Հունիսի 6-ին Մոսկվայում կմեկնարկի եվրոպական սիրողական բռնցքամարտի հերթական ստուգատեսըՙ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Տարվա կարեւորագույն այդ մրցումներին լրջորեն են նախապատրաստվել նաեւ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները: Նրանք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ են անցկացրել, մասնակցել են մրցաշարերի, որոնք հնարավորություն են ընձեռել լավ նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը:
Ուսումնամարզական վերջին հավաքը մեր բռնցքամարտիկներն անցկացրին Կիեւում, որտեղից էլ այսօր կմեկնեն Մոսկվա: Ինչպես տեղեկացանք բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանից, Կիեւում մարզումներին մասնակցում էին 11 բռնցքամարտիկներ: Նրանցից 10-ը Մոսկվայում ռինգ դուրս կգան քաշային իրենց կարգերում: Հավաքականի վերջնական կազմը գլխավոր մարզիչը կորոշի հունիսի 5-ին, երբ տեղի կունենա մրցումների մասնակիցների կշռման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի հավաքականում մեծ թիվ են կազմում տիտղոսակիր, մրցումների զգալի փորձ ունեցող բռնցքամարտիկները: Նշենք թեկուզ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանին (64 կգ): 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը մեկ անգամ արդեն վայելել է Եվրոպայի չեմպիոն դառնալու բերկրանքըՙ 2008-ին կանգնելով պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Նույն առաջնությունում Ցոլակ Անանիկյանը (91 կգ) հռչակվել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Սպասելիքները մեծ են նաեւ մինչեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանից: Նա անցյալ տարի Միլանում կայացած աշխարհի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը, իսկ 2008-ին դարձել էր աշխարհի գավաթակիր:
Մրցակցային զգալի փորձ ունեն նաեւ պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) եւ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր Սամվել Մաթեւոսյանը (69 կգ):
Հետաքրքրական է, թե մեծահասակների առաջնությունում իրենց ինչպես կդրսեւորեն անցյալ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կարեն Այլազյանը (54 կգ), պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Արա Պուլուզյանը (60 կգ), աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Դերենիկ Գիժլարյանն (51 կգ) ու Արթուր Խաչատրյանը (81 կգ): Մարզիչները հուսով են, որ հայ բռնցքամարտիկները Մոսկվայում անպայման մեդալներ կնվաճեն:
Հավաքականի կազմը հրապարակել է նաեւ Ռուսաստանը: Թիմի կազմում ռինգ դուրս կգան հայազգի երկու բռնցքամարտիկներՙ Դավիթ Հայրապետյանը (48 կգ) եւ Միշա Ալոյանը (51 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ