«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ԷՐԴՈՂԱՆԸ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐՈՍԸ

Անցած կիրակի օրը իսրայելական կործանիչներն արդեն իսկ «փորձնական գրոհներ» էին կատարում Հարավային Լիբանանի գյուղերի եւ ավանների վրա... նախապատրաստելով այս բազմաչարչար երկրի դեմ նոր «ավանտյուրա», 2006-ի ամռան նման: Նաթանյահուի գլխավորած կառավարությունը միջուկային զենքով Սիրիան ու Լիբանանը «քարեդարյան քաղաքակրթություն» վերադարձնելու սպառնալիքներ էր տեղացնում, իբր թե «Հըզբոլլահ»-ի «Սկադ» հրթիռների հավանական գործածությունը արգելելու եւ այդ պատրվակով նոր սպանդներ կազմակերպելու արաբների դեմ:

Նույն ժամերին, Իսրայելի կողմից Եվա Ռիվասին Eurovision-ի ելույթին 10 բալ նվերըՙ արդեն իսկ հարբեցրել էր Հայաստանի որոշ քաղաքական այրերին ու մեկնաբաններին, որոնք առանց ամաչելու ամբողջ աշխարհով մեկ դիտվող արբանյակային հաղորդումներովՙ փառաբանում էին հայ-իսրայելական «եղբայրական» հարաբերությունները, գովերգում ծագումով հրեա կոնգրեսմենների եւ սենատորների «նորահայտ» եւ «հավերժ» սերը հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության ճանաչման գործընթացում, վկայակոչում «հակաթուրքական» նրանց հայտարարությունները առանց հիշելու, թե ավելի քան մի քառասնամյակ Իսրայելն ու Թուրքիան ռազմական ամենաջերմ դաշնակիցներ են եղել:

Ապա պայթեց «Ազատության նավատորմ»-ի սկանդալը, երբ մարդկային ու միջազգային ամեն իրավունք ոտնակոխած Իսրայելը, որի «պատմական» ղեկավարներ Արիել Շարոնի, Իցհակ Շամիրի, Մենախիմ Բեգինի, Գոլտա Մայերի, Ցիփի Լիվնիի, Բենիամին Նաթանյահուի նմանների ուսերին են ծանրանում ավելի քան 1 միլիոն պաղեստինցի, արաբ ազգաբնակիչների զանգվածային սպանդը, ձերբակալությունները, տեղահանությունըՙ 1947-ից մինչեւ այսօր: Առավել եւս Գազայի ազգաբնակչությանը «պատժելու» համար Իսրայելը ծովային ու ցամաքային բլոկադա է հայտարարել, քարուքանդ անելով անցած տարի հազարավոր բնակարաններ ու կենցաղային օբյեկտներ, սպանելով կանանց ու երեխաների, փորձելով սովամահ անել մի ամբողջ ժողովուրդ, այն էլ 21-րդ դարի առաջին տասնամյակում, Արեւմուտքի ու նրա դրածոների «մարդասեր» հայացքի առաջ...

Սպանելով 16 ու վիրավորելով-հաշմելով մի քանի տասնյակ «Ազատության նավատորմ»-ի անդամներին, ի վերջո, ամբողջ աշխարհով մեկ դատապարտման ու բողոքի ալիք բարձրացավ ինչպես արաբական երկրների, այնպես էլ մեծ տերությունների կողմից, որոնց կարգինՙ Ռուսաստանն էր: Դժբախտաբար Հայաստանը, ինչպես 2000 թվականի Լիբանանյան ողբերգության ժամանակ, նախընտրեց պահպանել իր «դրական չեզոքությունը»:

Մի քանի օր առաջ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի արբանյակային հաղորդմանը հետեւելովՙ ականջալուր եղանք քաղաքական մի «պայծառափայլ» մեկնաբանի ցինիկ ժպիտով ասված խորհուրդներին, երեւի ուղղված Մերձավոր Արեւելքի հայերիսՙ տառապել «իսրայելամոլության» ախտով, իսկ նույն ժամերինՙ Բեյրութում թե Սայդայում, Դամասկոսում, Կահիրեում, Ամմանում եւ այլուր, բյուրավոր ցուցարարներ Էրդողանի մեծադիր լուսանկարներով ու թուրքական դրոշներով «զինված», փառաբանում էին, դժբախտաբար, «300 միլիոնանոց արաբական աշխարհի մեր օրերի հերոսին»: Նրա հայտարարություններն ու քայլերըՙ Իսրայելի ոտնձգությունների դեմ, «մատ» էին արել նաեւ Եգիպտոսի ու Հորդանանի վարչակարգերին, որոնք շտապեցին ի վերջո բանալ Ռաֆահի մարդասիրական անցքըՙ Գազա-Եգիպտոս սահմանագծում:

Արդյո՞ք Հայաստանի քաղաքական դեմքերին ու «ամենագետ» վերլուծաբաններին ավելի են հետաքրքրում Eurovision-ի մրցումները, քան ի վերջո հասկանալը, թե Մերձավոր Արեւելքում ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում, որը ղեկավարվելու է հայերի ոխերիմ թշնամի Թուրքիայի կողմից...:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4