Պատանիները` ժողովրդավարական գործընթացի մասնակից
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Օրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա» ծրագիրը, որի նպատակն էր 15-16 տարեկան պատանիներին ներգրավել ժողովրդավարական գործընթացների մեջ, բարձրացնել նրանց քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը, նաեւ նպաստել մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հաշվետու լինելու մշակույթի ձեւավորմանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում իրականացված ծրագրի ավարտին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպվել էր այս նախաձեռնության շրջանակներում նկարահանված չորս կինոպատումների ցուցադրությունը: Դրանց հեղինակները` շարադրությունների եւ հարցազրույցի փուլերով նախապես կազմակերպված մրցույթում հաղթած գյումրեցի դպրոցականներ Բելլա Հարությունյանը, Արաքս Մանուկյանը, Արտակ Խաչատրյանը եւ Վահագ Թադեւոսյանը, վանաձորցի դպրոցականներ Էլիզա Սարգսյանը եւ Ժաննա Բաղումյանը, անպաճույճ, գեղեցիկ ու բովանդակալից կինոլեզվով վեր էին հանել իրենց քաղաքների առանձին խնդիրներ, իրենց կողմից կամ ներգրավված զրուցակիցների միջոցով արել հարցադրումներ դրանց լուծման վերաբերյալ:
Ցուցադրված կինոպատումները ջերմությամբ ընդունվեցին ներկաների կողմից, իսկ դրանց հեղինակներին հանձնվեցին վկայականներ ու փոքրիկ նվերներ: Միջոցառմանը ներկա էր մեր երկրում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Ցուցադրումից հետո Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպված հանդիպման ժամանակ պրն դեսպանը, հաճելի համարելով կատարված աշխատանքը այս երեխաների հետ, կարեւոր համարեց իշխանություններին միշտ հասարակությանը հաշվետու պահելը, ինչը սովորաբար իրականացվում է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության եւ այլ միջոցներով: Կոնկրետ այս ծրագրի նպատակներից մեկը, ինչպես նշեց դեսպանը, երեխաներին քաղաքացիական հմտություններ եւ որոշակի վստահություն հաղորդելն էր, որ կարող են հարցեր առաջ քաշել ու հասնել արդյունքի:
Գ. Մ.