«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2010-06-09 | #106, 2010-06-10 | #107, 2010-06-11


ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օտարալեզու դպրոցների հարցի քննարկումը վերջին շաբաթների ընթացքում դարձել է մեր հանրության մի մասի հետաքրքրության հիմնական թեման, ակտիվացրել է շատերին եւ տարբեր հարցազրույցների ու կարծիքների պատճառ դարձել: Սակայն կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնության սկսված քննարկումները շատ սահուն կերպով ձեռք են բերել ընդգծված հակառուսական երանգներ: Որոշ կայքէջեր ուղղակի ողողված են հայտարարություններով եւ հարցազրույցներով, որտեղ հեղինակները «100 % ճշտությամբ» պնդում են, որ այս նախաձեռնության հետեւում կանգնած է պաշտոնական Մոսկվան, եւ իբր այնտեղից ամեն օր զանգահարում են Երեւան եւ պահանջում օտարալեզու դպրոցներ մտցնել Հայաստանում: Թե այս ամենը ռուսների ինչին է պետք, ոչ մի «մեկնաբան» չի փորձում բացատրել, չնայած տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե, Աստված չանի, այս օրենքն ընդունվի, հայ մեծահարուստները կնախընտրեն իրենց երեխաներին ոչ թե ռուսական, այլ անգլիական դպրոցներ ուղարկել, այսինքնՙ գերիշխողը հենց անգլիալեզու դպրոցները կլինեն: Հետեւաբար, հզոր տրամաբանությամբ զինված ու հակառուսականություն քարոզող կայէջերը ի՞նչ տրամաբանությամբ են այս ամենում ռուսական «հետք» փնտրումՙ անհասկանալի է: Տվյալ դեպքում, հավանաբար, տրամաբանական կլիներ խոսել անգլիական, ամերիկյան կամ անգլիալեզու մեկ այլ պետության, ասենք, Հնդկաստանի «հետքի» մասին, այլ ոչ ռուսականի: Սակայն հասկանալի է, որ խնդիրը օտարալեզու դպրոցների տխմար օրենքի քննարկումը չէ, այլՙ հակառուսական տրամադրություններ քարոզելու մոլուցքը, ինչին ժամանակ առ ժամանակ, տարբեր կենտրոնների ֆինանսավորմամբ, լծվում են որոշ կայքէջեր: Իսկ դրա համար օգտագործվում է ամեն առիթ եւ առանց որեւէ էական բացատրության այն կապում «դավադիր» ռուսների հետ, որոնք ցանկանում են գրավել Հայաստանը, եւ սկսվում է հակաքարոզը:

Նման քարոզի վտանգն այն է, որ փորձ է արվում խնդիրը շեղել իրական պրոբլեմից, որ օտարալեզու դպրոցների ներմուծման դրդապատճառը Հայաստանում տարիներ շարունակ եվրոպական ծրագրերի օրինակով եւ ֆինանսավորմամբ տարվող կրթական «բարեփոխումների» գործընթացն է, որն արդեն այսօր կարող ենք փաստել, ավարտվել է լիակատար ձախողմամբ: Միջնակարգ կրթության նախկին համակարգը ոչնչացված է, իսկ նորը չի գործում: Հետեւաբար իրավիճակը փրկելու համար կրթության պատասխանատուները հղացել են «հանճարեղ» միտքՙ թույլ տալ օտարալեզու դպրոցներ բացել, ինչը ոչ միայն հարցի լուծում չէ, այլ էլ ավելի կխորացնի սոցիալական անդունդը աղքատների եւ հարուստների միջեւ, քանի որ այդ դպրոցները կլինեն միայն վերջիններիս մենաշնորհը եւ էլ ավելի կթուլացնեն հայկական դպրոցը:

Այսօր արդեն բարձրաձայն պետք է փաստենք այն իրողությունը, որ հանրակրթական դպրոցի բարեփոխումները, ինչով ակտիվորեն վերջին տարիներին զբաղվում էին կրթության եւ գիտության մի շարք նախարարներ, լիովին ձախողվել են, մենք հինը կորցրել ենք, իսկ նորը չենք ստեղծել ու հերթական անգամ հարցը լուծելու փոխարեն ապավինում ենք դրսին եւ հենց դրսում էլ փորձում փնտրել մեր խնդիրների մեղավորին:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4