«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂԵՐՁ ՀՂԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ

Միջազգային ուժերը հայ-թուրքական գործընթացի հարցում նրա դիրքորոշումն են պաշտպանում

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հունիսի 14-ին Թբիլիսիում իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել քննարկումները Թուրքիայի հետ, եթե հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ փոփոխություն լինի թուրքական դիրքորոշման մեջ:

Այնուհետեւ, ինչպես հունիսի 15-ի համարում նշել է «Ազգը», նա շարունակել էր. «Թուրքիան արգելափակեց երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրությունները, ինչը եւ հանգեցրեց գործընթացի լճացմանը, եւ եթե Թուրքիան պատրաստակամություն դրսեւորի դրանց ընդունման առնչությամբ, ապա մենք պատրաստ ենք վերսկել բանակցությունները: Որոշ նախապայմանների պատճառով գործընթացը կասեցվեց: Երեւանը ողջունում է միջնորդական ամեն մի ջանք: Սակայն սպասում ենք, որ Անկարայի վարչակարգը պատրաստ լինի քայլ կատարելու»:

Հունիսի 15-ին «Հայաստանի ուղերձն Անկարային» վերնագրով արտգործնախարար Նալբանդյանի հայտարարություններին անդրադարձել է նաեւ թուրքական «Հյուրիեթը», մատնանշելով. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ թուրքական կառավարությունը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը Հայաստանի հետ նորմալացման գործընթացում»:

Թե «Հյուրիեթը» ո՞ր առաջադրանքով է արձագանքել ՀՀ արտգործնախարարի հայտարարություններին, առավել եւս դրանք վերագրել Անկարային Հայաստանի հղած ուղերձին, դժվար է ասելը, քանի որ այլ մեկնաբանություն չի տալիս: Բայց որ այս թերթը, որպես քեմալական ազգայնականության ջատագով, ամենեւին էլ բարյացակամ վերաբերմունք չունի վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների նկատմամբ, ակնհայտ է: Այսինքնՙ իշխանությունները տեղեկության արտահոսքի կարիք ունենալու պարագայում «Հյուրիեթին» չեն դիմի:

Ակնհայտ է նաեւ, որ Իսրայելի հետ առաջացած ճգնաժամի պայմաններում, երբ միաժամանակ սրվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, Թուրքիան հազիվ թե պատրաստակամություն ցուցաբերի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում:

Խնդիրը, սակայն, Թուրքիայի պատրաստակամությունը չէ, այլ մրջազգային ուժերի աջակցությունը, որին արժանանում է հայ-թուրքական նորմալացման գործընթացում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը: Այլ կերպ, Հայաստանը, հակառակ «Հյուրիեթի» հետեւության, Անկարային ուղերձ հղելու կարիք չունի, որովհետեւ նորմալացման գործընթացն ինքը չի ձախողել: Դա բախվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող թուրքական նախապայմաններին, որոնք անհարիր են միջազգային պրակտիկայում:

Ռուսաստանի հետ «մերձեցումը» կարճաժամկետ հեռանկարում գուցե հնարավորություն տա Թուրքիային հակակշռելու Վաշինգտոնի ազդեցությունը: Սակայն միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան էներգետիկ կախվածության մեջ կհայտնվի Ռուսաստանից: Եվ միանգամայն հնարավոր է, որ երկարաժամկետ հեռանկարում դա հանգեցնի քաղաքական կախվածության: Այդ դեպքում արդեն թուրք-իսրայելական լարվածությունը կտեղափոխվի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարթություն:

ԱՄՆ-ի հետ լարվածության պայմաններում տարածաշրջանի արաբական երկրներըՙ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, անկախ վարչապետ Էրդողանի հակաիսրայելական ելույթներից, կվերանայեն Թուրքիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը, եւ ամենայն հավանականությամբ նա կզրկվի այս պետությունների բարյացակամ մոտեցումից:

Դա Թուրքիային միանգամայն կզրկի ոչ թե տարածաշրջանում առաջնորդողի դերից, այլ այդ դերին հավակնելու իրավունքից: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այս ենթատարածաշրջանը Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու յուրատեսակ կամուրջ է Ռուսաստանի համար: Թերեւս Հայաստանն է ապահովում ռուսական ներկայությունն այստեղ, կատարելով դրական գործոնի դեր ռուսների համար, այն էլՙ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության հետ հանուն ազդեցության Հարավային Կովկասում ծավալվող անհաշտ մրցապայքարի պայմաններում:

Քանի որ այս մրցապայքարի ելքը մեծապես կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնություններից հաջողությունից, ուստի Հարավային Կովկասում հանուն ազդեցության միմյանց հետ մրցակցող ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները լինեն, պայքարում են նաեւ ղարաբաղյան հակամարտության նախաձեռնությանը տիրելու համար: Ահա թե ինչու միջազգային ուժերը հայկական քաղաքականության հարցում չեն ընդառաջում Թուրքիային, մերժում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու նրա փորձերն ու չեն ընդունում Հայաստանին նախապայմանների առաջադրումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4