Գեղանկարչական ներկայիս իրողությունների, ցուցահանդեսային ներկայացումների մեջ լինում են եւ ոչ հազվադեպ այնպիսիք, որոնց տոնականությունը տրամադրություն ստեղծում է տեւական ժամանակների համար: Դա հիշողության մեջ արտատպված գունային հետքի կամ երազի է վերածվում հետո: Այդպիսիներից էր ժամանակակից արվեստի թանգարանիՙ 60-ականների ամենացայտուն արվեստագետներից երեքիՙ Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Խարազյանի եւ Արա Շիրազի միացյալ ցուցահանդեսը (ապրիլի 16-ից մայիսի 16-ը), ուր այցելեցի երկու անգամ, բացմանՙ դիտելիության առումով դժվար (շատ էր մարդաշատ) առաջին եւ վերջին օրերին, երբ սրահների գունային լռության ունկնդիրն էի գրեթե մենակ: (Թանգարանի նորակառույց մասնաշենքի դռների առաջ նստած էր Ռոբերտ Էլիբեկյանը, ինձ հետաքրքիր էր նկարչի գործերը նայելՙ իմանալով, որ հեղինակը մի քանի քայլ է հեռու, բայց հաղորդակցվել կամ զրուցել ուզենալ լուռ, առանց խոսքի, նկարների միջոցով միայն, փորձել հասկանալ առանց միջամտության):
Նոթատետրի գրառումները պահի մեջ երկխոսություն սկսած նկարներին են վերաբերում, միայն խորագրեր են, որոնք հետագայում օգնում ենՙ գտնելու իրենց «տերերի» գույներն ու ձեւերը. դրանք յուրատեսակ հուշարարներ են, որ պատմում են նոր տարածությունների ու աշխարհների մասին, որոնք կտավի սահմանափակ տարածքից ներս ստեղծում են զարմանալիորեն անսահման վիճակներՙ մտային ու հոգեւոր:
Թատերաբեմը Ռոբերտ Էլիբեկյանի արվեստային գործողությունների նախասիրած վայրն է: Այս պայմանական աշխարհում նրա գունային պատկերը ձեռք է բերում արտիստիկ կեցվածքՙ հանդիսավոր գեղեցկությունների մեջ ընկողմանած, գոյության սահմանների խիստ ենթադրյալությամբ: Եթե իրական բեմը կամ թատրոնը կյանքի քողազերծման հանդիսավայրն էՙ պայմանականություններ բացահայտելու, ապա Էլիբեկյանի թատերայնացված մտածողության գեղանկարչական լեզուն ընդգծում է այդ նույն կյանքի երկվությունըՙ մի կողմից փորձելով պահպանել դրա գեղագիտությունը, մյուս կողմիցՙ կտավի ետնախորքի գունային դրամատիզմը ստեղծում է հակասությունՙ թեւավոր երազի ու մերկ իրականության միջեւ: Նրա նկարներում թռիչքը մտային վիճակ է, բոլոր կերպարները, պատկերները ասես մաքրագործվում են ճախրանքիՙ բարձունքին ձգտելու ճանապարհին: Նրա կանայք եւ կան եւ չկան, նրանց մարմնական ձեւերը եթերային տպավորություն են թողնում, ինչ-որ տեղ բեմական կեցվածքով, սպասման առեղծվածային լռությամբ, որն ասես պարուրում, շղարշում է իրենց: Ռ. Էլիբեկյանի գույնը նոսր չէ բոլորովին, այն շատ հարուստ է, նույնիսկ խիտՙ երբեմն, բայց ներքին լուսավորությունն «ամենածանր» գույներն անգամ («Միստերիա», «Ողբ-1», «Ողբ-2», «Արշիլ Գորկու հիշատակին») դարձնում է կտավը տարածական, բաց, ներընկալելի, խորքումՙ երաժշտական. այդ հարուստ գունանվագը միջնադարյան պալատական հնչողություն է տարածում: Միֆական տեսիլքների, անմարմին թռչող պատկերների միջոցով նկարները անորսալի, եթերային հատկանիշ են ձեռք բերում:
Ցուցասրահի, եթե չեմ սխալվում, երրորդ հատվածի ձախակողմյան պատին լավագույն նկարներն էինՙ կողք կողքիՙ գունային, նաեւ իմաստային փոխլրացնող դրամատիկ կոմպոզիցիա ստեղծած: Նկարների էներգետիկ կենտրոնում կանաչն էրՙ միստիկ-շղարշային զգացողություններով, մարդու երկվությանՙ աշխարհիկ կեցության եւ հոգեւոր գոյության դրամատիկ ելեւէջներով. Էլիբեկյանի այս շարքը («Ողբերգություն», «Վերք», «Տեսիլք», «Միստերիա») մոգական զորությամբ բացում է աչքը դեպի այլ աշխարհ, որը նկարագրելի չէ. արվեստագետը հուշարար է, միջնորդ-կապ անցողիկի եւ անանցի միջեւ: Ռ. Էլիբեկյանի գունային դրաման, ձեւերի առեղծվածայնությունը, թատերային խաղը մարդու կարոտն էՙ կորուսյալ, ինչ-որ ժամանակ, անանուն մի տեղ թողած, որոնելի աշխարհի հանդեպ: Էլիբեկյանի նկարչությանը բնորոշ բարձր տոնայնությունները, գունային հանդիսավորությունն ու թատերայնությունը այս ցուցահանդեսում, այդուհանդերձ, կարելի է ասել ետին պլան էին մղվել, գլխավոր մոտիվը կամ ներքին իշխող տրամադրությունը ոչ այնքան հանդիսավորությունը, որքան հոգեվիճակային արտահայտություններն էինՙ տխրությունից, դրամատիզմից մինչեւ ողբերգություն, սակայն թեթեւ, լուսավոր նվագներով: Այդ ողբերգությունը մռայլ, առավել եւս հուսահատեցնող չէ, քանի որ նկարչի գեղագիտական ու մարդկային հայացքը լույսի հետեւորդն է ու նրա զգայուն թարգմանը:
Էդվարդ Խարազյանը նույն 60-ականների սերնդիցՙ նկարչական ինքնատիպ դրսեւորումներ ունի: Նրա արվեստը առաջին, սովորական ընկալման համար դյուրամարս չէ: Ինքը աշխատում է նվազագույնի հասցնել արտաքին աշխարհի պատկերային համակարգըՙ ստեղծելով նշանների իր տարածքը գունային պարզ թվացող հարթությունների վրաՙ խորամոյն իր մտքերի, ներքին կյանքի մեջ: Եթե փորձենք մի պահ վերանալ աշխարհի ձեւերիցՙ թափառելով ներանձնականի խորքերում, կհայտնաբերենք մեզ անկշռելիության վիճակում, ուր ծանոթ առարկաները կերպափոխվում են զգացողությունների, ուր նյութը տրանսֆորմացվում, նոսրանում, դառնում է գույն, հնչյուն, նվաղում: Կտավին հանձնված գույնի մաքուր վիճակները եւ «ժլատ» պատկերները նույնքան թափանցիկ, անմարմին ենՙ զգուշավորությամբ, թվացյալ դատարկ տարածությամբ: Էդ. Խարազյանի աննյութականությունը քնարականությամբ է շնչում, ամենագեղեցիկը այն հստակությունն է, որ իր մեջ հայտնաբերում է նկարիչըՙ իրերի աշխարհից վերացարկվելիս: Աշխարհը ակնարկների մեջ է բացահայտվում-երեւումՙ որպես պատառիկներ անցյալից, կետագծերՙ ներկայի: Նկարի մակերեսների գունային մենախոսություններըՙ ապագայի մեջ ենՙ լողացող հիշողության ծվեններով («Ռիթմ», «Պոռթկում», «Պատուհան», «Տարածության մոդուլ», «Շարժում»): Նա հաճախ է դուրս հոսում ժամանակից, մոտենում ձգողականությունից ազատագրվելու վիճակինՙ «Անկշռելիության»ՙ բաց մոխրագույն, նոսր մակերեսներին: Էդվարդ Խարազյանի վերջին շրջանի արվեստն ասես ընդհանրացնում է անցած ճանապարհն ու ապրած ժամանակը, որոնցից արտաբեկվող պատկերները տարերային կամ պատահական չեն. դրանք իմաստային, հոգեւոր կենսագրության լիցքեր են կրում, գույնի հանդարտ հարթություններին ոչ միայն առանձնատիպ գեղեցիկՙ անսպասելի վառ առկայծումներով, այլեւ իրենց շուրջը առաջ բերած զգացողությունների, խոհերի ծփանքներով:
Արա Շիրազը ներկայանում է բազմապլանային եւ բազմաձեւՙ քանդակի հղացման դասական սկզբունքներով եւ նորարական ձեւերի զուգակցումներով: Նյութը մեկնաբանված է տարբեր շերտերովՙ համապատասխան իմաստային հղացքին: Դասական մոտեցումներում օգտագործվում է ժամանակի մեջ դիմադրող նյութը. նա ամուր է, կայուն: Շիրազի քանդակները էքսպոզիցիայի գեղանկարչական միջավայրում դիտվում են օրգանապես փոխկապակցված, դրանք ձուլվում, ներդաշնակվում են ընդհանուրի ոգուն: Անկասկած, դիմաքանդակները տիրապետող են տպավորության առումով: Մոդեռնիստական ոճով արված կոմպոզիցիաները թեմատիկ-իմաստային շեշտադրում ունեն. դրանք հիշողություններ են, մարդկայն կյանքի, հոգեւոր ապրումի վերարտադրություններ, սիմվոլներ, նշաններ («Փլված մատուռ»): Հին իրերի մեջ նա նույնպես որոշակի վիճակ, ժամանակային խտացում, պատմության հետքեր է տեսնում («Ռելիեֆներ»): Շատ զգացմունքայնություն, թախիծ է ծվարած «Ռեքվիեմ Սիփանի հիշատակին» հորինվածքում:
Կարծր նյութի միջից Արա Շիրազը դուրս է կորզում նրա ոգին, վերածում երբեմն փխրուն, երբեմն երերացող, երբեմն էլ կարծր կերպարների:
Արդիական կամ վերացարկված ձեւերն ընդունված կարծրատիպերից ազատ են, ավելի գաղափարակիր, մտածողական հորինվածքներ: Սակայն Շիրազի քանդակային մտածողության ակնհայտ նվաճումը դիմաքանդակներն ենՙ տվյալ անհատի ներքին դիմագծի բնորոշ կնիքը վրան, արտահայտիչ, ինչպես առանձին դետալների (ծխամորճ, գլխարկ, վզնոց եւ այլն), առավելաբարՙ խարակտերային ընդգծվածությամբ: Այդպիսին են Երվանդ Քոչարի, Սեթ Ռաշմաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Խարազյանի քանդակները, նաեւՙ «Ինքնադիմաքանդակը»:
Այստեղ փակենք ցուցահանդեսի հիշողությունների էջը եւ անդրադառնանք կատալոգինՙ տպագրված այս նույն առիթով, որի երեք առանձին բաժինները ներկայացնում են Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի եւ Էդվարդ Խարազյանի համառոտ կենսագրականներն ու ստեղծագործությունների գունավոր վերատպությունները (նկարների խորագրերը զետեղված են վերջումՙ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում վերաբացել տալով այդ էջերը):
Կատալոգըՙ հայերեն եւ անգլերեն զուգադիր տեքստերով, հրատարակվել է Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Տիգրան Մեծ» տպագրատանը, համակարգողՙ Ռոբերտ Էլիբեկյան:
60-ականներ հայ գեղագիտական մտահամակարգի, նոր արտահայտչաձեւերի, դրանց զարգացումների եւ այդ հայացքները կրող սերնդի գաղափարակից ու հոգեկից, նաեւ այդ զարգացումների անմիջական մասնակից-տեսաբանն էր Պողոս Հայթայանը , եւ այս կատալոգն ավելի է արժեւորվում արվեստաբանական այն հիանալի, ընդգրկուն, խորքային տեքստով, որով Պողոս Հայթայանը ներկայացնում է իրեն քաջածանոթՙ թե մարդկային, թե ստեղծագործական շերտերով, այս երեք արվեստագետներին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Ռ. Էլիբեկյան «Կիսադեմ»
Նկար 2. Էդ. Խարազյան «Պատուհան»
Նկար 3. Արա Շիրազ «Սեթ Ռաշմաջյան»