«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄՆԱ

Եվրոմիության երկրները ամենայն հավանականությամբ կմերժեն կառույցի արտգործնախարար Քեթրին Էշթոնի առաջարկը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները վերացնելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը:

Կազմակերպությունը աշխատում է Հայաստան-Եվրոմիություն կապերն ամրապնդելու ուղղությամբ եւ պարբերաբար այս հարցով հանդիպումներ ունենում անդամ 27 երկրների ներկայացուցիչների հետ:

Ղազարյանի խոսքով, մասնավորապես, առաջարկին դեմ են արտահայտվում կառույցի նոր անդամները Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաեւ Շվեդիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Փորձագետներից շատերն են նշում, որ այդ նախաձեռնությունը կարող է նվազեցնել Եվրոմիության ներկայությունը Հարավային Կովկասում, սահմանափակել երեք երկրների կառավարությունների անմիջական կապը Բրյուսելի հետ եւ հստակ ազդանշան ուղարկել, որ այս երկրները դուրս են մղվում Բրյուսելի առաջնահերթություններից:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունն ընդգծում է, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ: «Այն պետք է դիտարկել Լիսաբոնի պայմանագրով Եվրոմիության ներսում կատարվող ներքին համակարգային փոփոխությունների եւ Եվրոմիության դիվանագիտական կորպուսը` արտաքին գործողության ծառայությունը ստեղծելու Քեթրին Էշթոնի ջանքերի համատեքստում», ասում է Սարգիս Ղազարյանը:

Թեեւ որեւէ պաշտոնական փաստաթղթում այդ մասին դեռեւս խոսք չկա, այդուամենայնիվ, այժմ Բրյուսելում լուրեր են շրջանառվում, որ համակարգային բարեփոխումների արդյունքում Եվրոմիության արտգործնախարարը կարող է առաջարկել նաեւ միավորել Հարավային Կովկասում գործող երեք դեսպանատները: «Այս միտումը հակասում է վերջին տարիների Եվրոմիության հռչակած եւ հաջողությամբ իրականացրած քաղաքականությանը յուրաքանչյուր երկրին անհատական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ: Դիվանագիտական ներկայացուցչությունները խիստ անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների եւ Եվրոմիության կողմից այս տարածաշրջանում իրականացվող ծրագրերի համար»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4