Ադրբեջանում նույնպես դատապարտում են Իսրայելի հարձակումը
Վաղուց է հայտնի, որ քաղաքականության, հատկապես միջազգային հարաբերություններում հավերժ բարեկամներ չեն լինում, երբ որեւէ երկիր մերձեցնում է հարաբերությունները մեկ ուրիշի հետ, դեռ չի նշանակում, որ «վաղը» նրանք կրկին բարեկամական խոստումներ են փոխանակելու: Ոչ վաղ անցյալում Բաքվում բոլորը «հիանում ու հպարտանում» էին, որ Իսրայելի նման բարեկամ ունեն: Ադրբեջան այցելած Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ջերմ ելույթներ ունեցավ Բաքվում ու այդպիսիք նաեւ լսեց: Ադրբեջանական տարբեր կազմակերպություններ ակտիվացրին շփումները հրեական լոբբիի հետ` առավելապես ընդդեմ հայկական կազմակերպությունների: Սակայն, ինչպես արդեն վերը նշեցինք` քաղաքականությունը փոփոխական բան է: Գազայի հատվածի շուրջը ծագած միջազգային իրարանցման հետեւանքով Իսրայելը հայտնվեց գրեթե բոլոր պետությունների, միջազգային կառույցների քննադատության տակ: Տարբեր երկրներ, օրինակ, Թուրքիան, ԵՄ-ում նախագահող Իսպանիան հետ կանչեցին իրենց դեսպաններին Թել Ավիվից, վերջինս խստացված հսկողություն սահմանեց իր` գրեթե բոլոր դեսպանատների շրջակայքում: Թվում էր, թե այս ամենը չի վերաբերի բարեկամ Ադրբեջանին, սակայն... երեկ գիշերը Բաքվում տեղի է ունեցել երկրաշարժ, այդ կապակցությամբ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ. «Իսրայելը տարհանել է իր դեսպանատան աշխատակից բոլոր դիվանագետներին դեսպանատան տարածքից: Հետաքրքրական էՙ ինչո՞ւ Իսրայելը պարբերաբար չի տարհանում իր դիվանագետներին Ճապոնիայից: Ինչեւէ, ըստ ադրբեջանական «Ազադլիգ» գործակալության, հենց իսրայելա-ադրբեջանական բարեկամությունը թերեւս բարձր գնահատելով, Իլհամ Ալիեւը «անհարմար է զգում» կատարել իր` հունիսի առաջին տասնօրյակին նախատեսված այցելությունը եղբայր Թուրքիա, որտեղ, ի դեպ, պետք է շարունակվեն թուրք-ադրբեջանական «գազային հավերժ բանակցությունները»: Ստացվում է, որ Բաքուն կարծես ընտրության առջեւ է կանգնած. եթե Իրան-Իսրայել ուղղություններում կողմնորոշվելիս Ադրբեջանը կարողանում էր միաժամանակ երկու ձեռք սեղմել, ապա Անկարան, մանավանդ ներկայիս իրավիճակը այդպիսի հնարավորություն Բաքվին չի տա: Հետեւաբար ամենեւին պատահական չէ, որ Թուրքիայում հակաիսրայելական մեծ արշավին հաջորդելով` Ադրբեջանում նույնպես տարբեր քաղաքական, հասարակական ուժեր սկսեցին դատապարտել Իսրայելի արարքը: Այսպես, ըստ «Բաքիլիլար.ազ» կայքի, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նշել է, որ Իսրայելի դատապարտելի արարքը շիկացնում է մթնոլորտն ամբողջ Մերձավոր Արեւելքում»: Քաղաքագետ Իլգար Մամեդովի խոսքերով` «ոչ մի կերպ չի կարելի արդարացնել Իսրայելին, այդ գործողությունները անթույլատրելի են», նույն կարծիքն է հայտնել նաեւ «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Այդին Միրզազադեն: Իսկ «Ումիդ» կուսակցության առաջնորդ Ագբալ Ագազադեն միջազգային հանրության արձագանքից զատ, պահանջել է, որ «թյուրքալեզու երկրները համապատասխան մակարդակով իրենց դիրքորոշումը հայտնեն»: Առավել հետաքրքրական է` ձեւակերպումների տեսակետից, թուրք-ադրբեջանական կանանց միավորման նախագահ Տանզիլյա Ռուստամխանլիի տեսակետը. «Իսրայելի պահվածքը հակասում է մարդկությանը, մենք դա միանշանակ դատապարտում ենք: Իսրայելը քայլ կատարեց, որը հակասում է հումանիզմին եւ միջազգային իրավունքին», նշել է տիկին Ռուստամխանլին: Իսկ ո՞վ էր այդ միջազգային իրավունքը, հումանիզմը հաշվի առնում, երբ Ադրբեջանի քաղաքներում կոտորվում էին հայեր, ոչնչացվում էին մշակութային կոթողներ, ո՞ւր էր անհետացել այդ իրավունքը, երբ Ադրբեջանի` բնիկ հայկական շրջաններից հայերը բռնի արտաքսվում, կոտորվում էին...
Հատկանշական է, որ այսուհետեւ, փաստորեն, հակաիսրայելական դիրքորոշում դրսեւորող Ադրբեջանը ակամա պաշտպանում, առավել կարեւորում է Պաղեստինի ինքնորոշման իրավունքը. չէ՞ որ, ինչպես սկզբում նշեցինք, քաղաքականության մեջ, մանավանդ միջազգային հարաբերություններում, ոչինչ հավերժ չէ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ