51,5 մլն ներդրում եւ 740 աշխատատեղեր
«Ներդրումային քաղաքականություն եւ նոր աշխատատեղեր» թեմայով երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսն էր էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը : Նա մասնավորապես անդրադարձավ կառավարության նախաձեռնած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնցով հնարավորություն է տրվել 300 մլն եւ ավելի ներդրումներ կատարած ընկերություններին այդ հարկատեսակի վճարումը հետաձգել 3 տարով: Ինչպես նշեց փոխնախարարը, դա կառավարության հակաճգնաժամային քաղաքականության բաղադրիչներից մեկն է:
Անցյալ տարվա ապրիլին օրենքում կատարված այս փոփոխությունից հետո վերոնշյալ արտոնությունը ստացել են 8 ընկերություն: Դրանք են «Նատֆուդը», «Շամբ բիզնեսը», «Յուքոմը», «Արաքս թռչնաֆաբրիկան», «Իստեյտ մենեջմենտ ընդ ադմինիստրեյշն քամփնին», «Գոլդ գրեյպ արմասը», «Բիգան», «Սարանիստը»: Մերժվել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության դիմումը:
Արա Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց վերոնշյալ ընկերությունների աշխատանքներն այդ արտոնությունը ստանալուց հետո եւ տեղեկացրեց, որ կանխատեսվող ընդհանուր ներդրումներն այս դեպքում կկազմեն շուրջ 51,5 մլն դոլար, իսկ միայն առաջին փուլում ստեղծվող աշխատատեղերըՙ մոտ 740: Մասնավորապես, «Նատֆուդը» ծրագրում է կառուցել մսամթերքի արտադրություն, որը նաեւ արտահանման ծրագրեր ունի, «Շամբ բիզնեսը»ՙ գյուղմթերքների վերամշակման գործարան, «Յուքումը» WiMax տեխնոլոգիայի միջոցով ծրագրում է մատուցել միաժամանակ 3 ծառայությունՙ IP հեռուստատեսություն, ինտերնետ եւ ֆիքսված կապ, «Արաքս թռչնաֆաբրիկան» կստեղծի սեփական կերային բազանՙ եգիպտացորենի դաշտեր հիմնելով, «Իստեյտ մենեջմենտ ընդ ադմինիստրեյշն քամփնին» իրականացնում է Տաթեւի վանքային համալիրի վերականգնման ծրագիրը, «Գոլդ գրեյպ արմասը» նախատեսում է Արագածոտնի մարզում կազմակերպել խաղողի վերամշակում եւ գինու ու կոնյակի արտադրություն, «Բիգա» ընկերությունըՙ շամպինիոն տեսակի սնկի արտադրություն, «Սարանիստը»ՙ նախատեսում է ընդլայնել ապակյա տարաների արտադրությունը:
Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրին հավանություն է տրվումՙ ելնելով գնահատման համակարգից, ըստ որի, այդ ծրագիրը պետք է ունենա նոր աշխատատեղերի ստեղծում, ներմուծման փոխարինում եւ արտահանման ուղղվածություն:
«Ազգի» հարցին, թե ի՞նչ ծրագիր էր ներկայացրել «Հայր եւ որդի Երիցյաններ»-ը եւ ինչո՞ւ է մերժվել, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ այդ ընկերությունը ներկայացրել է հացի արտադրամաս հիմնելու ծրագիր, որը գնահատման սանդղակով չի կարողացել հավաքել ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնություն ստանալու համար անհրաժեշտ միավորները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խմբ. կողմից.- Մեզ հայտնի է դարձել, որ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը Չեխիայից ներկրել է շուրջ 7 մլն դոլար արժողությամբ հացաթխման սարքեր, որոնք մի քանի ամիս արդեն գտնվում են մաքսատանը: