«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում ընթացող շինարարության բացասական ազդեցությունը կենսաբազմազանության եւ վայրի բնության վրա հսկայական է: Խոսրովի արգելոցում կան ավելի քան 1000 տեսակի բույսեր ու ծառեր, որոնք կկանգնեն ոչնչացման վտանգի առաջ:
«Թռչնասերների կենտրոնի» նախագահ Սիլվա Ադամյանը «Խոսրովի անտառ» արգելոցում կատարվող շինարարությունը որակում է աղետ:
«Հայաստանը անտառազուրկ եւ ջրազուրկ տարածք է, այս առումով Խոսրովի անտառի նշանակությունը շատ մեծ է: Խոսրովի անտառում կա 150 տեսակի թռչուն: Գիշատիչների 70 տոկոսը հայտնվել է կարմիր գրքում: Մարդու ազդեցությունը, աղմուկը, շարժը վնասակար են, կարող ենք կորցնել բազմաթիվ թռչնատեսակներ», ասաց նա: Ադամյանն արդեն վաղուց չի հավատում բնապահպանության նախարարության խոստումներին: «Գիլան» արգելավայրի հետ կապված հայտարարությունն էլՙ «նախարարության աշխատակիցները կվերահսկեն, որ ծառահատումներ չլինեն», բնապահպանն այդ շարքին է դասում:
«Չեմ հավատում նրանց ոչ մի խոսքին: Ինչ պետք էր` արել են, եղել են ծառահատումներ ու դեռ կլինեն: Այնտեղ շինարարություն կանեն, հետո կթույլատրեն որսը: Խոսրովի անտառը կդառնա որսի համար նախատեսված մի գոտի, վերջնականապես չեն բետոնացնի, բայց կդարձնեն էլիտար գազանանոց, երբ մեր մեծահարուստներն այնտեղ կգնան որսի: Խոսրովի անտառը կդառնա էլիտար բիզնեսի մի վայր», «Ազգի» հետ զրույցում ասաց նա:
«Հայաստանը չի կարող նման շռայլություն թույլատրել, արգելոցի ինչ-որ մի հատված դարձնել արգելավայր եւ այնտեղ շինարարություն սկսել: Չենք կարողանում մեր տարածքները պահպանել: Խոսրովի անտառում կա բարձր կենսաբազմազանություն, այնտեղ կատարվող շինարարությունը հսկայական վնաս կհասցնի բնությանը: Հայաստանը ստորագրել է միջազգային պարտավորվածություններ, սակայն դրանք պահպանելու փոխարեն անընդհատ ոչնչացնում են», ասաց էկոլոգ Կարինե Դանիելյանը :
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը երկու օր առաջ է այցելել «Գիլան» արգելավայր, զրուցել շինարարների հետ: Հարցին` «Ի՞նչ եք կառուցում», պատասխանել են` «Դրախտ»: «Արգելավայրում լայն թափով շինարարություն է ընթանում: Կառավարությունը համապատախան որոշում է կայացրել, ու այժմ, ըստ փաստաթղթերի, ամեն ինչ օրինական է: Ակնհայտ է, որ օբյեկտ են կառուցում, եւ այնտեղ մարդիկ են այցելելու, իսկ դա իր հետ կբերի լուրջ խնդիրներ: Եթե ցանկանում են էկոտուրիզմ զարգացնել, ապա պետք է հաշվի առնեն մի շարք պայմաններ, մինչդեռ դրանք խախտվում են: Էկոտուրիզմի պայմաններում շրջակա միջավայրի մաքրությունը պետք է պահպանվի, ինչը նրանք չեն պահպանում: Խոսրովի անտառը մասնատում են: Նախ Ուրցասարի լեռնաշղթան վարձակալությամբ տրամադրեցին, հիմա «Գիլան» արգելավայրում են կառուցում», նկատեց նա:
Զառաֆյանը հավելում է, որ հարցը պետք է լուծվի օրինական ճանապարհով: Պետք է 2007-ի կառավարության ընդունած որոշումըՙ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Գիլան» արգելավայր կառուցելու վերաբերյալ, ճանաչել անվավեր եւ չեղյալ համարել «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ