«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2010-06-01 | #100, 2010-06-02 | #101, 2010-06-03


ՋԱՎԱԽՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ, ՄԻՆՉԴԵՌ ԸՍՏ ԿԸՀ-Ի` ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 70-75 ՏՈԿՈՍ ԷՐ

Մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ջավախահայության կողմից դրանց փաստացի բոյկոտելու պայմաններում: Այսպիսի հայտարարություն է տարածել «Երկիր» միությունը, որը, ըստ էության, համընկնում է այն ամենին, ինչ արդեն ներկայկացրել է «Ազգի» թղթկիցը Ախալքալաքում քվեարկության օրվա իրավիճակի մասին եւ դեռեւս կներկայացնի նախընտրական տրամադրությունները Թբիլիսիում:

«Թեեւ ըստ պաշտոնական տվյալներիՙ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% եւ 75% ընտրողների մասնակցություն, սակայն տեղական եւ միջազգային դիտորդների կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը», նշված է հայտարարության մեջ:

«Երկիր» միությունն ընդգծում է, որ չմասնակցելով ընտրություններին ջավախահայությունն իր վերաբերմունքն արտահայտեց վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին Ջավախքում իրականացվող բռնաճնշումների քաղաքականության նկատմամբ, որոնցից են շինծու մեղադրանքների հիման վրա ջավախահայ ակտիվիստների ապօրինի հետապնդումները, վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի փաստացի վերահսկումն ու ուղղորդումը, ջավախահայության իրավունքները պաշտպանող տեղական քաղաքական կազմակերպությունների գրանցման մերժումը եւ այլն:

«Վրացական իշխանությունները կեղծելով Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքներըՙ էլ ավելի խորացրին ջավախահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից, էլ ավելի մեծացրեցին իրենց եւ ջավախահայության միջեւ գոյություն ունեցող անըմբռնողության անջրպետը», փաստում է «Երկիր» միությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4