Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում «Բանանցի» եւ «Ուլիսի» մրցավեճն էր: Երկու թիմերն էլ 20 միավորով հետապնդում էին «Փյունիկին», ուստի այդ խաղում հաղթանակի գինը բավական բարձր էր: Կար եւս մեկ հետաքրքրական հանգամանք: «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովը 526 րոպե անընդմեջ գոլ բաց չէր թողել եւ «Բանանցի» հետ խաղում նրան ընդամենը 7 րոպե էր անհրաժեշտ «չոր» պահել դարպասը, որպեսզի գերազանցեր «Միկայի» դարպասապահ Սաուլյուս Կլեւինսկասի ռեկորդային ցուցանիշը:
Սակայն դա Մալկովին չհաջողվեց: Արդեն 5-րդ րոպեին ձախ թեւից Սամվել Մելքոնյանի փոխանցումից հետո Բետոն գլխի հարվածով խոցեց Մալկովի դարպասը: Մինչեւ ընդմիջում Էդուարդո դո Սանթոսը կրկնապատկեց հաշիվը: «Բանանցը» զգալի առավելություն ուներ եւ կարող էր խոշոր հաշվով հաղթել, եթե իրացներ գոլային մյուս պահերը: Արարատ Առաքելյանի հարվածը դիպավ ձողին, իսկ Էդուարդո դո Սանթոսի եւ Սամվել Մելքոնյանի հարվածներից հետո դրությունը փրկեց Մալկովը:
«Ուլիսի» խաղը ոչ մի տպավորություն չթողեց: Թեեւ 2-րդ խաղակեսում Սեւադա Արզումանյանը խաղադաշտ մտցրեց հարձակվողների, սակայն գոլային իրական սպառնալիքներ ստեղծել չհաջողվեց: Կարելի է հիշատակել միայն Ալեքսանդր Պետրոսյանի հարվածը, որը դիպավ ձողին: Իսկ «Բանանցը» կարող էր նոր հաջողության հասնել, սակայն Օրտեգան հեռու տարածությունից չկարողացավ գրավել դարպասը:
Երկրի չեմպիոն «Փյունիկը» հերթական հաղթանակը տոնեցՙ 3-0 հաշվով պարտության մատնելով «Իմպուլսին», որի հետ Դիլիջանում կայացած խաղում դարպասները մնացել էին անառիկ: Գոլերը խփեցին Արթուր Յուզբաշյանը, Էդգար Մալաքյանն ու Գեւորգ Ղազարյանը:
2-րդ խաղակեսում էլ «Փյունիկը» գոլային 3 իրական պահ չօգտագործեց, այլապես «Իմպուլսն» իսպառ կջախջախվեր: Նշենք, որ «Փյունիկը» մտադիր է իր կազմը համալրել նիգերիացի 3 ֆուտբոլիստներով, իսկ «Իմպուլսում» հանդես կգան բրազիլացի խաղացողներ, որոնք թիմի հետ արդեն մարզվում են:
Վերջին 4 հանդիպումներում «Միկային» ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Թվում էր, թե առաջնության հետնապահներից մեկիՙ «Կիլիկիայի» հետ մրցավեճում միկացիները ոչ մի խնդիր չեն ունենա: Արդեն 20-րդ րոպեին բրազիլացի Էդնեյը բացեց հաշիվը: Սակայն «Միկան» ոչ միայն չկարողացավ հաջողությունը զարգացնել, այլեւ խաղավարտից 5 րոպե առաջ գոլ բաց թողեց ու զրկվեց 2 միավորից: «Կիլիկիայի» 7 անընդմեջ պարտությունների շարքն ընդհատվեց Տիգրան Գրիգորյանի խփած գոլի շնորհիվ:
ՀՀ առաջնություններում «Շիրակին» դեռ չի հաջողվել հաղթել Կապանում: Ավանդույթը չխախտվեց նաեւ այս անգամ: «Գանձասարը» հաղթեց 1-0 հաշվով շնորհիվ թիմի ավագ Արմեն Տատինցյանի 11 մ հարվածի: Այս հաղթանակի շնորհիվ կապանցիները հեռացան վտանգավոր գոտուց:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 10 | 8 | 2 | 0 | 27-5 | 26 |
2. Բանանց | 10 | 7 | 2 | 1 | 23-11 | 23 |
3. Ուլիս | 10 | 6 | 2 | 2 | 13-5 | 20 |
4. Միկա | 10 | 5 | 2 | 3 | 13-9 | 17 |
5. Իմպուլս | 10 | 3 | 1 | 6 | 6-16 | 10 |
6. Գանձասար | 10 | 3 | 0 | 7 | 8-16 | 9 |
7. Կիլիկիա | 10 | 2 | 1 | 7 | 8-21 | 7 |
8. Շիրակ | 10 | 1 | 0 | 9 | 8-23 | 3 |
Ռմբարկուները
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 8 |
Էդուարդո դո Սանթոս | «Բանանց» | 8 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 5 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 4 |
Ալբերտ Թադեւոսյան | «Փյունիկ» | 4 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ