Մեկ անգամ գրել ենք Երեւանի կենտրոնի երկու կանգառներումՙ Ամիրյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի եւ Տիգրան Մեծի պողոտայի կ/թ «Երեւանի» մոտ, կանգառն արգելելու Երեւանի քաղաքապետարանի որոշման մասին: Նշել ենք, որ դա լուրջ անհարմարություն է ստեղծել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախարարությունների, պետական եւ մասնավոր հաստատությունների, բանկերի աշխատակիցների համար: Անցել է մի քանի ամիս, բայց իրավիճակը չի փոխվել:
Հատկապես անհասկանալի է կ/թ «Երեւանի» մոտ կանգառն արգելելը: Ավանդաբար այստեղ իջնող ուղեւորները ստիպված են լինում իջնել «Այրարատ» տոնավաճառի մոտ եւ քայլելով հետ վերադառնալ դեպի Հանրապետության հրապարակի շրջակայք: Սակայն դրան նախորդում է արդեն ավանդական դարձած բանակցություններ-բանավեճ-համաձայնությունը ուղեւորների եւ վարորդի միջեւ: Նախ սկսվում են բանակցությունները վարորդի հետՙ կանգառ կատարելու համար, վերջինս մերժում էՙ պատճառաբանելով, որ դրա համար կարող է տուգանվել 10 հազար դրամով, սկսվում է բանավեճը, թե ինչ են մտածել իշխանությունները կանգառն այստեղից հանելով, եւ ավարտվում է համաձայնությամբ, որ իշխանավորները տրանսպորտով չեն երթեւեկում. «Նրանց շատ պետք է, թե ժողովրդի վիճակն ինչ կլինի»:
Բնականաբար, հակառակ ուղղությամբ նույնպես այդ նույն հրապարակի շրջակայքում աշխատող կամ բնակվող կամ պարզապես գտնվող մարդիկ դարձյալ քայլարշավ են կատարում դեպի «Այրարատ» տոնավաճառի մոտ գտնվող կանգառ: Բացի նրանից, որ կ/թ «Երեւանի» մոտ կանգառն ուղղակի անհրաժեշտություն էՙ նկատի ունենալով արդեն վերեւում նշված հանգամանքները, դրա բացակայությունը ե՛ւ ուղեւորների, ե՛ւ տրանսպորտի մեծ կուտակումներ է առաջացնում «Այրարատ» տոնավաճառի կանգառում: Այդ կանգառն ուղղակի առաձգական է դարձելՙ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները շարվում են մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր մետր երկարությամբ, էլ չխոսելով դրանց զուգահեռ երկրորդ, երրորդ շարասյուների մասին: Այս կանգառում հաճախ ուղղակի անհնար է լինում տրանսպորտից օգտվել, քանի որ անհրաժեշտ միկրոավտոբուսը, երրորդ շարքով շարժվելով, պարզապես չի տեսնում կանգառում գտնվող իր ուղեւորներին կամ տեղ չի գտնում կանգառ կատարելու: Եթե ավելացնենք տաքսիների հենց կանգառներում կայանելու պատուհաս դարձած սովորույթը, որն առավել ցայտուն է արտահայտվում հատկապես այստեղ, եւ ճանապարհային ոստիկանության լիակատար անտարբերությունն այդ երեւույթի նկատմամբ, պատկերը թերեւս լիարժեք կդառնա:
Մեկ անգամ եւս հույս հայտնենք, որ այս խնդրին Երեւանի քաղաքապետարանում լուծում կգտնեն ու գոնե «Երեւան» կ/թ-ի մոտ կանգառ կտեղադրեն: Ի վերջո, կանգառները պետք է հարմար լինեն մարդկանց համար, ոչ թե մարդիկ հարմարվեն կանգառների անտրամաբանական տեղադրվածությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ