Ռուսաստանի եւ Հայաստանի ներկա քաղաքական կյանքի բնորոշ յուրահատկություններից մեկը թերեւս այն է, որ երկու երկրներում էլ ըստ էության չկա իրական ընդդիմություն: Ասում ենՙ նորմալ դեմոկրատական պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց առողջ ընդդիմության, իբր այդ ուժը վերահսկում է իշխանության գործունեությունը, շտկիչ քայլերով խելքի կոչում նրան: Այսինքն, պետության ղեկավարը, փաստորեն ընդդիմության նկատմամբ պիտի տոգորվի ջերմ երախտագիտությամբ իր հանդեպ դրսեւորվող անկաշառ հոգատարության համար:
Թույլ տվեք չհամաձայնել այս հանրահայտ մտքին: Հազիվ թե, օրինակ, Մեդվեդեւի ու առավել եւսՙ Պուտինի սիրտը լցվի իրենց «անխնա» քննադատող ու կարգի հրավիրող Բորիս Նեմցովի հետ առնչվելիս: Կամ հայաստանցին երազի մեջ անգամ չի պատկերացնի, որ ներկայիս նախագահը գրկաբաց ընդունի... առաջին նախագահինՙ նրա մեջ տեսնելով իր վարչակարգի անսխալ գործունեության անխոնջ ջատագովի: Անշնորհակալ մարդիկ են այդ կառավարիչները:
Ինչո՞ւ Ռուսաստանում ոչ ոք չի լսում այդ նույն կրակոտ Նեմցովին, նախկին վարչապետ Կասյանովին, նախկին շախմատիստ Կասպարովին, ազգայնամոլ Լիմոնովին եւ սրանց նման այլ «տրիբունների» թե մունետիկների: Ո՞ւր են չքվել Յավլինսկին, Խակամադան: Ինչո՞ւ է օր օրի նվաղում հնամաշ ու հնաոճ կոմունիստների ազդեցությունը: Ո՞վ է բանի տեղ դնում զանազան «իրավունքների» աննկուն պաշտպաններ Ալեքսեեւային ու Կովալյովին...
Սակայն խոսքն այսօր այս «այսբերգների» մասին չէ: Կային նաեւ մի շարք ցաքուցրիվ անհատներ, որոնք եւս ծղրտուն աքլորների պես իրենց «կանչն» էին բարձրացնում անամոթ պուտինականների դեմ, որոնք ոչ մի կերպ չեն ուզում դառնալ արեւմտասեր (դեմոկրատ): Այս վերջինների մեջ իր օձի թույնով հատկապես աչքի է ընկնում երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը: Թվում էրՙ հակառակ կողմի համար սրանք սոսկ մարդուկներ են, որոնք ոչնչություն են «քարավանները» ճամփից շեղելու համար: Սակայն պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ:
Պետք է ընդունենք, որ Ռուսաստանում իշխող խավը շատ ավելի «նրբագեղ» է գործում իրեն չսիրողների դեմ: Եթե մեր արեւավառ Հայաստանում, այնուամենայնիվ, որոշ «հաստակող» ընդդիմադիրներ հայտնվում են մեկուսարաններում, ապա Կրեմլը դրա անհրաժեշտությունը չի տեսնում (Խոդորկովսկին բացառություն է, որովհետեւ նա ձեռնոց նետեց, ոչ, շպրտեց Պուտինի երեսին): Մոսկովյան մամուլում ու համակարգչաէկրաններին երեւացին... սեքսուալ նյութեր շենդերովիչական մակարդակի վեց հակակառավարական առաջամարտիկներիՙ խմբագիրների, մեկնաբանների, լրագրողների մասին: Բանն այն է, որ Մոսկվայում հայտնվել էր մի ֆոտոմոդելՙ Մումու կեղծանունով (իրականումՙ 21-ամյա գեղեցկուհի Եկատերինա Գերասիմովան), որն իր «առագաստն» էր հրավիրում հիշյալ տարաբախտներին, նրանց դարձնելով բնակարանը խճողած բազմադիրք, թաքնված տեսախցիկների դիտակետ: Համակարգչասերները այսօր կարող են գնահատել տեսաժապավենների հերոսների արական հմտություններն ու զմայլվել նրանց արտաամուսնական հառաչանքներով: Շենդերովիչը ճարահատյալ նույնիսկ գլուխ էր գովել, թե փոխարենը երջանիկ հնարավորություն է ունեցել հաստատելու իր տղամարդկային արժանապատվությունը:
Մամուլն աշխուժորեն քննարկում է այն հարցը, թե ո՞վ է «Մումուգեյթ» ծրագրի հեղինակըՙ Կրե՞մլը, ներկայիս «կագեբեականնե՞րը», կրեմլամետ երիտասարդական կազմակերպություննե՞րը, մասնավոր պահպանական գործակալություննե՞րը: Առայժմ ոչինչ հայտնի չէ: Արեւմտյան հրատարակություններից մեկը նույնիսկ սրտաճմլիկ տարակուսանք էր հայտնելՙ ինչո՞ւ է իշխանությունը խայտառակում «Մումուգեյթի» վեց զոհերին, եթե նրանցից եւ ոչ մեկին չի կարելի ակնհայտ սպառնալիք համարել Կրեմլի համար:
Սակայն ամեն ինչ պետք է հանգեցնել ռուսաստանյան ընդդիմության հիրավի կատարյալ ամլությանը: Չկա արժանի ընդդիմություն, որովհետեւ չկան նոր գաղափարներ, որոնք հուզեն մարդկանց, որոնց մեջ նրանք հեռանկար տեսնեն: Ամեն ինչ ավարտվում է իշխանությունների դատարկ քննադատությամբ, մեծամասնությունը չի հասկանում, թե ի՞նչ են նրանք ուզում, ի՞նչ միջոցներով, ո՞վ է նրանց ֆինանսավորում, ընդունա՞կ են նրանք իշխանավորելու: Ժողովուրդը նրանց գոյության մասին թռուցիկ հիշում է միայն աղմկահարույց փողոցային երթերի, մեծ ջանքերով հրահրված զանազան սկանդալների ժամանակ: Ո՞ւր են կառուցողական ծրագրերը; Քաղաքական դաշտի միակ հարձակողական խաղացողը Կրեմլն է: Բանը հասել է զավեշտի. Կրեմլն ինքն է ուզում, գոնե պարկեշտության համար, երկնել որեւէ աջակողմյան կուսակցության, սակայն չկան լիբերալ լիդերներ, թեկուզեւՙ լիդեր: Բարշեւսկի, Բոգդանով, Տիտով, Գոզման եւ այլքՙ որոնք ընդդիմության ծաղրանկարն են, որոնք լուրջ, երբեմն նույնիսկ ըմբոստ տոնով սոսկ տարտամ ու ծեծված մտքեր են արտահայտում, ոչ ավելին:
Բարվո՞ք է իրավիճակը Հայաստանում այդ առումով: Չգիտեմ: Ի տարբերություն Ռուսաստանի, այստեղ գոնե կա ինչ-որ հակակշիռՙ ընդդիմադիր մամուլը, որը մարդիկ կարդում են: Սակայն, մյուս կողմից, եթե Ռուսաստանում գժի պես չեն էլ սիրում իշխող երկյակին, ապա գոնե հարգում են նրանց:
Առնվազնՙ չեզոք են:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա