«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2010-06-11 | #108, 2010-06-12 | #109, 2010-06-15


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ներքին առաջնությունը շարունակվում է: Առանց այն էլ Հայաստանի առաջնության հանդիպումները տրիբունաներում քիչ թվով հանդիսականներ են հավաքում, իսկ այս օրերին նրանց թիվը հասկանալի պատճառներով ավելի է կրճատվել:

Սակայն Հայաստանի առաջնությունում էլ հետաքրքրական իրադարձություններ են ծավալվում: Այս առումով հատկապես առանձնացավ 11-րդ տուրը: Նախ, տուրն աչքի ընկավ ընթացիկ առաջնության համար ռեկորդային արդյունավետությամբ. խփվեց 19 գնդակ: Իսկ գլխավորը երկրի չեմպիոն «Փյունիկի» անհաջողությունն էր «Ուլիսի» հետ մրցավեճում: Վերջին հանդիպումներում ուլիսցիների խաղը չէր ստացվում: Բացի այդ էլ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» 3 անգամ հաղթել էր «Ուլիսին»ՙ սեփական դարպասը պահելով անառիկ: Ուստի ոչ ոք չէր կասկածում, որ «Փյունիկը» հերթական հաղթանակը կտոնի:

Սակայն չեմպիոնի անխափան գործող մեխանիզմում կարծես ինչ որ բան խաթարվեց: Գուցե փյունիկցիների վրա ազդեց արագ բաց թողած գոլը: Արդեն 2-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի հարվածից հետո «Փյունիկը» հայտնվեց հետապնդողի դերում: Ճիշտ է, 14-րդ րոպեին Մարկոսը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն դա չեմպիոնի միակ հաջողությունն էր: Ուլիսցիները խաղը կառուցելով հակագրոհների վրա, կարողացան 2-րդ խաղակեսում 2 գոլ խփել ու կարեւոր հաղթանակ տոնել 3-1 հաշվով: Աչքի ընկան Նորայր Սահակյանն ու Դավիթ Գրիգորյանը: Այսպիսով, «Փյունիկն» առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց, ինչը զգալիորեն սրեց մրցակցությունը չեմպիոնի տիտղոսի համար:

«Փյունիկի» «սայթաքումից» օգտվեց «Բանանցը», որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, միավորներով հավասարվեց առաջատարին: «Բանանցը» վերջին հանդիպումներում բավական ագրեսիվ ու արդյունավետ խաղ է ցուցադրում: «Գանձասարի» հետ խաղում էլ «Բանանցն» արդեն առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքը: Էդուարդո դո Սանթոսը 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենիրան Օրտեգան: Երկրորդ խաղակեսում այլեւս գոլ չգրանցվեց: «Բանանցը» 4-րդ խոշոր հաշվով հաղթանակը տոնեց:

Խոշոր հաշիվ գրանցվեց նաեւ «Միկա»-«Շիրակ» մրցավեճում: Վերջին 4 խաղերում «Միկային» չէր հաջողվում հաղթանակ տոնել: Եվ ահա «Շիրակի» հետ խաղում միկացիները 6 անգամ գրավեցին մրցակցի դարպասըՙ հագեցնելով գոլային ծարավը: 2-ական գոլ խփեցին Էդնեյն ու Էդիլսոնը, մեկական անգամ աչքի ընկան Բոտի Դեմելն ու Արմեն Պետրոսյանը: «Շիրակը» դրանց պատասխանեց Մկրտիչ Նալբանդյանի խփած միակ գնդակով: Նախորդ տուրում «Կիլիկիայի» հետ խաղում հաղթանակը ձեռքից բաց թողնելուց հետո «Միկայի» ղեկավարությունը որոշեց հրաժարվել Աղվամ Մկրտչյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի ծառայություններից: Աղվանն արդեն նոր թիմ է գտել. նա հանդես կգա Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորում»: Թադեւոսյանի փոխարեն «Միկայի» ավագ է ընտրվել Հրայր Մկոյանը:

Իր երկրպագուներին վերջապես ուրախացրեց «Կիլիկիան», որը 8 խաղ շարունակ հաղթանակ չէր տոնել: Կիլիկիացիները 3-2 հաշվով Դիլիջանում պարտության մատնեցին «Իմպուլսին», որի ղեկը նոր է ստանձնել Արմեն Գյուլբուդաղյանցը: Վերջինիս նորամուտն անհաջող ստացվեց: «Կիլիկիայից» գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Ղարաբաղցյանը, Կարեն Խաչատրյանը եւ Սարգիս Մովսիսյանը: «Իմպուլսից» աչքի ընկան Ալբերտ Հովակիմյանը (11 մ հարվածով) եւ Արման Մինասյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Կիլիկիան» հեռացավ վտանգավոր գոտուց:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1182128-826
2. Բանանց1182126-1126
3. Ուլիս1172216-623
4. Միկա1162319-1020
5. Իմպուլս113178-1910
6. Կիլիկիա1131711-2310
7. Գանձասար113088-199
8. Շիրակ1110109-293

Ռմբարկուները

Էդուարդո դո Սանթոս«Բանանց»10
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»8
Սամվել Մելքոնյան«Բանանց»5
Մարկոս Պիզելի«Փյունիկ»5
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»4
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»4
Էդնեյ դե Օլիվեյրա«Միկա»4

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4