Գտնում է Արթուր Բաղդասարյանը
Հունիսի 5-ին «Օրինաց երկիր» կուսակցությունում կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրներին, որին մասնակցում էին պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, փոքր եւ միջին ձեռներեցության շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրներն այսօր ներառված են կոալիցիոն կառավարության ծրագրում: «Մենք մեր երկրում պետք է զարկ տանք ոչ թե օլիգարխիկ տնտեսությանը, այլ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը»:
Այս առումով ՕԵԿ նախագահը նշեց, որ փոքր եւ միջին ձեռներեցների ստուգումները պետք է հասցվեն նվազագույնի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվեն Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցությունը զարգացնելու համար. «Օրինաց երկիր» խմբակցությունն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Հաստատագրված արտոնավճարների» մասին ՀՀ օրենքի նախագիծ: Նախագծի համաձայն` փոքր ձեռներեցները, ինչպես աշխարհի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, պետք է տարվա ընթացքում հաստատագրված արտոնավճար վճարեն եւ հնարավորինս զերծ մնան պետական, հարկային մարմինների հետ շփումներից: Պարտադիր չէ, որ կոշկակարը կամ տաքսու վարորդը հարկային մարմնում հաշվառված լինեն, ինչքան շատ է գործարարը շփվում պետական կառույցների հետ, այնքան մեծանում են կոռուպցիոն ռիսկերը»,- մատնանշեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այս նախագծի վերաբերյալ Կառավարությունն արդեն տվել է նախնական դրական եզրակացություն:
Քննարկման ընթացքում փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտի վերաբերյալ մի շարք խնդիրներ առաջ քաշեց ՕԵԿ տնտեսական վերլուծական կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը: Ըստ նրա` Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամեծ թվով ձեռնարկությունները, սակայն միեւնույն ժամանակ չի կարողանում ապահովել համապատասխան մրցունակություն. 3 մլն բնակչության դեպքում Հայաստանն ունի 125 հազարին հասնող ձեռնարկություններ եւ ընդամենը 8.6 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք:
Հայաստանյան ձեռնարկությունների արտադրողականությունը շատ ցածր է, հետեւաբար պետք է վերանայվեն փոքր եւ միջին ձեռներեցության աջակցության ծրագրերը, եկամուտների քաղաքականությունը` բարձր մրցունակություն ապահովելու համար:
Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցներին խթանելու համար ոչ պակաս կարեւոր անելիքներից է վերջիններիս ֆինանսական մատչելի ռեսուրսների տրամադրումը: «Խանութը հաց է վաճառում, բանկը` փող, սակայն Հայաստանում դրամը վաճառվում է թանկ եւ բարձր տոկոսադրույքներով»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը: Այս խնդրի վրա էլ «Օրինաց երկիր»-ը պետք է նպատակաուղղի իր քաղաքական գործունեությունը` հասկանալու, թե խնդրի լուծման համար ֆինանսական նորարական ինչպիսի մեխանիզմներ պետք է մշակվեն:
Փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտի խնդիրներին լիարժեք լուծում տալու համար ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը հանձնարարեց քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները ներառել «Հաստատագրված արտոնավճարների մասին» օրենքի նախագծում եւ առաջիկայում եւս մեկ քննարկում հրավիրել` հավելելով, որ կուսակցությունը հետեւողական է լինելու, որպեսզի այս օրենքը դառնա իրականություն: