Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացրել էր, թե իբր ՄԱԿ-ում տեղի է ունեցել բախում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որի ընթացքում «Հայաստանի մշտական ներկայացուցիչը փորձել է ապակողմնորոշել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նիստի մասնակիցներին», իսկ ադրբեջանցի դիվանագետները քննադատել են հայկական կողմի «ստախոսությունը»:
Թե ինչ է կատարվել ՄԱԿ-ում, ԱԳՆ տեղեկացնում է, որ հունիսի 1-4-ը Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի նիստի քննարկմանը մասնակցել են նաեւ երկու երկրների ներկայացուցիչները: Հունիսի 3-ին Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձել է ինչպես Ադրբեջանին վերաբերող փաստաթղթին, այնպես էլ Ադրբեջանի դեսպանի ելույթում տեղ գտած անթույլատրելի ձեւակերպումներին ու վերջինիս մեղադրել քննարկումները շեղելու եւ քաղաքականացնելու փորձ կատարելու մեջ: Հետագա քննարկումների ընթացքումՙ հունիսի 3-ի երկրորդ կեսի եւ 4-ի նիստերում Ադրբեջանի պատվիրակությանը մերժել են օգտվել պատասխանի իր իրավունքից:
Այստեղ են ասելՙ ստախոսն է ստի մեջ ուրիշներին մեղադրում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ