2010 թ. հունիսի 7-8-ը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսեւորումների փաստերը:
Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախահայության իրավունքների համար պայքարող ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի հանգամանքներին աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը եւ շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը:
«Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով էլ ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրաց պաշտոնակցի առջեւ ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
Ա. Հ.