Հունիսի 20-ին եւ 24-ին Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի համահովանավորությամբ երկու միջոցառում է տեղի ունենալու Կալիֆոռնիայումՙ նվիրված Արշիլ Գորկուն, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված հաղորդագրությունը:
Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու հետահայաց ցուցահանդեսի բացման առթիվ անցկացվելիք միջոցառումներից առաջինը պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի «Արշիլ Գորկին եւ Հայոց ազգային ցավը» խորագրով դասախոսությունն է, որը կայանալու է հունիսի 20-ին վերոնշյալ թանգարանի «Ահմանսոն» դահլիճում: Երկրորդըՙ հունիսի 24-ին Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրումն է «Սիլվըր Սքրին թատրոնի» «Պասիֆիկ դիզայն» կենտրոնում: Ցուցադրումից հետո նախատեսված է երեկոն շարունակել հայտնի ռեժիսորի հետ զրույցի, հարց ու պատասխանի ձեւով:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է թանգարանի «Արշիլ Գորկու բարեկամների կոմիտեն», որի կազմում նշանակալի դեր ունեն Հարավային Կալիֆոռնիայի վարչական անդամ Բրուս Ռոթը եւ Ռուբինա Փիրումյանը:
Հ. Ծ.