Թուրքիայի եւ Պաղեստինի ԱԳՆ ղեկավարների միջեւ Ստամբուլում ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների նախագահությամբ համատեղ կոմիտե ստեղծել, որը կոչված է համակարգելու Պաղեստինում պետական շինարարությանը Թուրքիայի բազմակողմանի օժանդակությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դունյա» թերթը:
Արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կոմիտեի նիստերը պետք է գումարվեն նվազագույնը տարեկան մեկ անգամ: Նոր կազմակերպության գործունեության ոլորտը կդառնա պաղեստինյան արհեստավարժ դիվանագետների պատրաստումը, փոխադարձ կապիտալ ներդրումները` գյուղատնտեսության եւ ջրամատակարարման բնագավառներում, էկոնոմիկայի տարբեր բնագավառներում պաղեստինցի մասնագետների պատրաստումը, մշակույթի, կրթության, առողջապահության, գիտության եւ այլ բնագավառներում համագործակցությունը: Նախատեսվում է բարձրացնել թուրքական բուհերում պաղեստինցի ուսանողների թոշակը: Կոմիտեն ստեղծվում է անսահմանափակ ժամկետով: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս պետք է թուրքական կրթությամբ պաղեստինցի դիվանագետները շարունակեն պաշտպանել Պաղեստինի ինքնորոշման իրավունքը, երեւի այնպես, ինչպես թուրքերը պաշտպանում են Հյուսիսային Կիպրոսի իրավուքները, կամ այնպես, ինչպես չեն պաշտպանում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Հ. Ա.