Բեյրութում լույս տեսնող գրական-մշակութային «Կամար» հանդեսը թողարկել է 10-րդ համարը, որի խմբագրական ներածականը ժամանակի նոր զարգացումների մեջ փորձում է ճշտել գրատպագրության, գրի մշակույթի տեղը եւ ժամանակակից մարդուՙ դրա հանդեպ ունեցած փոփոխությունների կորագիծը:
Տնտեսական տագնապի ներկա օրերում տեղեկատվական-վիճակագրության մի փաստ գրավել է «Կամարի» ուշադրությունը: Ամերիկյան հասարակության մեջ, օրինակ, նվազագույնի հասցված մշակութային-զվարճանքային բնույթի նախասիրությունների ծախսերը չեն տարածվում գրքի առեւտրի վրա. ԱՄՆ յուրաքանչյուր 5 քաղաքացուց 3-ը գիրք է գնում: Երեւույթն ակամա համեմատության մեջ է դրվում հայաստանյան նմանաբնույթ իրողության հետ: ՀԳՄ նախագահի խոսքերով, հայաստանցիների 70 տոկոսը գիրք չի կարդում: Պատճառները տնտեսականից մինչեւ պահանջարկ ու գրքի մարկետինգ, գովազդ եւ այլն կարող են լինել, սակայն փաստ է, որ հատկապես գեղարվեստական գրականությունը ընթերցողական լայն պահանջարկ չունի, գրողի ու ընթերցողի կապը խզված է: Երեւույթի առիթով «Կամարի» մտահոգությունների շառավիղը տարածվում եւ ներառում է այլ խնդիրներ նաեւՙ Հայաստան-սփյուռք գրական մշակութային կապեր, սփյուռքահայ գրողին եւ նրա ստեղծագործությունը Հայաստանում տարածել, ճանաչելի դարձնել եւ այլն:
Զարմանալի է, բայց գրափոխանակման պարզ մեխանիզմներն անգամ չեն գործում Հայաստան-սփյուռք կապերի միջեւ: Իսկ խոսքը ոչինչ է, եթե գործնականում չի արդյունավորվում: «Կամարի» այս եւ նախորդ համարները խմբագրությունն ստացել է անհատական ճանապարհով:
Ընթերցանության ինչպիսի տեսականի է առաջարկում այս «Կամարը». գրական-գեղարվեստական բաժինը ներկայացնում է սփյուռքի եւ Հայաստանի ծանոթ ու անծանոթ անուններ: Արձակ գործերում հիշատակելի է Նորայր Ադալյանի «Կտակը» պատմվածքըՙ ժամանակակից մարդու բարոյական այլասերման մի արտահայտություն, նյութապաշտությունից խեղաթյուրված հոգեբանություն ու վարքաբանություն, որ մետաստազների պես տարածվում է հասարակության ողջ օրգանիզմով, վարակելով գրեթե բոլոր խավերը, երբ մարդկային, նախնական իմաստով պարզ, բարոյակերպ հարաբերությունները քայքայում եւ վերածում են հասարակությունը խեղկատակների անմիտ ու թուլակամ բազմությանՙ Մադամ Կարոների սեթեւեթանքներից, տիկին Գոհարների ծեքծեքումներից, ընտանեկան վարորդ-երկնագույն Բենոներից մինչեւ նոտար, քահանա ու լրագրող. բոլորը նույն այլասերվածության կնիքով են, մի բան, որը հեղինակի իրոնիկ հնչերանգի, պատմվածքի ներքին սարկազմի մեջ ավելի է ընդգծվում:
Արա Արծրունու «Հետքե՜րը» մարդկային գոյության առեղծվածի, կյանքի իմաստի, նախաճանապարհի ու դրա շարունակության լաբիրինթոսում գլխավոր փորձությանՙ ընտրության մասին խոհ-մենախոսություն էՙ ճանաչողության եւ ճշմարտության որոնման խաչմերուկներում մարդու թողած տարատեսակ հետագծերի շուրջ:
Համարի էջերում տեղ են գտել նաեւ Սարգիս Կիրակոսյանի, Նորայր Ինճեճիկյանի, Կամիլայի, Ջորջ Աբելյանի, Խաչիկ Տետեյանի եւ ուրիշների գործեր:
Հրաչյա Թամրազյանի պոետական աշխարհը կառուցվում է ժամանակի սեփական չափումների ու սահմանների մեջ, արարվող խոսքի սեփական նյութիցՙ լսելի դառնալով լռության ձայնին, «բարձրացող ահեղ ստին» հակադրելով տիեզերական անխառն տեսիլքը:
Համարի բովանդակային ավելի ուշագրավ նյութերը արվեստի, գրականագիտության եւ գրախոսության բաժիններում են զետեղված: «Կամարի» նախորդ համարում Պեպո Սիմոնյանն անդրադարձել էր բեյրութահայ մշակութային կյանքում գնահատելի վաստակ ու հետք թողած ամենաինքնատիպ մտավորականներից Գրիգոր Շահինյանին: Հրապարակման Բ հատվածում հեղինակը ներկայացնում է «Ահեկան» գրական-մշակութային հանդեսի հիմնադրման մեջ Շահինյանի ներդրած ջանքերը, նրա սկզբունքները, մոտեցումները: Լիբանանահայ մշակութային կյանքի 1966-ականների վերելքի տարիների ծնունդ է «Ահեկանը», որն արժանորեն արտացոլեց ժամանակի գրական-գեղարվեստական իրողությունները: Հեղինակը նշում է «Ահեկանի» դերն ու նշանակությունըՙ որպես համահայկական մտահոգությունների արտահայտողի, որպես հանդիսավայր երիտասարդ եւ մշակութային ձգտումների, որպես հայելի սփյուռքահայ, հատկապես լիբանանահայ հոգեւոր կյանքի, անուրանալիորեն բաց «մտքի եւ արուեստի ժամանակակից հոսանքներու առաջ»:
Որպես արդի պոեզիայի առանձնահատկություն, Հովիկ Մուսայելյանն ընդգծում է առօրյա փաստի ներմուծումը գեղարվեստական խոսքի տարածք, երբ աննշան թվացող իրն ու երեւույթը գեղագիտական արժեք են ստանում հեղինակային անհատական ընկալումների մեջ: Այս ենթատեքստում է նա բացում Արտեմ Հարությունյանի պոեզիան, երբ փաստը, իրողությունը դուրս գալով ներկայի եւ անցյալի հավասարակռության սահմանիցՙ մտածողական ազատության մեջ մշակված, նոր որակ, նոր իմաստ են ձեռք բերում:
Ժամանակակից հայ կերպարվեստի զարգացումների մեջ անուրանալի են Շահեն Խաչատրյանի եւ Պողոս Հայթայանի տեսական ու գործնական ներդրումները: Շահեն Խաչատրյանի համար նկարչությունը եղել եւ շարունակում է մնալ բովանդակ կյանքի իմաստ, քիչ է ասել նվիրում, այլ սիրո մի աշխարհ, որտեղ Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը եւ Մինաս Ավետիսյանը եղել են իր ստեղծագործական կյանքի հարստությունը:
Վերջերս արվեստասեր հասարակությանը ներկայացված նրա Հովհ. Այվազովսկու ալբոմը հանճարեղ ծովանկարչի ազգային պատկանելության, ծագման, ստեղծագործական ու կենսագրական էջերի նոր ու կարեւոր տեղեկություններով է ուշագրավ: Հանդեսում ներկայացված է Այվազովսկու կյանքի ու ստեղծագործության մասին Շ. Խաչատրյանի ամբողջական հրապարակումը:
Անցած տարի լրացավ հայ ժամանակակից նկարչության ամենաինքնատիպ վարպետներից մեկիՙ Ռուբեն Ադալյանի ծննդյան 80-ամյակը: Նկարչական ամենատարբեր ձեւերի, ժանրերի, ուղղությունների մեջ ազատ տեղաշարժվող, ժամանակի մեջ դինամիկ փոփոխվող, սակայն իր անհատական ձեռագրով անշփոթելի Ռ. Ադալյանի բազմածալ արվեստին է անդրադառնում Պողոս Հայթայանի «Հոգեւոր խրախճանքի հետագիծը» հոդվածը:
Գրախոսության բաժնում զետեղված է Պարույր Աղբաշյանիՙ հայ հրապարակագրության մասին խորհրդածություն-արձագանքը, ի մասնավորիՙ Մեթր Գասպար Տերտերյանի ծննդյան 75-ամյակի եւ նրա վերջին հրատարակությանՙ «Հայեացք ու կեցուածք» հատորի առիթներով:
Ժամանակի պղտոր ու գաղջ հոսանքներում, որքան էլ մտքի ու մշակույթի նահանջներին, ըստ հոդվածագրի, շարունակում են գործել իրենց կոչումի ու առաքելության տեր մտավորականներՙ ենթարկվելով համաժամանակյա չափանիշներին, խղճի օրենքներին: Նմանների շարքում է Գասպար Տերտերյանը, որի վերջին հատորին եւ դրա վեց հիմնական բաժիններին առանձին-առանձին անդրադառնում է հոդվածագիրը, յուրաքանչյուր շերտի մեջՙ Հայոց ցեղասպանություն, թե համաշխարհայնացում, լիբանանյան բազմահամայնքային համակարգ եւ սիոնիստական սպառնալիք, եկեղեցի-պետություն հարաբերություն, թե բարոյամշակութային, իրավաքաղաքական բնույթի խնդիրներ լինեն, ժամանակային յուրաքանչյուր փոփոխության մեջ առաջնային է համարում ազգային նկարագրի ամբողջականության պահպանումը:
«Կամարի» երկու ընդարձակ հրապարակումներն առանձնանում են քննադատական ուղղվածությամբ. առաջինըՙ Երեւանում լույս տեսած «Լեւոն Հախվերտեանի եւ Արմէն Յարութիւնեանի նամակագրական երկխօսութիւնը» հատորի առիթով հանդեսի գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանի բավականին մանրամասն դիտարկումներն ենՙ գրքի տեխնիկական (էջադրում, տպագրություն) եւ խմբագրական (ծանոթագրություններ) աշխատանքների վրիպակներին վերաբերող (կարծում ենք, այսպես բծախնդրորեն եւ մանրամասնություններով ընթերցողին ծանրաբեռնելը շահեկան չէ ո՛չ գրախոսվող գրքի կազմման, ո՛չ էլ քննադատության առումով):
Հաջորդ քննադատության հեղինակը «Կամարի» աշխատակից Արմենակ Եղիայանն է, որի բաց նամակըՙ «Ազդակ-գրականին» անդրադառնում է սույնի էջերում տեղ գտած հատկապես լեզվա-ուղղագրական անճշտություններին («Ազդակը» մերժել է նախապես իրեն հղված այս նամակի տպագրությունը):
Եվ վերջին բաժինըՙ գրական-մշակութային անդրադարձի էջերն են, որոնք տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանում եւ «Լեւոն Շանթ» մշակութային կենտրոնում արձակագիր Ռուբեն Հովսեփյանի 70-ամյակին նվիրված միջոցառումների, բեյրութահայ գեղանկարիչներ Հրաչ Այնթապլյանի ցուցահանդեսի եւ Գրիգոր Նորիկյանին «Սուրբ Մաշտոց» շքանշանով Արամ Ա կաթողիկոսի պարգեւատրման մասինՙ «Կիւլպենկեան» սրահում, նաեւՙ հայ գրականության կորուստներիՙ Հովհաննես Մելքոնյանի, Անահիտ Սահինյանի, Հրաչյա Բեգլարյանի եւ Սոնա Խտըշյանի մահվան լուրերը:
Հանդեսի նկարչական գեղարվեստական ներկայությունն ապահովում են Հովհ. Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Ռուբեն Ադալյանի, Գրիգոր Նորիկյանի, Թենի Վարդանյանի, Վահան Ռումելյանի, Այվազ Ավոյանի եւ Ալբերտ Հակոբյանի աշխատանքների վերատպությունները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ