Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եթերի լեզուն` գրական հայերենը:
Ունենալով վիթխարի լսարան, հեռուստատեսությունն ու ռադիոն լայն հնարավորություն ունեն իրականացնելու լեզվական դաստիարակություն, եւ այն իրականացվում է: Բայց ինչպե՞ս: Մեր եթերն այսօր ողողված է բարբառայնությամբ, օտար բառերի անհարկի գործածությամբ, անճաշակությամբ ու գռեհկաբանությամբ: Մի բան, որ հատուկ է ու ներելի միայն բակային լեզվին: Այո, բակային լեզուն այսօր տեղափոխվել է հեռուստատեսություն ու ռադիո: Իսկ գրական լեզուն ծվարել է լրատվական ու գիտահանրամատչելի հաղորդումներում: Եթերում բակային լեզվով խոսողներն, իհարկե, ունեն իրենց «հիմնավորումները»: Նրանք պնդում են, թե պետք է հարազատ մնալ միջավայրին: Ահա մի արվեստագետի կարծիք. «Երբ ֆիլմի կադրում մարդիկ վիճում են, իրար դանակահարում, պետք է հայհոյեն եւ ոչ թե խոսեն գրաբարով»: Անշուշտ, միջավայրին հարազատ մնալը արվեստի պահանջներից մեկն է, սակայն արվեստն ունի նաեւ պարտավորություն` բարձրացնել հանրության խոսքամշակութային մակարդակը: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Մեր հեռուստառադիոլրագրողները սեփական հեղինակային նյութերը ներկայացնում են գրականով, իսկ հարցազրույցները, հատկապես եթերասրահից դուրս` ոչ գրականով: Այսպես, փոխանակ զանգվածներին վարժեցնելու մշակված խոսքի, իրենք են իջնում նրանց մակարդակին: Ահա իրականությունը:
Մի բանաստեղծուհի իր եթերային խոսքում այս անխտրականությունը չակերտավոր հիմնավորեց հետեւյալ կերպ. «Մարդիկ թող խոսեն, ինչպես խոսում են: Հեռուստատեսությունում ամեն կարգի լեզու պետք է լինի: Ժարգոնն էլ է հայոց լեզուն»:
«Միայն թե հասկանալի լինի»: Այս մերժելի պայմանին առանձնապես հավատարիմ են գովազդների հեղինակները: Պատճառաբանությունը հետեւյալն է. գովազդը պետք է մատչելի լինի յուրաքանչյուր անհատի, ամեն ոք պետք է հստակ իմանա, թե հատկապես ինչի մասին է խոսքը, ինչպիսին են առաջարկվող պայմանները:
Եթերային մի ասպարեզ էլ կա, որտեղ հատկապես գերիշխում է բակային լեզուն. հումորային հաղորդումները: Այստեղ տիրում է այն համոզմունքը, թե հումոր կարելի է անել միայն ոչ գրական լեզվով: Այսպես, անեկդոտները նույնացվում են գռեհկության հետ: Նման համոզմունք ունեցողները թող ներեն, երբ այն տպավորությունն է առաջանում, թե նրանք ծանոթ չեն Հ. Պարոնյանի, Ե. Օտյանի, Լեռ Կամսարի ստեղծագործություններին, թեեւ իրենց կոչմամբ` պարտավոր են: Հումորի այդ մեծ վարպետների բազմահատոր գրական ժառանգության մեջ ոչ մի անպարկեշտ թեմա, ոչ մի գռեհիկ բառ չկա: Ինչքան ծիծաղ կա Ժ. Անանյանի կատակերգություններում, ռուս հումորիստ Մ. Զադորնովի լեզվական հնարամտություններում: Իսկ մեր «զվարճասերների» հիմնական զինանոցը անպարկեշտ թեմաներն են ու գռեհիկ խոսքը:
Մեր համոզմամբ, բակային լեզուն եթեր տեղափոխելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ գրական լեզուն շփոթվում է գեղարվեստական գրականության լեզվի հետ: Եթերում լրագրողները, ծրագրավարները, հաղորդաշարերի հեղինակները, մտավորական հյուրերը պարտավոր են խոսել մաքուր գրականով: Այլ է դերասանների խնդիրը, երբ ներկայացնում են գործող անձանց կամ մեջբերում ուրիշի խոսքը: Այդ դեպքում նրանք կարող են ըստ պահանջի փոփոխել իրենց լեզուն կամ բառապաշարը: Մի խոսքով` կարող են կերպավորել իրենց խոսքը: Սակայն մեր եթերում շարունակ իշխում է բակային լեզուն: «Ֆիլմերում ուժըսներ են լինում», «Ես վաբշե սկսեցի վախենալ», «Մեկ էլ ավտոբուսը տոռմուզ տվեց», « Չանեն գնում-գալիս էր»: Սրանք եթերում հնչած մտքեր են, որոնք, կարծում եմ, ընթերցողի զարմանքը չեն առաջացնի, քանի որ նման խոսք եթերից հնչում է ամեն օր:
Այո, գրական լեզվի աղավաղումները գրավել են եթերը: Իսկ դիտարկո՞ւմ է արդյոք լեզվի դրվածքը եթերում Լեզվի պետական տեսչությունը: Այո՛, բայց դա արվում է չափազանց սակավաթիվ ուժերով: Տարիներ առաջ այս կառույցը ինքնուրույն վարչական միավոր էր` վարչապետի ուղիղ ենթակայությամբ: Մի քանի գիտաշխատող առավոտից երեկո ունկնդրում էին հեռուստառադիոհաղորդումները, կազմում լեզվական սխալների ամփոփագրեր եւ շաբաթը մեկ անգամ ուղարկում հասցեատերերին: Սխալները կրկնվելու դեպքում տեսչության պետի հանձնարարությամբ անձնական զրույցներ էին ունենում հեղինակների հետ կամ հանդես գալիս մամուլում, եթերում: Այժմ Լեզվի պետական տեսչության գործառույթները նեղացել են, մնացել է նախկին անձնակազմի 1/3-ը: Կրճատվել են նաեւ եթերը վերահսկողների հաստիքները: Այսպիսի պայմաններում տեսչությունն ի վիճակի չէ լիարժեք իրականացնելու իր գործառույթները: Երազանք է մնացել գոնե ամսաթերթ ունենալը: Ասենք, որ «Լեզվաշխարհ» թերթի միայն մեկ համարը տպագրվեց: Իսկ այդպիսի մի օրգանը զանգվածների լեզվադաստիարակության գործում հսկայական նշանակություն կունենար: Այս ամենը չկա, եւ լեզվական աղավաղումներն աճում են մինչեւ ամենաթողության աստիճան: Ուրեմն փոփոխություններ են պետք, որպեսզի անտարբերությունը շրջանցի լեզվական հիմնախնդիրները, եւ մեր լեզվի մաքրության ու պահպանման գործը բոլորիս ուշադրության կենտրոնում լինի ամեն օր:
ԵՐՋԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, բանասիրական գիտությունների դոկտոր