«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2010-06-01 | #100, 2010-06-02 | #101, 2010-06-03


ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՍԻՐՈ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

15-ամյա Հասմիկն ապրում է Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Ինչպես բոլոր մարդիկ, նա էլ երազանքներ ունի, սակայն Հասմիկի երազանքները շատ են տարբերվում իր հասակակիցների երազանքներից:

«Երազում եմ լավ աշխատանք ունենալ, որպեսզի կարողանամ պահել ընտանիքս», ասում է Հասմիկը :

Թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում ապրում են միակողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաներ, որոնց միավորում է մի ցավալի երեւույթՙ ծնողական խնամքի պակասը:

«Երբ նոր էի եկել գիշերօթիկ, այստեղ լավ էի զգում, բայց հիմա շատ եմ կարոտում տան անդամներին, ուզում եմ նրանց հետ ապրել,- ասում է Գրիգորը,- հայրս մահացել է, երբ շատ փոքր եմ եղել, հիմա մայրս, քույրս, եղբայրս, քրոջս երեխաներն ու ամուսինը մի տան մեջ են ապրում: Տանը նեղվածք է, բայց ես էլ եմ ուզում նրանց հետ ապրել»:

13-ամյա Գրիգորն ասաց, որ ընդամենը մի երազանք ունի. «Երազում եմ հայրիկ դառնալ»:

«Այստեղ ապրող երեխաները նյութական որեւէ բանի խիստ կարիք չունեն, նրանք ավելի շատ ծնողական խնամքի եւ սիրո կարիք ունեն», ասում է տնօրեն Մարինե Հովհաննիսյանը:

Գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական խնդիրներին պարբերաբար անդրադառնում են լրագրողները: «Ազգ» օրաթերթը եւ Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն այս անգամ որոշեցին ոչ միայն խոսել երեխաների խնդիրների մասին, այլեւ ինչ-որ ձեւով աջակցել նրանց: Շուրջ 1 ամիս խմբագրությունը եւ դպրոցը նախապատրաստական եռուզեռի մեջ էին: «Ազգի» աշխատակիցները, դպրոցի սաներն ու մանկավարժները սկսեցին խաղալիքներ, հագուստ, գրքեր հավաքել գիշերօթիկ հաստատության երեխաների համար: Երկար-բարակ պատրաստվելուց հետո` երեկ, հունիսի 2-ին, «Ազգի» աշխատակիցները, երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժներն այցելեցին Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, սակայն դա զուտ այցելություն չէր: Այնտեղ կազմակերպվեց համերգային ծրագիր` մասնակցությամբ հաստատության եւ դպրոցի երեխաների:

«Այսպիսի այցելությունները կարեւորվում եմ նրանով, որ գիշերօթիկ հաստատության երեխաները կարողանում են նոր մարդկանց հետ շփվել, որի կարիքը նրանք շատ ունեն», նշեց Մարինե Հովհաննիսյանը:

Երբ երեխաները տեղափոխվում են գիշերօթիկ հաստատություն, երկար ժամանակ նրանք չեն համակերպվում տնից հեռանալու մտքի հետ:

«Այստեղ պայմանները, իհարկե, բարեկեցիկ են, բայց նրանք իրենց մի տեսակ լքված են զգում: Նման այցելություններն օգնում են երեխաներին հասկանալու, որ նրանք լքված չեն բոլորի կողմից», ասում է Տաթեւիկ Մկրտչյանը ` գիշերօթիկ հաստատության հոգեբանը, եւ հավելում, որ անգամ ամենածանր պայմաններում ապրող երեխաները գերադասում են ապրել տանը` հարազատների կողքին:

46-ամյա Նարինեի 2 երեխան էլ ապրում են թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Նարինեն հիմա ոչ մի տեղ չի աշխատում, արդեն 6 տարի բաժանված է ամուսնուց:

«Երեխաներս, նախկին ամուսինս եւ ես ապրում ենք 2 սենյականոց բնակարանում. ես ու երեխաներս` մի սենյակում, իսկ նրանց հայրը` մյուս սենյակում: Նախկին ամուսինս բացարձակապես չի օգնում մեզ: Ճիշտ է, տան մթնոլորտը ճնշող է, բայց երեխաներս ուզում են ապրել տանը, ոչ թե գիշերօթիկում: Էլ չգիտեմ ո՞նց վարվեմ», ասում է Նարինեն:

Բոլոր երեխաներն էլ ունեն սիրո եւ ջերմության կարիք` թե՛ մանկատան, թե՛ գիշերօթիկ հաստատության, եւ լավ կլինի, որ յուրաքանչյուր ոք ապրի այնպես, որ ոչ մի երեխա սիրո պակաս երբեք չունենա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4