Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 9-րդ տուրում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը սեւերով հաշտություն կնքեց Իմրե Հերայի հետ: Հարությունյանը 6,5 միավորով 14-րդ տեղում է: Հրայր Սիմոնյանը սպիտակներով հաղթեց Մոհապատրա Սիդհանտին եւ վաստակելով 5,5 միավոր, մրցաշարային աղյուսակում բարձրացավ 83-րդ հորիզոնական:
9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Կոկարեւը: Նա սպիտակներով հաղթեց Ռուստամ Խուսնուտդինովին: Առաջատարին կես միավոր են զիջում ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւն ու Բրազիլիան ներկայացնող Ալեքսանդր Ֆիերը: Երկուսն էլ հաղթանակ տոնեցին: Դրեեւը հաղթեց Անտոն Կովալյովին, Ֆիեռը պարտության մատնեց Դմիտրի Բոչարովին: 7 շախմատիստներ 7 միավորով առաջատարներին հետապնդող խմբում են:
Նախավերջին տուրում կկայանա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը, որի ելքը վճռորոշ կլինի գլխավոր մրցանակի համար պայքարում: Մրցաշարի առաջատար Դմիտրի Կոկարեւը սեւերով կխաղա Ալեքսեյ Դրեեւի հետ: Ալեքսանդր Ֆիեռի մրցակիցը կլինի 7 միավոր ունեցող Մաքսիմ Տուրովը: Գեւորգ Հարությունյանը կխաղա Պաբլո Լաֆուենտեի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ