Հայկական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը նախկինում պատահական էր ու հազվադեպ: Մինչեւ 2009 թվականը միջազգային կինոփառատոններում հայաստանյան ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ էին կազմակերպվել: Եվ ահա 2009-ից Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները տեղ են գտնում աշխարհի տարբեր փառատոններում: Դրանց մասին, նաեւ ստացած բազմաթիվ մրցանակներին «Ազգը» անդրադարձել է: Այս տարի ռետրոսպեկտիվ ցուցադրությունների հրավերները շարունակվեցինՙ Իսպանիայից, Իսրայելից եւ նաեւ ԱՄՆ-ից:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոգետ Արծվի Բախչինյանը բարձր գնահատելով կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հանդեպ միջազգային կինոփառատոների կազմակերպիչների հետաքրքրությունը, նշեց, որ հայ կինոյի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է: Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 6-ը Իսրայելի Սդերոտ քաղաքում կայացած 9-րդ «Cinema South» միջազգային փառատոնի «Համաշխարհային կինո» ծրագրում հայկական կինոբաժինը ներկայացված էր Հ. Խաչատրյանի 4 ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբՙ «Սահման», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» եւ «Վերադարձ Ավետյաց երկիր»: Փառատոնի կազմակերպիչները բարձր են գնահատել այդ ֆիլմերը ու դրանց մասին գրել են «Առանց հայրենիքի հանդեպ պարտադրված կարոտի»: Հարություն Խաչատրյանի ֆիլմերը մեզ են փոխանցում ռեժիսորի մեծ սերն իր գեղեցիկ ու խորհրդավոր հայրենիքի նկատմամբ»: «Այդ ֆիլմերն ընդունվում ու սիրվում են, քանզի դրանք համամարդկային են, նույն հոգսերը, նույն պրոբլեմները եւ նույն հոգու սերն ու կարոտը», նշեց Հարություն Խաչատրյանը եւ հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն տարի Իսպանիայի միջազգային կինոփառատոն հայկական ֆիլմեր ուղարկել:
Պրն Խաչատրյանը նշեց նաեւ, որ մեր երկրի համար կինոն հզոր զենք է, որով աշխարհին կարելի է ցույց տալ, թե ով ենք մենք եւ ինչ մշակույթի կրողներ: «Մենք դեռ պետք է կինոհանդիսատեսին դահլիճ բերելու հարցը լուծենք», նշեց պրն Խաչատրյանը եւ ավելացրեց, որ առաջնահերթ է դարձել հատուկ կինոսրահ ունենալու գաղափարը, որի լուծումից հետո հետաքրքրությունը համաշխարհային եւ հայ կինոյի նկատմամբ մեր երկրում կրկին կբարձրանա:
Նշենք, որ սեպտեմբերի 3-6-ը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կլինեն նաեւ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
Մ. Մ.