Սակայն օտարման գործարքների քանակի փոքր նվազում է արձանագրվել
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2010-ի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15464 գործարք, ինչը 3,4 տոկոսով բարձր է մարտի եւ 35,6 տոկոսովՙ 2009-ի ապրիլի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 1,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ աճել 23,8 տոկոսով: 3880 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 80,5 տոկոսը: Մնացածը նվիրատվություններ ու փոխանակություններ են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 62 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2010-ի մարտի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում ապրիլին նվազել է 1,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատՙ 48,4 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել ենՙ 1,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | ապրիլ 2009 թ. Միջին գները (դրամ) | ապրիլ 2010 թ. Միջին գները (դրամ) | մարտ 2010 թ. Միջին գները (դրամ) |
Կենտրոն | 485100 | 469200 | 469200 |
Արաբկիր | 366900 | 389300 | 380000 |
Քանաքեռ-Զեյթուն | 289000 | 288500 | 286100 |
Նոր Նորք | 238600 | 243000 | 237600 |
Ավան | 234600 | 242500 | 239300 |
Էրեբունի | 250600 | 251400 | 251400 |
Շենգավիթ | 252000 | 256900 | 252200 |
Դավթաշեն | 265600 | 277200 | 274000 |
Աջափնյակ | 249500 | 242300 | 240500 |
Մալաթիա-Սեբաստիա | 232400 | 245500 | 240300 |
Նուբարաշեն | 134700 | 144500 | 144300 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 272600 | 277300 | 274100 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, ապրիլին վաճառվել են 294 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 19,9 տոկոսով, իսկ 2009-ի ապրիլի համեմատ աճել 39,3 տոկոսով: Բնակարանների միջին գները ապրիլին մարտի համեմատ աճել են 0,6 տոկոսով:
Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 162 հազար դրամ է կազմել, Աբովյանում 1 քմ գինըՙ 160 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 142 հազար դրամ, Գորիսըՙ 139 հազար դրամ, Իջեւանը ՙ 138 հազար դրամ, Մասիսըՙ 130 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:
2010-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 461 գործարք, որից 158-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2010-ի մարտի համեմատ աճել է 36,2 տոկոսով, իսկ մարզերում նվազել 1,9 տոկոսով: 2009-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,4 անգամ, իսկ մարզերում միասին վերցրածՙ 33,5 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի ապրիլին մարտի համեմատ աճել են 1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | ապրիլ 2009 թ. Միջին գները (դրամ) | ապրիլ 2010 թ. Միջին գները (դրամ) | մարտ 2010 թ. Միջին գները (դրամ) |
Կենտրոն | 521200 | 487200 | 486300 |
Արաբկիր | 415100 | 393000 | 386000 |
Քանաքեռ Զեյթուն | 320700 | 293300 | 291100 |
Նորք-Մարաշ | 317500 | 286200 | 285300 |
Ավան | 283500 | 247700 | 243300 |
Էրեբունի | 294700 | 259400 | 255700 |
Շենգավիթ | 285000 | 259400 | 255200 |
Դավթաշեն | 314300 | 283400 | 280500 |
Աջափնյակ | 285300 | 249000 | 246500 |
Մալաթիա-Սեբաստիա | 273000 | 246800 | 244500 |
Նուբարաշեն | 163300 | 148100 | 147700 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 315800 | 286700 | 283800 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ապրիլին մարտի համեմատ նույնպես աճել են 1 տոկոսով, իսկ ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 310 հազար դրամ: Այս ցուցանիշով Ծաղկաձորը զիջում է միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր շրջաններին: Երկրորդը Աբովյանն էՙ 1 քմ-ն 171 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 167 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 149 հազար դրամ, Գորիսըՙ 144 հազար դրամ, Իջեւանըՙ 142 հազար դրամ, Նոր Հաճընը 135 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի ապրիլինՙ 2009-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 18,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 20,1 տոկոսով:
2010-ի ապրիլին 2010-ի մարտի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 7,8 տոկոսով, իսկ 2009-ի ապրիլի համեմատ նվազել` 30,3 տոկոսով:
Ապրիլին իրականացվել են հիպոթեկային գրավադրման 186 գործարքներ, որից 141-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 82,8 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 12,9 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածըՙ հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի մարտի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 15,5 տոկոսով, ընդ որում Երեւանում` 19,5 տոկոսով, իսկ մարզերում` 4,7 տոկոսով: 2009-ի ապրիլի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 4,9 անգամ, Երեւանում` 5,6 անգամ, մարզերում` 3,5 անգամ:
Այսպիսով, 2010-ի ապրիլին, ինչպես կանխատեսել էինք նախորդ ամիսների ցուցանիշները նշելիս, պահպանվել է անցած տարվա հուլիս-օգոստոսից սկսված նախ գների կայունացման, ապա փոքր աճի միտումը: Սակայն այս տարվա ապրիլին օտարման գործարքների որոշ նվազում է արձանագրվելՙ հատկապես մարզերում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ