«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


ԲԼԵՖԱԾԻՆ «ՌՈՒՍԱԿԱՆ» ՏԵՂԵԿԱՆՔՙ ՀՀՇ-ԱԿԱՆ «ՄԱՏՈՌՈՎ»

Արդեն իսկ հրապարակային ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ ռուսական տարբեր, հիմնականումՙ ինտերնետային լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների դեմ հրապարակվող նյութերն ու ՀՀՇ ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցելությունները որոշակի օրինաչափությամբ աղերսվում են միմյանց:

Երեկ, օրինակ, ՀՀՇ-ական ուղղվածության թերթերը միասնաբար եւ համահունչ ողողված էին հունիսի 8-ին ռուսական «Ռեգնում» ինտերնետային լրատվական կայքում տպագրված, «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում» վերնագիրը կրող որքան ծավալուն, նույնքան էլ ջրիկ հոդվածի արտատպություններով: Պետք է նկատել, որ թե՛ այդ տեղեկանքը, թե՛ դրա արտատպությունները, ըստ մեր աղբյուրների, միանգամայն սպասելի էին: Ավելին, նման կամ այդպիսի հոդվածի ի հայտ գալը հստակ կանխատեսված են եղել մամուլում ավելի վաղ եղած հրապարակումներից մեկում:

Եթե միառժամանակ մի կողմ դնենք այդ տեղեկանքի բովանդակությունը եւ կենտրոնանաք նման կարգի հոդվածներ պատրաստելու մեխանիզմին, ապա մեր աղբյուրները մի քանի դիտարկված փաստ են հիշեցնում:

Վերջին շրջանում, ասում ենք նրանք, այսպես կոչվածՙ «ընդդիմադիր մամուլը» ռուսական տարբեր լրատվամիջոցներից պարբերաբար արտատպում է հրապարակումներ, որոնցում անդրադարձ է արվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, գործարարներին, ՀՀ-ում տիրող իրավիճակին, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին եւ այլն: Ըստ որում, ՀՀՇ-ական մամուլն իր հրապարակումները ներկայացնում է որպես ռուսական լրատվամիջոցներից արտատպված «արժանահավատ» տեղեկատվություն:

Ի՞նչ է կատարվում իրականում: Իրականում ռուսական եւ հայկական մամուլի այդ հրապարակումները ՀՀՇ-ական քարոզչամեքենայի հերթական խաբկանքի դրսեւորում են, կոնկրետ քարոզչական հաշվարկով հորինված ապատեղեկատվություն, որի հիմնական խնդիրներից մեկը քաղաքական բլեֆն է, հույսով, որ հասարակության վզին (առավելապեսՙ ականջներին) կհաջողվի ինչ-ինչ մտայնություն փաթաթել:

Իրականում, ինչպես հաղորդում են ռուսական ու հատկապես մոսկովյան լրատվական դաշտի անցուդարձին քաջատեղյակ մեր աղբյուրները, ռուսական լրատվամիջոցները կամ նրանց թղթակիցներն ընդհանրապես կապ չունեն Հայաստանի պետական ու քաղաքական գործիչների վերաբերյալ սեւ քարոզչության կանոններին համապատասխան թխված այդ հրապարակումների հետ: Ռուսական լրատվամիջոցները համապատասխան վարձավճարով ընդամենը տպագրում են այդ տեղեկատվությունը եւՙ վերջ: Իսկ «տվյալները» ռուսական լրատվամիջոցներին, ինչպես հայտնի է դարձել, ամբողջությամբ տրամադրում է ՀՀՇ լրատվական-քարոզչական խումբը, որը գործում է Վահագն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի, Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ:

Ավելի հաճախ այդ քարոզչանյութերը ոչ թե պարզապես ուղարկվում են Մոսկվա, այլ իր կարճաժամկետ այցերի ընթացքում մոսկովյան համապատասխան շրջանակներին է տրամադրում Լեւոն Զուրաբյանը: Վերջինս, ըստ մեր աղբյուրների պնդման, Մոսկվա է մեկնում հիմնականում այդ առաքելությամբ` ռուսական լրատվամիջոցներում կազմակերպելու ՀՀ-ում իրավիճակի ապակայունացմանը ուղղված տեղեկատվության «արտահոսք» Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների վերաբերյալ:

Իսկ ո՞ւմ է նա հանդիպում այնտեղ: Դա նույնպես գաղտնիք չէ մեր աղբյուրների համար. Լ. Զուրաբյանը հանդիպում է Սմբատ Կարախանյան անուն-ազգանունով անձնավորության հետ, որը քաղաքական արկածախնդրի համբավ ունի, եւ ի հավելումնՙ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբ հասարակական կազմակերպության ղեկավարն է: Հենց նա էլ Լ. Զուրաբյանից վերցնում է հերթական քարոզչանյութը եւ իր կապերի միջոցով կազմակերպում դրա «տպագրությունը», որի պատվիրատուն ու հիմնական սպառողը, փաստորեն, ՀՀՇ-ն է:

Կարելի է նաեւ «ժամանակացույցին» հետեւել, դիտել են տալիս մեր աղբյուրները: Նախՙ 2009-ի դեկտեմբերին Լեւոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցից հետո կեղծ տվյալներով հրապարակումներ տպագրվեցին ռուսական «Versia.ru» եւ «Wek.ru» ինտերնետային կայքերում: Այնուհետեւՙ Լ. Զուրաբյանը այս տարվա մարտի 28-ին 1 օրով մեկնել է Մոսկվա, որից հետո նմանատիպ հրապարակում է եղել «The Moscow Post» ինտերնետային թերթում: Եվ ահա, մայիսի 7-ից 9 Լեւոն Զուրաբյանը կրկին գտնվել է Մոսկվայում, նույն գրաֆիկով հանդիպել է իր գործընկերոջը` Սմբատ Կարախանյանին եւ նրա հետ ծրագրել են Հայաստանին առնչվող հերթական հերյուրանքի ու ապատեղեկատվության տպագրումը մոսկովյան լրատվամիջոցներից մեկում:

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. հունիսի 8-ին ռուսական «Ռեգնում» ինտերնետային լրատվական կայքում տպագրվեց, իսկ հաջորդ օրը ՀՀՇ-ական մամուլում արտատպվեց «Սոցիալ-քաղաքական իրավիճիակը Հայաստանում» վերնագրով հոդվածը: Ճիշտ է, Լ. Զուրաբյանի մայիսյան վոյաժից հետո որոշ ժամանակ է անցել (մեկ ամիս), բայց դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է միայն նրանով, որ նրա վերջին այցն ու դրա կոնկրետ նպատակներից մեկը, այդ թվում եւՙ Կարախանյանի հետ հանդիպումը, աննկատ չմնացին հայկական մամուլի էջերում: Սպասեցին եւ, համարելով, որ մեկ ամսում շատ բան կմոռացվի, գործարկեցին բլեֆ-տեղեկանքը:

Սա է իրականությունը, եւ սա է տիպիկ ՀՀՇ-ական ձեռագիրը. իրենք հավաքում են կեղծ տվյալները, արտերկրի միջին կարգի լրատվամիջոցներում կազմակերպում դրանց հրապարակումը, այնուհետեւ իրենց ենթակա լրատվամիջոցներով դրանք ներկայացնում են հայ հասարակությանը:

Կարելի է ամենեւին չկասկածել, որ վաղը, մյուս օրը ՀՀՇ-ական թերթերթը «ծամծմելու» են հիշատակված տեղեկանքը, արդեն տարբեր դարակազմիկ վերլուծություններով, ՀՀՇ տարբեր գործիչների հետ լավաշ-հարցազրույցներով, ասուլիսներով: Մի խոսքով, համակողմանի շրջանառելու են այդ տեղեկանքը, որ եթե հավատանք գրվածին, հորինվել է ավելի քան 1 տարի սրանից առաջ:

Ս. ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4