«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ՎԱՐՉԱՊԵՏԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՍՏԱՑԱԾ ԴԱՍԵՐՆ Է ՆՇՈՒՄ, ԻՍԿ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ 2009-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր 2009 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու չնայած այդ կատարողականի ընդդիմախոս դաշնակցականներն ու ժառանգականները կառավարության` ճգնաժամային տարվա գործունեությանը էլ ինչ որակումներ ասես չտվեցին, ու անգամ Արծվիկ Մինասյանը կառավարության կազմի հրաժարականի պահանջի հասավ, սակայն ընդհանուր առմամբ 2009-ի բյուջեի կատարողականի ընդդիմախոսները փոքրամասնության մեջ էին, նրանց մնում էր հարցեր ուղղել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին` այդ հարցերի մեջ դնելով ընդդիմադիրի իրենց ողջ կիրքը: Մնացյալը հանդարտ ու իր հունով ընթացավ, ինչպես նախորդ բյուջեների կատարողականները ներկայացնելիս, ոլորտների պատասխանատուներն իրենց ելույթներում գոհ էին, որ ծախսել են փողերը, որ այդ ճգնաժամային տարում փող է ճարվել ու ծախսել են...

Իսկ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաշվետվությունից առաջ Ազգային ժողովին ուղղված իր խոսքում հնչեցրեց գնահատականներ, որոնք նույնպես հետո տարբեր գնահատականների արժանացան պատգամավորների հարցադրումներում:

Նա նշեց, որ 2009 թվականը նորագույն պատմության մեջ բավական լուրջ մարտահրավեր էր Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական համակարգերի, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության ցանցի դիմադրողականության գնահատման առումով: 14,2 տոկոս տնտեսական անկման պայմաններում մեր ֆինանսական, սոցիալական եւ տնտեսական համակարգերը դիմադրողականության բարձր աստիճան դրսեւորեցինՙ ըստ վարչապետի, հակաճգնաժամային մեր ծրագրերն էլ դրական արդյունք են տվել` մեղմելով սոցիալական բացասական հետեւանքները: Կառավարության այդ ծրագրերը 2009-ի ծանր ճգնաժամային տարում, որքան էլ զարմանալի, ուղղված են եղել տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին: Թեեւ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը բերել էր մասնավոր ներդրումների կտրուկ նվազեցման Հայաստանում, կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության խթանիչ մեխանիզմների ներդրմանը, ճգնաժամի պարագայում նպատակահարմար չէր համարվել բյուջետային ծախսերը կրճատել` չնայած հարկային եկամուտների նվազմանը : Կառավարությունը, բնականաբար, ավելացրել է իր պարտքերը եւ հարկային բեռը` 2009 թվականի ընթացքում 13 տոկոսանոց արտաքին պարտքը հասցնելով 36 տոկոսի` համախառն ներքին արդյունքի մեջ, ներգրավվել են լրացուցիչ ֆինանսական միջոցեր, որոնք ուղղվել են պետական բյուջեի միջոցների ծախսմանը: Այդպիսով ավելացավ պետական բյուջեի դեֆիցիտը` վերջին տասը տարիների համար ամենաբարձր` 7,4 տոկոս կազմելով: Ծախսերն առաջին հերթին իրականացվել են ենթակառուցվածքների ոլորտում` ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, գյուղատնտեսության բնագավառ, նաեւ` բիզնես միջավայրում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու վրա են ծախսվել վարկերը` սրանք որպես հակաճգնաժամային ծրագրի առաջին բաղկացուցիչ մաս: Վարկային միջոցներն ուղղվեցին նաեւ ճանապարհաշինությանը` 2009 թվականին Հայաստանի պատմության մեջ ամենաշատ ճանապարհները կառուցվեցին` 411 կմ: Երկրորդ ուղղությունը ծախսերի` բիզնես- միջավայրի բարելավումն է եղել` փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով (այս դրույթը հատկապես կասկածի տակ էին առնում ընդդիմախոս պատգամավորները): Երրորդ ուղղությունը կառուցվածքաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններին օժանդակելն էր, որոնք ժամանակավոր դժվարություններ ունեին` ճգնաժամով պայմանավորված:

Տնտեսական անկումը 18.3 տոկոսից սկսեց նվազել, եւ կառավարությունը տարին ավարտեց 14.2 տոկոսով: Վարչապետը հղում արեց նրան, որ 2009-ին սկսած միջոցառումները 2010 թվականին տվեցին իրենց դրական արդյունքը` առաջին չորս ամիսների ընթացքում գրանցելով 7.2 տոկոս տնտեսական աճ: Նա համոզված էր, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան կանխատեսվում էր տարվա սկզբում: 2009 թվին ավելացել են թոշակները, եւ թոշակային ֆոնդը աճել է 16 տոկոսով:

Այս բարենպաստ պատկերը գծելով` վարչապետ Սարգսյանը նաեւ չզլացավ ճգնաժամի դասերը ներկայացնել, ինչը թույլ է տվել համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտել: Թերությունների թվում նշվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, մրցակցային միջավայրի եւ մրցակցային կանոնների խնդիրները, որտեղ լուրջ անելիք կա մի կողմից հարկային եւ մաքսային բարեփոխումները հասցնելու համար իրենց տրամաբանական ավարտին, մյուս կողմից` բարելավելու մրցակցային դաշտը:

Էքսպորտային պոտենցիալի բացահայտումը եւ էքսպորտի խրախուսումը, նոր աշխատատեղերի ստեղծումը եւս հրամայական էին, դրանք այսօր իրականացվում են, մասնավորապես` «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, պետության մասնակցությամբ էքսպորտը խթանող ձեռնարկությունների հիմնադրումը եւ այլն, որոնք նպաստելու են էքսպորտի պոտենցիալի բացահայտմանը:

Բարեփոխումներին այս տարի նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունն էլ նա մյուս դասը համարեց` նշելով այն միջոցառումները, որոնք կարդիականացնեն Հայաստանի տնտեսական համակարգը:

Մի քանի հետաքրքրական թվեր` պատգամավորների հարցադրումներին ֆինանսների նախարարի հնչեցրած պատասխաններից: 2013 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման գումարը կկազմի 299 մլն դոլարից ավելի գումար, այս տարի այն կազմում է 82 մլն դոլարի կարգի թիվ: Ըստ հրապարակված թվերի` 2009-ին 85,5 հազար գործազուրկ կար, այս թվին կասկածեց Ստեփան Սաֆարյանը, ըստ որի այդ թիվը շատ ավելի մեծ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4