Նրանք նավով օգնություն կտանեն Թուրքիայում ապրող հայերին ու քրդերին
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` իսրայելցի մի խումբ ուսանողներ որոշել են «բացահայտել թուրքական կառավարության երեսպաշտությունը»: Ի պատասխան վարչապետ Էրդողանի մեղադրանքերի ու սպառնալիքներիՙ երիտասարդները որոշել են թուրքերի գործողություններից տուժած հայերի ու քրդերի համար նախատեսված մարդասիրական օգնության «Խաղաղության նավախումբ» կազմել եւ ուղեւորվել Թուրքիա: Ըստ «Երկրամասի»ՙ այժմ ուսանողները լուծում են նավի վարձակալման խնդիրները: Նրանք արդեն ձեռք են բերել դեղորայք, բժշկական սարքավորումներ թուրքաբնակ հայերի ու քրդերի համար: «Մենք որոշել ենք գալ եւ օգնել Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին եւ ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան երեսպաշտ է թուրքական կառավարությունը: Մենք վստահ ենք, որ Թուրքիան չի խոչընդոտի, որ մենք մարդասիրական օգնությունը փոխանցենք: Դա կլինի խաղաղ արշավՙ առանց դանակների եւ քարերի, որոնցով «Ազատության նավախմբի» «խաղաղարարները» դիմավորեցին իսրայելցի զինվորներին: Եթե Էրդողանի խոսքերը համապատասխանում են նրա բարի սրտին, չնայած մենք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ, ուրեմն նա չպետք է ունենա որեւէ պատճառՙ մարդասիրական օգնությունը մերժելու համար», հայտարարել է համաիսրայելական ուսանողական միավորման նախագահ Բրազ Տոպորովսկին:
Հ. Ա.