Սակայն նրանք ի զորու են պահպանել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը
Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանը շախմատային հզոր գերտերություններից մեկն է: Մեր շախմատիստներն իրենց փայլուն մրցելույթներով մեկ անգամ չէ, որ հաստատել են դա: Միայն այն փաստը, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային վերջին երկու օլիմպիադաներում հաղթող ճանաչվեց, արդեն վկայում է մեր շախմատային ներուժի, թիմային ոգու ու միասնականության մասին:
Սարերի հետեւում չէ շախմատային հերթական օլիմպիադան: Արդեն սեպտեմբերին հայ շախմատիստներին հարկ կլինի Խանտի Մանսիյսկում 2-րդ անգամ պաշտպանելու օլիմպիական չեմպիոնի իրենց տիտղոսը: Հայտնի ճշմարտություն է, որ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը, առավել եւս 2-րդ անգամ անընդմեջ: Իհարկե, կասկածից վեր է, որ մեր շախմատիստներն այս անգամ էլ կգործեն մեկըՙ բոլորի, բոլորըՙ մեկի համար սկզբունքով եւ իրենց ողջ կարողություններն ու շախմատային տաղանդը կօգտագործեն կրկին ոսկե մեդալներին արժանանալու համար: Սակայն վերջին շրջանում մեր շախմատիստների ոչ բարձր արդյունքները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս: Եվ դա չի կարող չանհանգստացնել շախմատասերներին ու մարզաձեւի մասնագետներին:
Սկսենք մեր հավաքականների մրցելույթներից: Շախմատի տղամարդկանց հավաքականը, որ բազմիցս մրցանակակիր էր դարձել աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններում, այս անգամ տուն վերադարձավ ձեռնունայն: Անցած տարվա հոկտեմբերին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում մեր շախմատիստները 9 տուրերում վաստակած 13 միավորով զբաղեցրին միայն 4-րդ տեղը: Ճիշտ է, հայ շախմատիստները միայն բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով բրոնզե մեդալները զիջեցին ուկրաինացիներին: Միակ սփոփանքն այն էր, որ Հայաստանի հավաքականը հաղթել էր բոլորի համար անսպասելիորեն Եվրոպայի չեմպիոն հռչակված Ադրբեջանի շախմատիստներին: Դա մրցաշարում ադրբեջանցիների միակ պարտությունն էր: Հարեւան երկրի այդ աննախադեպ հաջողությունն, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել մեր շախմատիստներին, որոնք խոստացել էին կորցրածը հետ բերել այս տարվա հունվարի սկզբին Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած աշխարհի թիմային առաջնությունում:
Սակայն Թուրքիայում մեր հավաքականն ավելի վատ հանդես եկավՙ 10 թիմերի մեջ գրավելով 5-րդ տեղը: Ավելին, մեր շախմատիստները 1,5-2,5 հաշվով պարտվեցին ադրբեջանցիներին: Անսպասելի էր նաեւ մեր թիմի պարտությունը հույներից (1-3), ինչը Հայաստանի հավաքականին զրկեց 2-րդ տեղից: Այս անգամ էլ Ադրբեջանի հավաքականն առաջ անցավ հայերիցՙ գրավելով 4-րդ տեղը:
Այժմ անդրադառնանք մեր առանձին շախմատիստների ելույթներին: Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանին ընթացիկ մրցաշրջանում դեռ չի հաջողվել հաղթող ճանաչվել որեւէ մրցաշարում: Նա առավել հաջող հանդես եկավ փետրվարին կայացած Լինարեսի մրցաշարումՙ 6 մասնակիցների մեջ գրավելով 3-րդ տեղը: Իսկ ահա մարտին Նիսում անցկացված «Ամբեր» մրցաշարում, որում նախորդ 2 տարիներին հաղթող էր ճանաչվել, Արոնյանը պարզապես անճանաչելի էր դարձել: Նա 12 մասնակիցների մեջ 22 հնարավորից վաստակելով ընդամենը 11 միավոր, զբաղեցրեց 9-րդ տեղը:
Ավելի անմխիթարական են Վլադիմիր Հակոբյանի ելույթները: Օրերս Աստրախանում անցկացված Գրան պրիի մրցաշարում մեր ամենափորձառու գրոսմայստերներից մեկը չափազանց անհաջող հանդես եկավՙ եզրափակելով աղյուսակը; Հիշեցնենք, որ նա վերջին տեղում էր հայտնվել նաեւ Էլիստայում անցկացված Գրան պրիի մրցաշարում: Ջերմուկում էլ Վլադիմիրը 14 մասնակիցների մեջ 12-րդն էր: Նա միայն հաջող խաղաց Նալչիկումՙ 2-3-րդ տեղերը բաժանելով Պետեր Լեկոյի հետ: Կայուն մրցելույթներով աչքի չընկան նաեւ մեր հավաքականի մյուս անդամները:
Բոլորին է հայտնի, որ մեր շախմատիստուհիները զգալիորեն զիջում են հայ շախմատիստներին: Հավաքականում 4 խաղատախտակներից միայն 2-ի վրա ունենք ուժեղ շախմատիստուհիներ հանձինս Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի: Սակայն ցավոք մեր երկու առաջատար շախմատիստուհիներն էլ վերջին շրջանում զգալիորեն զիջել են դիրքերը եւ թույլ ելույթներ են ունենում: Ասվածի վկայությունը վերջերս Նալչիկում անցկացված կանանց Գրան պրիի խաղարկությունում մեր շախմատիստուհիների ցուցանիշներն են: Էլինան շատ անհաջող խաղաց: Նա 11 հնարավորից վաստակեց ընդամենը 1,5 միավոր եւ եզրափակեց աղյուսակըՙ այդպես էլ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը: Լիլիթ Մկրտչյանն էլ իր հնարավորություններից ցածր հանդես եկավՙ 5 միավորով գրավելով 9-րդ տեղը:
Ճիշտ է, Հայաստանի կանանց հավաքականը համեմատաբար հաջող մրցելույթներ է ունեցելՙ աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններում գրավելով 5-րդ տեղը:
Իհարկե, մինչեւ օլիմպիադայի մեկնարկը դեռ ժամանակ կա եւ հուսով ենք, որ մեր շախմատիստներն այն կօգտագործեն պատշաճ ձեւով տարվա գլխավոր շախմատային իրադարձությանը ներկայանալու համար: Եվ չնայած վերջին շրջանի անհաջողություններին, հավատում ենք, որ մեր ընտրանին ի զորու է պաշտպանելու օլիմպիական չեմպիոնի իր տիտղոսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ