«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ՆՈՐ ԽՈՍՔ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ամեն անգամ ընթերցողին հաճելիորեն զարմացնում եւ ոգեւորում են հայտնի պատմաբան Վալերի Թունյանի անխոնջ աշխատասիրությունը եւ նվիրվածությունը հայագիտությանը: Հրապարակին է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանի «Երիտթուրքերը եւ Հայկական հարցը» մատենաշարի նոր գիրքը (ռուսերեն), որը գիտական կարեւոր արժեք ունի: Մենագրության կարեւորությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, 1982-1983 թթ. լույս տեսած Ջ. Կիրակոսյանի հայերեն «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր եւ 1986 թ. ռուսերեն հակիրճ թարգմանությունից հետո, հայկական պատմագրության մեջ բացակայում էին նման գիտական ուղղվածության աշխատությունները: Վ. Թունյանի մենագրության մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացված աշխատանքը թեմատիկ առումով մի ամբողջական ավարտուն գործ է: Այն հնարավորություն է տալիս բացահայտելու երիտթուրքերի վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ իշխանության լծակների վրա գտնվելու ողջ ժամանակահատվածում: Երրորդ գործոնը կապ ունի հետազոտության արդիականության հետ, երբ թուրքական դիվանագիտությունը սահմանների բացման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրության ընդունման հետ կապված փորձում է ճնշում գործադրելՙ նպատակադրում ունենալով պատմական մոռացության մատնել Հայկական հարցը եւ հայ ժողովրդի ցեղասպանության մասին պատմահիշողության ողջ համակարգը:

Թունյանի աշխատանքի առաջին մասն ընդգրկում է երիտթուրքերի իշխանության գալուց եւ 1910 թ. Սալոնիկի ծրագրի ընդունման պահից մինչեւ հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով Հայկական հարցի վերացման ժամանակահատվածը: Երկրորդ մասը շոշափում է 1912-ի օգոստոսից մինչեւ 1914-ի նոյեմբերի հիմնախնդիրները, երբ երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությանը չհաջողվեց խոչընդոտել Հայկական հարցի տրանսֆորմացիայինՙ ներօսմանական խնդրից արտաքին քաղաքականի: Հայկական հարցի խլացման համար երիտթուրքերը հուլիսի սկզբին կազմակերպեցին Ռոդոստոյի եւ Մալագրայի հայերի բնաջնջումը որպես նախազգուշացում առաջատար պետություններինՙ չմիջամտելու ներքին գործերին, ունենալով դիտարկման սեփական անկյունակետըՙ «Չկան հայերը-չկա Հայկական հարցը»: Առաջին աշխարհամարտի սկիզբը երիտթուրքերին հնարավորություն տվեց 1914-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, պետական մակարդակով, ձեռնամուխ լինելու հայկական հարցի լուծմանըՙ ստեղծելով ցեղասպանության իրագործման մեխանիզմ. կենտրոնական կառավարություն-«Իթթիհադի» գործադիր կոմիտե-«Հատուկ կազմակերպություն»-աջակցության ուժեր-արտաքսում-ոչնչացում: Ձեւավորվեց «Իթթիհադի» հանցագործ համագործակցություն Օսմանյան Թուրքիայի կառավարության հետՙ Հայկական հարցը լիկվիդացնելու համար:

Հետազոտության երրորդ մասն ընդգրկում է 1914-ի նոյեմբերից մինչեւ 1916-ի փետրվարը: Այս հետաքրքրական աշխատանքը գրված է դիվանագիտական նյութերի եւ գերազանցապես համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցներիՙ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Իտալիայի, մինչեւ 1916-ի գարունը չեզոք ԱՄՆ-ի, անգլիական «Կապույտ գրքի» եւ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությունների հիման վրա: Աշխատանքում հմտորեն օգտագործված են ժամանակակիցների, այդ թվումՙ ամերիկյան դեսպան Հ. Մորգենթաուի եւ Կ. Պոլսի Զավեն պատրիարքի հիշողությունները:

Հայեցակարգային տեսանկյունից Թունյանը բացահայտում է, որ ցեղասպանությունը, որպես Հայկական հարցի վերացման քաղաքական գործընթաց, իրագործվել է տարբեր կառուցվածքների միջոցով. բարձրագույն կառավարական մակարդակը ներկայացնում էին Մինիստրների խորհուրդը եւ Օսմանյան պառլամենտը, պրովինցիալ եւ կուսակցական մակարդակըՙ ուժային կառույցների եւ կուսակցական ակումբների ձեւով: Հայկական հարցի վերացման գաղափարախոսական գործընթացը կյանքի էր կոչվել «Իթթիհադի» կենտրոնական կոմիտեի միջոցով, իսկ օրենսդրականըՙ Մինիստրների խորհրդի, գործադիր պահըՙ ուժային կառույցների, ներքին գործերի նախարարության եւ զինված ուժերի, ազգային անվտանգության կոմիտեի, «Հատուկ կազմակերպության», ժանդարմերիայի, բանակի եւ կամավորական կազմակերպությունների միջոցով: Մասսայական ինֆորմացիայի միջոցները ներքին եւ արտաքին օգտագործման համար մոդելավորում էին թշնամական հայի կերպարՙ հայկական դավադրություն, ապստամբություն, դավաճանություն եւ մատնություն, զինված բախումներ, բռնություններ մուսուլմանների նկատմամբ, գործունեություն ընդդեմ օսմանյան Թուրքիայի եւ համագործակցություն Ռուսաստանի հետ:

Աշխատանքում ցույց է տրված, որ հայկական քաղաքական ուժերի «խելամիտ քաղաքականության» հայեցակարգը, որը ենթադրում է օսմանյան Թուրքիայի նկատմամբ լոյալ քաղաքական կուրսի անցկացում եւ չափազանց մեծ զգուշավորություն օսմանյան Թուրքիայի ղեկավարության հետ հարաբերություններում, սնանկ դուրս եկավ: Թունյանի մենագրությունում ցույց են տրված գերմանական դիվանագիտության ջանքերը կանխարգելելու հայկական ապստամբությունըՙ 1914-ի վերջնամասից մինչեւ 1915-ի հունիսը, որը հայտարարել էր, որ «հայկական քթից մի կաթիլ արյուն անգամ չի ընկնի»: Անտանտի երկրների ջանքերըՙ իրադարձությունների ընթացքը փոխելու ուղղությամբ, անարդյունավետ դուրս եկան, ինչպես դիվանագիտական, այնպես էլ կռվի դաշտում:

Հետազոտության մեջ ցույց են տրված Հայկական հարցի ոչնչացման ուղղությամբ ձեռնարկված համալիր գործողություններՙ պոլիցիդ, տնտեսական ցեղասպանություն, ապատեղեկատվական գործառույթներ, հրաժարում հումանիտար օգնությունից, հայերի արտաբնակեցման (վտարում, գաղթում) չթույլատրում, չեզոք երկրների ներկայացուցիչներին երիտթուրքերի կողմից երկակի քաղաքականության իրականացում: Այդ ամենը թույլ է տվել Թունյանին արդարացիորեն որոշակի գնահատման ենթարկել երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության շովինիստական քաղաքականությունըՙ այն բնութագրելով որպես ֆաշիզմՙ թուրք-մուսուլմանական քաղաքականության հիման վրա, որպես հանցագործ տոտալիտար ռեժիմի արդյունք:

Ըստ այդմ, Թունյանի կողմից հայ ընթերցողին ներկայացված ուշագրավ այս աշխատանքը գիտական շրջանառության մեջ է մտցրել զգալի քանակի նյութ օսմանյան Թուրքիայի Հայկական հարցի վերացման եւ հայ ժողովրդի ցեղասպանության գծով դաշնակիցների գործունեության վերաբերյալ: Այս ամենն էլ հենց հնարավորություն է տվել Թունյանին մեկ անգամ եւս անհերքելիորեն եւ փաստացի ցույց տալու օսմանյան Թուրքիայի եւ կայզերական Գերմանիայի հանցագործ միասնականությունը պատմական Հայաստանի բնիկներինՙ հայ ժողովրդին ոչնչացնելու գործում:

Ցանկալի է, որ հեղինակն իր աշխատանքի եզրափակիչ մասը եւս տա հայ ընթերցողինՙ հասցնելով մինչեւ երիտթուրքերի կառավարման վերջին տարիները (1916-1918 թթ..):

Կարելի է որպես բարեմաղթանք նշել, որ բազմավաստակ գիտնականի, պատմական գիտությունների դոկտոր Վալերի Թունյանի երիտթուրքերին եւ Հայկական հարցին նվիրված ողջ գրքաշարը լավ կլիներ նաեւ հայերեն մատուցել ընթերցողինՙ որպես այդ բնագավառում արժեքավոր պատմաքննական հետազոտություն:

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4