Աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է տեղի Հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, պատմաազգագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ հարավային դաշնային շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը նշել է հայ-ռուսական ավանդական հարաբերություններում Ռոստովի հայերի հարուստ ավանդույթը շարունակելու կարեւորության մասին:
Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին, Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին ու արձանագրություների սառեցմանը: Նախագահը նշել է, որ դրա պատճառը Թուրքիայի անպատրաստությունն է վավերացնելու արձանագրությունները: «Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելինՙ նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի», նշել է Սարգսյանը:
Նախագահի խոսքերովՙ «Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որը պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք... Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ»:
Ա. Հ.