Չեմպիոնների գավաթակիր Միլանի «Ինտերը» «Բարսելոնի» հետ գլխավորում է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների ցանկը, որը հրապարակել է ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան: Դասակարգման ցուցակում թիմերի վարկանիշները հաշվարկելիս հաշվի են առնված երկրի առաջնությունում, գավաթի խաղարկությունում եւ միջազգային մրցաշարերում վերջին 12 ամիսներին ցույց տված արդյունքները:
Նախորդ ամսում «Ինտերը» 3-րդ տեղում էր, իսկ դասակարգման ցուցակը գլխավորում էր «Բարսելոնը»: Դասակարգման նոր ցուցակում լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ արգենտինական «Էստուդիանտեսը», Մյունխենի «Բավարիան» , իտալական «Ռոման», բրազիլական «Կրուզեյրոն», անգլիական «Չելսին» ու «Ֆուլհեմը», Բրեմենի «Վերդերը» եւ Մադրիդի «Ատլետիկոն»:
350 ուժեղագույն ակումբների ցանկ է վերադարձել ՀՀ բազմակի չեմպիոն «Փյունիկը», որը մայիսի 1-ի դրությամբ 491-րդ տեղում էր: Իսկ այժմ փյունիկցիները 69 միավորով բաժանում են 312-316-րդ տեղերը: Ռուսաստանի թիմերից լավագույնը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է, որը 73-րդ տեղից նահանջել է 84-րդ հորիզոնական: Ուկրաինական ակումբներից ամենաբարձր վարկանիշն ունի Դոնեցկի «Շախտյորը», որը 31-րդ տեղում է: Հենրիխ Մխիթարյանի թիմըՙ Դոնեցկի «Մետալուրգը» 87-րդ տեղում է:
Ուժեղագույն 350 ակումբների ցանկը ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան յուրաքանչյուր ամիս հրապարակում է 1991-ից: Մինչ օրս դասակարգման ցուցակը գլխավորելու բախտ են ունեցել 23 ակումբներ: Առավել հաճախՙ 37 անգամ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է իտալական «Միլանը»: 2-րդ ցուցանիշն ունի անգլիական «Մանչեսթր Յունայթեդը»ՙ 33 անգամ: «Բարսելոնն» առաջատար է եղել 28 անգամ: Այնուհետեւ գալիս են «Լիվերպուլը»ՙ 19, «Սեւիլիան»ՙ 17, «Յուվենտուսը» եւ Մադրիդի «Ռեալը»ՙ 16-ական, «Ինտերը»ՙ 14 ու «Ռոման»ՙ 11:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ