Կոմունիզմի ուրվականը երկար թափառեց Եվրոպայում, հավուր պատշաճի ընդունելության չարժանանալովՙ որոշեց պլաստիկ վիրահատության ենթարկվել, կերպարանափոխված կրկին մուտք գործել ԱՊՀ երկրներ: Չնայած առանձին երկրներում, առանձին քաղաքապետարաններում ու թաղապետարաններում, առանձին ախպեր տղերքի դղյակներում, կազինոներում, օջախներում, սաունաներում, հյուրանոցային համալիրներում կոմունիզմն արդեն առոք-փառոք իր տեղը գրավել էր, բայց որպես հանրային գիտակցություն, որպես հանրային կեցության համակարգ դեռեւս ընդունված չէր:
Հին սերունդը լավ գիտի, նորն էլ թող իմանա, թե որն է կոմունիզմի էությունը` «Յուրաքանչյուրից` ըստ ընդունակության, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքի»: Ի՞նչ է սա նշանակում: Ասենքՙ կոմունիզմի ուրվականը մտնում է երկրի խորհրդարան, նստում իրեն հատկացված տեղը, հավանաբար այդ տեղը կլինի դահլիճի հետնամասում լրագրողների համար նախատեսված սրահում: Ի դեպ, լրագրողներին պիտի հանել այդտեղից, հակացուցված է, որ նրանք կոմունիզմի հետ նստեն նույն շարքերում: Վերջում կասեմ, թե ինչու:
Եվ այսպես կոմունիզմի ուրվականը խորհրդարանում է: Պատգամավորներին նա հորդորում է` «Ձեզ մի կոտորեք, ջանըմ, ինչքան կարող եք, այդքան աշխատեք, իմ կարգախոսն է. «Յուրաքանչյուրից ըստ ընդունակության»:
Պատգամավորներն ազատ շունչ կքաշեն, այլեւս քափուքրտինք թափելով օրենքներ ու օրենքների փոփոխություններ չեն մշակի, կմշակեն այնքան, որքան իրենց ընդունակությունները կբավարարեն:
Ինչ վերաբերում է կոմունիզմի մյուս կարգախոսին` «Յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքի», ապա ԱՊՀ մի շարք երկրների խորհրդարաններում այն, կարելի է ասել, արդեն ինչպես հարկն է իրականացվում է:
Կոմունիզմի ուրվականը հետո կմտնի կառավարություն: Հենց մտնի ներս, առաջին գործը վարչապետներին անկյուն կանգնեցնելը կլինի: Պարզվում է` վարչապետները նախարարներին շատ են շահագործում, հաճախ հանուն հանրային գերակա շահի նրանց արձակուրդներից զրկում են, երկրից դուրս հանգստի գնալը ավելորդ ճոխություն են համարում: Ի՞նչ է պատահել, թող մարդիկ գնան հանգստանան: Եթե ժողովուրդը նրանց ներկայությունը չի զգում, բացակայությունն առավել եւս չի զգա:
Կոմունիզմի ուրվականը կյանքի փորձից գիտեր, որ ոստիկանությունից ինչքան հնարավոր է պիտի հեռու մնալ: Սրանց համար նշանակություն չունիՙ ով ես, ինչ անցյալ ու ապագա ունես, ուրվականի տեսք ունեսՙ վերջ, հավատ չես ներշնչում, ենթակա ես բերման, մնացածը բաժնում կերեւա: Հետո կտանեն մաքսային ծառայություն` պարզելու այս երկիր մուտք գործելիս մաքսատուրք մուծել ես, թե` ոչ, մաքսայինն էլ պետբյուջե լցնելու համար խելքը իրենը չէ, այնպիսի տուրքեր ու հարկեր կնշանակի, որ եկած ճանապարհդ կմոռանաս, հաջորդ քայլը դատախազությունով ու դատարանով երկրից վտարելու որոշումը կլինի: ԱՊՀ երկրներից մեկում անցած տարի քիչ էր մնացել պերսոնա նոն գրատա համարեին, եթե ժամանակին օգնության չհասներ կոմունիզմի փորձառու փաստաբանը: Նա դատարանում ապացուցեց, որ ուրվականն այս երկիր է եկել ընդամենը իր` «Յուրաքանչյուրից` ըստ ընդունակության, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքի» կարգախոսը տարածելու համար: Երեք ժամ խորհրդակցական սենյակում հանգստանալուց հետո դատավորը վճիռ կայացրեց, որ այդ կարգախոսի մեջ պետականության հիմքերը քայքայող վտանգավոր քարոզչություն չկա, չի ուղղված իրենց դեմ, քանզի իրենք աշխատում են ըստ ընդունակության եւ ապրում են ըստ պահանջի:
Ուրվականը մտածում էր մուտք գործել նաեւ ԱՊՀ երկրների նախագահական նստավայրեր: Նկատեց, որ որոշ երկրներում նախագահական ընտրությունները գրիպի համաճարակի նման են. ամեն ինչ կախված է եղանակի փոփոխությունից եւ փչող քամու ուղղությունից: Որոշ երկրներում էլ դժվարն առաջին ընտրությունն է, երկրորդից արդեն նախագահի նստավայրի ճակատին գրվում է. «Նախագահը մեր դարաշրջանի միտքը, խիղճն ու պատիվն է»: Գցեց, բռնեց, հասկացավ, որ եթե այս երկրներում նախագահը այսքան բան նշակում է, ուրեմն կոմունիզմն այստեղ արդեն կառուցված, ավարտված է, ինքն այստեղ այլեւս անելիք չունի:
Հիմաՙ լրագրողների մասին: Պարզվում էՙ լրագրողները կոմունիզմի ոխերիմ թշնամիներն են: Սրանց պատճառով քիչ մնաց կոմունիզմը ջնջվեր աշխարհի երեսից: Ճիշտ է, կոմունիզմը հիմա վտարանդու կարգավիճակում է, փառք Աստծո, նրա ուրվականը ծպտված վիճակում դեռեւս կարող է շրջել աշխարհով մեկ: Ի հեճուկս եւ ի տրիտուր լրագրողների չարախոսությունների, կոմունիզմի ուրվականը քայլ առ քայլ մտնում է կոմունիզմից երես թեքած երկրներ:
Փողոցում կոմունիզմի ուրվականին մոտեցավ մի լրագրող, հարցրեց`
- Ընկեր կոմունիզմի ուրվական, իսկ ի՞նչ կարգախոս եք մշակել լրագրողների համար:
- «Յուրաքանչյուրից` ըստ պահանջմունքի, յուրաքնչյուրին` ըստ արժանիքի», -«Արժանիք» բառը արտասանելիս ուրվականն ատամներն այնպես կրճտացրեց, որ լրագրողի մարմնով սարսուռ անցավ:
- Երեւում էՙ լրագրողների հետ չունեք, ընկեր ուրվական:
- Ես իմ փորձից գիտեմ, որ մարդկանց միտքը եւ հոգին ավերող, կոմունիզմի դասակարգային այս թշնամիները հիմնահատակ կքանդեն նաեւ այս աշխարհը: Նապոլեոնը ճիշտ էր ասում. «Թշնամաբար տրամադրված մեկ-երկու թերթերն ավելի վտանգավոր են, քան հարյուր հազարավոր սվինները»: Ուստի ձեզ ներել ու խնայել չի կարելի:
Կոմունիզմի ուրվականը շարունակում է շրջել ԱՊՀ երկրներում:
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան