«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ԱՄՆ-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎԻ ՀԵՏ

Սակայն ընդգծում` «Ադրբեջանում կոռուպցիան համատարած է»

Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վերջին ժամանակների լարվածությունը տեսանելի էր բոլորին: Նախ Վաշինգտոնը ամենեւին էլ չէր շտապում նոր դեսպան նշանակել «էներգետիկ ռեսուրսներով այդքան հարուստ» Ադրբեջանում, բացի այդ, Իլհամ Ալիեւը չհրավիրվեց վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթաժողովին, ԱՄՆ-ը շարունակ պնդում էր, որ հայ-թուրքական մերձեցումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այլն: Ադրբեջանում այս ամենը մեծ իրարանցում առաջացրեց. բոլոր կողմերից լսվում էին հակաամերիկյան հայտարարություններ, դրվեց նույնիսկ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահության արդյունավետության հարցը, բոլորովին վերջերս Բաքվում Իսրայելի ու հայկական դրոշների հետ «Մահ Ամերիկային» գոչողները այրեցին նաեւ ամերիկյան դրոշը:

Բնականաբար Վաշինգտոնին շահեկան չէր լինի Ադրբեջանում տիրող հակաամերիկյան հիստերիայի շարունակությունը. շուտով ԱՄՆ-ը հայտարարեց Բաքվում իր նոր դեսպանի անունը եւ ակտիվացրեց երկխոսությունը` ադրբեջանական իշխանությունների հետ: Սակայն «չգիտես ինչու» նախագահ Օբաման «մոռացավ» մայիսի 28-ին Ադրբեջանի ազգային օրվա առիթով շնորհավորել Ալիեւին. Օբաման իր շնորհավորանքն ուղարկեց մի քանի օր ուշացումով:

Ինչեւէ, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության թոթափմանն էր թերեւս ուղղված Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի այցելությունը Բաքու: Վերջինիս ադրբեջանական հանդիպումներին չենք անդրադառնա (դրանք արձանագրային բնույթ են կրել), պարզապես նշենք, որ Գեյթսը Ալիեւին փոխանցեց Բարաք Օբամայի նամակը եւ հավանական համարեց, որ առաջիկայում Բաքվում կլինի նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մի փոքր ուշ հայտնի դարձավ Իլհամ Ալիեւին ուղղված Օբամայի նամակի բովանդակությունը, որտեղ ԱՄՆ նախագահը չի էլ թաքցնում, որ երկկողմ հարաբերություններում «առկա են լուրջ խնդիրներ»: Այսպես, նամակում նշված է. «ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի դերը Աֆղանստանում խաղաղապահ ուժերի առաքելությունը կազմակերպելիս, մենք գնահատում ենք նաեւ Ադրբեջանի ջանքերը` միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն ուղղված: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք խորացնել մեր հարաբերությունները առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում, մանավանդ հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում դրանցում նկատվում են լուրջ խնդիրներ», ասված է Օբամայի նամակում:

Այնուհետեւ ԱՄՆ նախագահը կրկին բարձր է գնահատել Ադրբեջանի ջանքերն` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, «որը ընթանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ», եւ շեշտել, որ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ԱՄՆ-ի համար առաջնային կարեւորություն ունեն»: Այս կապակցությամբ հատկանշական է Օբամայի «հորդոր-պահանջը» Իլհամ Ալիեւին` «բոլոր դեպքերում ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Գեյթսի Բաքու այցելության, ԱՄՆ-Ադրբեջան «կարգավորվող հարաբերությունների» թեմայով բավական ուշագրավ հոդված է տպագրել հայտնի Washington Post-ը: Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ «փոքրիկ, 8 միլիոնանոց Ադրբեջանը հետաքրքրական է երկու առումներով». «Նախՙ այդ երկիրը հարուստ է նավթով, հետո, ինչը հատկապես այս օրերում ավելի կարեւոր է թվում, Ադրբեջանը կարեւոր աշխարհագրական դիրք ունի. դեպի Աֆղանստան տարանցման հնարավորություններ է ընձեռում: Այսօր Աֆղանստանում կան 140 հազար զինվորներ այլ երկրներից, եւ նրանցից շուրջ 100 հազարը այնտեղ են եկել Ադրբեջանի տարածքով», գրում է ամերիկյան թերթը: Մյուս կողմից էլ Washington Post-ը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որը վերաբերում էր ԱՊՀ երկրներում կոռուպցիայի մակարդակին. «Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական դիրքերը չարաշահող պաշտոնյաներ ունեցող կառավարության համբավ ունի: Ադրբեջանի կառավարությունում համատարած կոռուպցիա է իշխում: Պենտագոնի ղեկավարը Բաքվում շեշտեց, որ ԱՄՆ-ի սերտ հարաբերությունները տարածաշրջանի որեւէ իշխանության հետ ամենեւին չեն նշանակում, որ ԱՄՆ-ը դադարել է աջակցել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքների զարգացմանը: Գեյթսը Բաքվում շեշտեց, որ մենք աշխատում ենք հավասարակշռել մեր շահերը», եզրափակում է ամերիկյան պարբերականը: Սրանով թերեւս Վաշինգտոնը, գնալով Բաքվի հետ «լուրջ խնդիրների» լուծմանը, այնուամենայնիվ, մատնանշում է այն լծակները, որոնց միջոցով անհրաժեշտության պարագայում կարող է պատժել հաճախ հոխորտացող Բաքվին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4