Մոսկվայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ենթախմբի վերջին խաղում 1-3 հաշվով պարտվեց Կոնգոյի թենիսիստուհիներին: Վերջիններս ազգությամբ չինացիներ են, որոնք ընդունելով Կոնգոյի քաղաքացիություն, հանդես են գալիս այդ երկրի դրոշի ներքո: Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը: Խմբի հաղթող ճանաչվեց Կոնգոյի ընտրանին (10 միավոր), 2-րդ տեղը գրավեց Շվեյցարիայի հավաքականը (9): Հայ թենիսիստուհիները պայքարը կշարունակեն 61-73-րդ տեղերի համար:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը թեեւ վերջին խաղում 3-0 հաշվով հաղթեց Մալավիի ընտրանուն, բայց խմբում գրավեց 2-րդ տեղը: Խմբի հաղթողը Բահրեյնի հավաքականն է: Այժմ մեր թենիսիստները պայքարելու են 73-88-րդ տեղերի համար: Առաջին մրցակիցը Պարագվայի ընտրանին է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ