Դա առաջին անգամ եւսՙ 1919-ին հրատարակվել էր այնտեղ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
1915-ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Կ. Պոլսում իթթիհադական իշխանությունները Վանի հայկական ընդվզումների պատճառաբանությամբ ձերբակալում են 235 հայ մտավորականի: Դրան հետեւում է եւս 600 մտավորականի ձերբակալությունը: Մայիսի 24-ին ձերբակալված հայերի թիվը քաղաքում հասնում է 2345-ի, որոնք, հատուկենտ բացառությամբ, սպանվում են աքսորի ճանապարհին:
Նույն թվի մայիսի 27-ին իթթիհադականներն ընդունում են «Պատերազմական իրավիճակում կառավարության ձեռնարկումներին հակադրվողների համար զինվորականության նախատեսած միջոցառումների ժամանակավոր օրենքը», որը պատմագրությանը հայտնի է «Տեղահանության օրենք» կրճատ տարբերակով:
Այսպիսով, պաշտոնապես սկսում է հայերի զանգվածային սպանություններով ուղեկցվող տեղահանությունը Օսմանյան կայսրության հայաբնակ բոլոր վայրերից, ներառյալՙ Թրակիան: Քանի որ 1914-ի օգոստոսի հրամանագրով նախ զորակոչի էին ենթարկվել 20-45 տարեկան հայ տղամարդիկ, ապա նաեւ թուրքական բանակի համար պարեն, ռազմամթերք կրելու նպատակով 15-20 եւ 45-60 տարեկանները, որոնք անխտիր սպանվեցին աշխատանքային գումարտակներում, ուստի տեղահանությունը տարածվեց երեխաների, անպաշտպան կանանց եւ 60-ից բարձր տարիքի տղամարդկանց վրա:
Հետեւաբար, արեւմտահայության բնաջնջման իրականացումը մարդասպանների համար առանձնակի դժվարություն չներկայացրեց: 1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոս նավահանգստում ստորագրվեց զինադադարի պայմանագիր, դրանով օսմանյան Թուրքիան հանձնվեց հաղթողների ողորմածությանը: Զինադադարի ստորագրումից երեք օր անցՙ նոյեմբերի 2-ին երկիրը լքեցին Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը: Այնուհետեւ Անտանտի զորքերը օկուպացրին Ստամբուլը:
Հակաիթթիհադական տրամադրություններն ու Անտանտի առջեւ արդարանալու հրամայականը ստիպեցին օսմանյան Մեջլիսին, որ 1918-ի դեկտեմբերի 21-ի որոշումով ստեղծի «պատերազմի եւ տեղահանության հանցագործությունների հետաքննության» հանձնաժողով: Մինչեւ 1919-ի հունվարի վերջը չարագործներից 112-ն արդեն ձերբակալված էին: Հանձնաժողովը նրանց հարուցեց «մեկ միլիոն հայի, 550 հազար հույնի սպանության, ինչպես նաեւ աշխատանքային գումարտակներում 250 հազար զորակոչիկի ոչնչացման» մեղադրանք: Դրա հիման վրա ձերբակալվածների գործը հանձնվեց ռազմական ատյան, իսկ 1919-ի փետրվարի 5-ին սկսվեց «պատերազմի եւ տեղահանության» հանցագործների դատավարությունը:
Այս ամենը հնարավորություն տվեց պոլսահայության բեկորներին ոգեկոչելու իր զոհերի հիշատակը: Որքան էլ կաթվածահար եւ արյունաքամ լինեին, Մեծ եղեռնից 4 տարի հետոՙ 1919-ին նրանք Ստամբուլում ստեղծեցին «Ապրիլի 11-ի սգո հանդեսի» հանձնախումբ, որն էլ նախաձեռնեց Թեոդորոս Լափչինճյանիՙ Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 11-ի» հրատարակումը: Նույնիսկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի շրջակայքում կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետեւ ոչնչացրին մարդասպան ստահակները: Քանի որ ապրիլի 11-ը մեր տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին, ուստի պետք է ասել, որ բացի հուշարձանի կառուցումից, առաջինը 1919-ին հենց Ստամբուլում է նշվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին Ստամբուլում հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն իր «Բելգե» հրատարակչությունում վերահրատարակեց Թեոդիկի «Հուշարձանը», ընդ որում եռալեզուՙ թուրքերեն, հայերեն եւ անգլերեն: Գիրքն ունի ներածական բաժին, որը հագեցված է Զարաքոլուի բովանդակալից «Առաջաբանով», Հրանտ Դինքի կենսագրությամբ, ինչպես նաեւ նրա «Վախվորած աղավնու հոգեվիճակում եմ» հոդվածով եւ Թեոդիկի կենսագրությամբ:
Կենսագրական բաժնում ներկայացվում են Պոլսից տարագիր հայ մտավորականները, ազգային եւ կրթության գործիչները, աքսորավայրում հիվանդության պատճառով մեռնողները, նաեւ նրանք, ովքեր կախաղան են հանվել հենց Պոլսում: Երկրորդ բաժինը նվիրված է գավառին, որը ներառում է Արեւմտահայաստանի գրեթե բոլոր քաղաքները, ինչպես նաեւ Իզմիրը: Գրական բաժնում զետեղված են Բյուզանդ Պոզաճյանի «Դեպի Այաշ», Միքայել Շամտանճյանի «Չանքըրից վերհիշումներ» հուշագրություններն ու նահատակ եկեղեցականները, իսկ վերջաբանի փոխարենՙ «Ապրիլի 11-ի սգո հանդեսի» հանձնախմբի դիմում-կոչը հայրենակիցներին: Կա նաեւ անվանացանկ:
Թուրքական «Թարաֆ» թերթի մայիսի 31-ի համարում Մարգար Եսայանն անդրադարձել էր Ստամբուլում Թեոդիկի «Հուշարձանի» վերահրատարակմանը, որտեղ ըստ արժանվույնի գնահատել է պրն Զարաքոլուի հանդուգն ներդրումը, նշել է, թե ինչպես էր երազում այս գրքի վերահրատարակումը հանգուցյալ Հրանտ Դինքը: Սակայն ոչ գրքի բովանդակությունն էր ներկայացրել, ոչ նշել է, որ գիրքը հավասարապես թուրքերեն, հայերեն, անգլերեն ներկայացված է, ոչ էլ հարկ է համարել պրոֆ Դորա Սաքայանի անունը հիշելու: Մինչդեռ Զարաքոլուն, իբրեւ հրատարակիչ, եռալեզու կոթողային այս գրքի հրատարակման գործը նախաձեռնելու եւ գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնելու համար անձամբ գրքում իր երախտագիտությունն է հայտնում Դորա Սաքայանին: