինչեւէ, ԼՂՀ-ում մայիսի 23-ին կայացան խորհրդարանական ընտրություններ, եւ չնայած Բաքուն հանդես եկավ կոչով` ուղղված միջազգային կազմակերպություններին, առանձին երկրներին` չուղարկել դիտորդական խմբեր Ղարաբաղ, մի շարք երկրներից դիտորդներ Ղարաբաղի ընտրություններում կային: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ. «Այն անձինք` մասնավորապես Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ` Իգոր Չերնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշենկոն եւ Կոնստանտին Զատուլինը Ադրբեջանում ճանաչված են որպես «անցանկալի անձ». նրանց բոլորի մուտքն Ադրբեջան արգելված է: Մեր որոշումը կփոխվի միայն այն ժամանակ, երբ վերոհիշյալ անձինք կկարողանան ապացուցել Ադրբեջանին, որ իրենց մասնակցությունը Ղարաբաղի անջատողականների ընտրություններին լոկ սուտ եւ կեղծիք է»: Այս վերջինն, իհարկե, ոչ ոք չի կարող ապացուցել եւ չի էլ պատրաստվում այդպես անել, քանի որ եղելությունը փոխել անհնար է: Ավելինՙ ռուս վերոհիշյալ պատգամավորները Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի Միլի մեջլիսի «Ռուսաստան-Ադրբեջան բարեկամական խմբի» անդամների հետ, ոչ միայն «չեն հերքել» իրենց մասնակցությունը ընտրություններին, այլեւ հանդես են եկել կոչով. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի անդամ երկրներին` ընդունել այս ընտրությունների արդյունքները եւ քայլեր ձեռնարկել ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչելու ուղղությամբ: Ղարաբաղում մեզ անչափ ոգեւորեցին ընտրողների ակտիվությունն ու քաղաքացիական վերաբերմունքն առհասարակ»: Իր հերթին ադրբեջանցի պատգամավոր Վահիդ Ահմեդովը, իհարկե արտահայտելով դժգոհություն, այնուամենայնիվ նշել է. «Ռուս պատգամավորների մասնակցությունը ԼՂ ընտրություններին չպետք է սեպ խրի ռուս-ադրբեջանական պատգամավորական լավ հարաբերություններում»:
Այնպես որ, Ղարաբաղի անկախությունը, այնտեղ անցկացված ժողովրդավարական ընտրությունները (մասնակից դիտորդների գնահատականով-Հ. Ա.) նույնպես եղելություն են, այնպես, ինչպես արտասահմանցիների Ղարաբաղ այցելելու փաստերը: Այսքանից հետո հետաքրքրական է դառնում, թե դեռ որքա՞ն պետք է մեծանա Ադրբեջանի «սեւ ցուցակը». թերեւս այնքան, որքան Թուրքիայում կդատապարտվեն նրանք, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Հ. ԱՖՅԱՆ