«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2010-06-01 | #100, 2010-06-02 | #101, 2010-06-03


1921 Թ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԻ ԲՌՆԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄԸ

Արցախին հակամարտության պատճառ դարձավ

«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, թե Ադրբեջանի դրոշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնավորի հիմնախնդրի կարգավորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921 թ. հենց այդ դրոշի բռնի պարտադրումը Արցախին հետագա հակամարտության պատճառ դարձավ», Կանադա այցելության շրջանակներում Քարլթոն համալսարանում ունեցած ելույթում այսպես է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել Ադրբեջանի ԱԳ նախարարի` Ստեփանակերտում դրոշ ծածանելու հայտարարությանը:

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Կանադայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լոուրենս Քենոնի բանակցությունների երկրորդ փուլը` Նալբանդյանի Կանադա այցելության շրջանակներում: Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են հունիսին Կանադայում կայանալիք «Մեծ ութնյակի» եւ «Քսան երկրների խմբի» գագաթաժողովների օրակարգում ընդգրկված հարցերը: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Կանադայի թեկնածությանը սատարելու Հայաստանի որոշման մասին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է Կանադայի խորհրդարան, ներկա գտնվել Ներկայացուցիչների պալատի նիստին:

Հայաստանի արտգործնախարարը Քարլթոն համալսարանում հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին` Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպետք է օգտագործվեն որպես բանակցությունների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարության կողմից սուր ճոճելը, ռազմատենչ հայտարարությունները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլեւ հակասում են իբր ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության բարեկեցությունը ապահովելու մտադրության Ադրբեջանի կեղծ խոստումներին»:

Նախարարի խոսքերով. «Ինչ աստիճանի ցինիզմ պետք է ունենալ` խոստանալ հոգալ մեկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթե չհնազանդվի: Հնարավոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտության պատճառը` որպես կարգավորման մեխանիզմ»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4