ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Վերջին ժամանակներում հայաստանյան երիտասարդությունը բավական ակտիվացել է: Երիտասարդական տարբեր կազմակերպություններ, պարզապես անհատներ իրենց մտահոգություններն են հայտնում տարբեր քաղաքական, հասարակական հարցերով, ինչը ողջունելի է: Երիտասարդությունը փորձում է առավել ակտիվություն ցուցաբերել երկրի կյանքի բոլոր ոլորտներում. նրանք պայքարում են «Ուսանողական այգու» համար, բողոքի երթ են կազմակերպում Վրաստանի դեսպանատան առջեւ` բարձրացնելով վիրահայերի իրավունքների պաշտպանության հարցեր, կազմակերպում են «Առանց ծխախոտի երթ», պայքարում են ասպիրանտուրայի տեղերի համար եւ այլն, եւ այլն:
Այս ամենը խիստ կարեւոր է, մանավանդ, եթե երիտասարդների արդար բողոքի ձայնը ստանա համապատասխան արդյունքներ: Սակայն ավելի կարեւոր է, թե ինչպիսի երիտասարդություն ունենք ընդհանուր առմամբ, ինչո՞վ են ապրում, ի՞նչ նպատակներ, որակներ ունեն: Այս ամենն ավելի կարեւոր է այն առումով, որ վերոհիշյալ ակտիվ երիտասարդությունը ընդհանուրի մի փոքրիկ մասն է ընդամենը. մեծամասնությունը «օպերաների» շրջակայքում է` բազմագույն, բազմագին մեքենաներով, սրճարաններում է` «զավզակ» խոսակցություններով, «բիսետկեքում» է` հերթական սիգարետը հանգցնելով ու հերթական անցնող աղջկա նոր զգեստը գնահատելով:
Ընդ որում, եթե կարծում եք, թե բուհական երիտասարդությունն այս մեծամասնության մեջ չէ, սխալվում եք. հայրենական բուհերը վաղուց արդեն դարձել են ավելի շատ բանակից որոշ ժամանակով ազատվելու (կամ ընդանրապես - Հ. Ա.) միջոց, կամ «հարմար փեսացու» ընտրելու, պարահանդեսային նոր զգեստը ցուցադրելու վայր, մեծ քաղաք տեսնելու, այնտեղ ապրելու հնարավորություն` հատկապես մարզերի օրիորդների ու պատանիների համար: Ահա` մեր երիտասարդության մեծամասնությունը: Հետեւաբար ամենեւին էլ զարմանալ պետք չէ, երբ ասպիրանտուրայի տեղերի համար պայքարող երիտասարդները հիմնականում տղաներ են, չէ՞ որ ասպիրանտուրայով նրանք վերջնականապես ազատվում են բանակից, ի՞նչ է, աղջիկները չե՞ն ցանկանում գիտնական դառնալ, մեծամասնությունը, թերեւս` ոչ, քանի որ, ինչպես արդեն վերը նշեցինք, նրանցից շատերը բուհում են «հարմար փեսացու ընտրելու» համար:
Անշուշտ այս վերջին պարագայում պատճառ է նաեւ հայկական մենթալիտետը` «կնոջից ի՞նչ գիտնական, ինչ սովորել ես` հերիք է»: Ամենայն հավանականությամբ հենց այս մեծամասնության առկայությունն է պատճառը, որ ակտիվ երիտասարդների մտահոգությունները լայն արձագանք չեն ստանում, փոխարենը «շատերը» հեգնանքով են վերաբերում այդ նախաձեռնություններին, մտահոգություններին` «Իբր ի՞նչ կարող եք անել որ»: Այնինչ կարող ենք անել շատ բան, կարող ենք, եթե մեծամասնությունը դառնանք մենք, ոչ թե այօրվա մեծամասնությունը, կարող ենք, եթե հայրենասիրությունը չմնա «խնդալու բան», ոչ էլ պարզապես գաղափար, այլ ամենօրյա աշխատանք, կարող ենք, եթե չտարվենք «ռուսաստաններով, ամերիկա-եվրոպաներով», այնտեղի բարքերով, որոնց գրեթե բոլորին ծանոթ չէ «մեծամասնությունը», բայց ծանոթ չլինելով էլ` ձգտում է: Կարող ենք, եթե չմոռանանք մեր հերոսամարտերն ու հերոսներին, ու հիշենք, թե, օրինակ, ի՞նչ օր է այսօր: Երեւանի փողոցներում` հատկապես բուհերի բակերում, 20 ուսանողների միջեւ անցկացրեցինք հարցում` ի՞նչ օր է մայիսի 28-ը: Հարցվածներից ընդամենը 4-ը նշեց` «Առաջին հանրապետության օր», եւս 7-ը ասացին` «Հայաստանի անկախության օր», մնացած 9-ի պատասխանները «ուրբաթ ա, ապեր» ոճի մեջ էին:
Ահա մեր երիտասարդության` ընդ որում բուհական երիտասարդության պատկերը, որը, ճիշտ է, ոչ մի կապ չունի ակտիվների հետ, բայց եւ մեծամասնություն է, հետեւաբար ավելի կարող: Մենք հարցում անցկացրինք նաեւ ավարտական կուրսերի որոշ տղա ուսանողների հետ, թե ցանկանո՞ւմ եք ծառայել հայկական բանակում: Այստեղ պատկերը առավել խայտառակ է` «Խի պտի ծառայեմ, որ, իմ կյանքից իզուր էրկու տարի է էթում, նույն ժամանակում ես կարամ շատ բաների հասնեմ», ահա հիմնական պատասխանը: «Երեւի չծառայեմ, որովհետեւ մտադրվել եմ ասպիրանտուրա ընդունվել, ուզում եմ խորանալ գիտության մեջ, ի՞նչ է, սա բանակում ծառայելուն հավասարազոր չէ՞», կային նաեւ այսպես պատասխանողներ: Սակայն մենք գտանք մեկ հոգու, որ նշեց. «Անպայման ծառայելու եմ, իմ ընտանիքում` հայրս, հորեղբայրս, քեռիս, նույնիսկ երկու պապիկներս չեն ծառայել բանակում. այն ժամանակ բարձրագույնավարտները միայն հատուկ պատրաստություն էին անցնում, բայց ես հստակ որոշել եմ` ծառայելու եմ, ոչ միայն այն պատճառով, որ պարտքս է հայրենիքին, այլ, որ միայն բանակում ծառայած լինելն է քեզ հնարավորություն տալիս անցնելու նախընտրածդ աշխատանքին, որեւէ խնդրի առաջ չկանգնել Հայաստանից մեկնելիս ու առհասարակ` փաստաթղթերի հետ կապված», ասաց ուսանող Հարությունը:
Կարելի է շատ պատճառներ նշել, թե ինչո՞ւ պետք է խուսափել այսօրվա բանակից, բայց, որ այդ երկու տարին «իզուր» չի կարող անցնել, փաստ է, որ բանակում հայ տղան սովորում է ինքնուրույնություն, սովորում է որոշումներ կայացնել, հանդիպում է բազմաթիվ դժվարությունների եւ սովորում է հաղթահարել դրանք, նույնպես փաստ է, իսկ որքա՞ն կարեւոր է այս ամենը յուրաքանչյուր տղամարդու համար, այդ թվումՙ նրա, որը «բիսետկում» նստած մտածում է` «նարդի քցե՞նք, թե՞ գնանք` Էդոյենց տուն», կամ նույն այն տղաների, որոնք պահանջում են չկրճատել ասպիրանտուրայի տեղերը: Բոլորովին չպաշտպանելով ասպիրանտական տեղերի կրճատումը, փաստենք` գիտության իսկական նվիրյալը երբեք չի կարող մոռանալ իր կոչումը, եւ ինչպե՞ս պետք է մարդը դառնա, օրինակ, ռազմական հոգեբանության դոկտոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու` բոլորովին ծառայած չլինելով բանակում: Հայրենասիրության կոչերով այն փոքրաթիվ երիտասարդները պետք է լավ իմանան, որ բանակն այն հիմնական օղակն է, որտեղ հայրենասիրության մասին չի խոսվում, այլ արվում է, ինչպես նաեւ այն, որ իրենց շարքերում էլ կա «մեծամասնություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց հետ` պարզապես ցանկանում են դառնալ «գիտնական», «բա հո իզուր չեն վատնելու երկու տարի իրենց կյանքից»: