«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ԿԳՆԱ՞ ՔԼԻՆԹՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆ` ՀԱՅՏՆԻ ՉԷ

«ԱՄՆ-ի համար Ադրբեջանըՙ որպես դեպի Աֆղանստան միջանցք» մոտեցումը չի հերքվում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Ադրբեջան այցելության մասին տեղեկությունը ոչ հաստատվում է, ոչ էլ հերքվում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն, ի դեմս տեղեկատվության բաժնի աշխատակից Կիթ Բինի, հայտարարել է, որ Քլինթոնի այցելության մասին հայտարարությունը պետք է արվի պետդեպարտամենտի քարտուղարության կողմից: «Առայժմ այդպիսի հայտարարություն չի արվել», ասել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը ադրբեջանական «1news.az» կայքէջին:

Դեսպանատան աշխատակիցը նաեւ անդրադարձել է Ադրբեջանում նոր դեսպանի նշանակման հարցին, որի պաշտոնում արդեն իսկ ԱՄՆ նախագահը առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը: «Սպիտակ տունը մայիսի 25-ին հայտարարեց Մեթյու Բրայզայի թեկնածությունն առաջադրելու մասին: Նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում», ասել է Բինը, ավելացնելով, որ Սենատում թեկնածության հաստատումը երկու փուլ է անցնում: Առաջինում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է քննարկում անցկացնում, իսկ երկրորդ փուլում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թեկնածության հաստատման դեպքում, քվեարկություն է անցկացվում Սենատի բոլոր անդամների մասնակցությամբ: Առայժմ որեւէ փուլում Բրայզայի թեկնածությունը դեռեւս չի քննարկվել:

Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցչության աշխատակիցը խոսել է նաեւ «Foreign Policy» ամսագրում հրատարակված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին հոդվածին, որի հեղինակը նախկին հետախույզ եւ գրող Թոմաս Գոլցն է: «Ազգը» նախորդ համարում ներկայացրել է հատվածներ այդ հոդվածից, որում, մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ-ին առհասարակ չի հետաքրքրում Ադրբեջանը:

Ըստ Գոլցի, իր նախկին ղեկավար` ԱՄՆ հետախուզության սպաներից մեկը ասել է, թե իրենք պետք է կասեցնեին Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի վատթարացող հարաբերությունների ընթացքը: «Իրականում մեզ ամենեւին էլ չեն հետաքրքրում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հաստատումը, ոչ Իսրայելի եւ Թուրքիայի հարցը, ոչ էլ Ղարաբաղում խաղաղության հաստատումը, մեզ համար այլեւս կարեւոր չեն Ադրբեջանի էներգետիկ պահուստները: Մենք այժմ զբաղված ենք միայն մեկ բանով դա Աֆղանստանն է»:

Գոլցը գրել է, որ, ճիշտ է, Ադրբեջանը ամերիկա-ադրբեջանական ոչ բարվոք հարաբերությունների ընթացքում երբեք չի սպառնացել, որ կփակի դեպի Աֆղանստան միջացքը, սակայն եթե Բաքուն այդպիսի քայլի դիմեր, ապա այն լրջորեն կանհանգստացներ Պենտագոնին: «Հենց այս պատճառով էլ նախագահ Օբաման Աֆղանստանում խաղաղարար գործողություններում դեր ունենալու համար շնորհակալական նամակ ուղարկեց Իլհամ Ալիեւին: Չնայած, պետք է նշել, Ալիեւը դժգոհ մնաց Օբամայի նամակից, եւ թերեւս այդ պատճառով ճաշի չհրավիրեց Բաքվում գտնվող Գեյթսին: Փոխարենը Պենտագոնի ղեկավարը ճաշի հրավեր ստացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւից, որը, սակայն, մերժեց: Դրանով, փաստորեն, Կովկասում խախտվեց հյուրամեծարության ավանդույթը», նշել է Գոլցը:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այլ ոչ թե Գոլցի հիշատակած` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների անանուն աղբյուրն է արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ի դիրքորոշման բարձրաձայնողը», այսպիսին է եղել Կիթ Բինի արձագանքը: Նա նաեւ ավելացրել է, որ Ալիեւին ուղղված Օբամայի նամակում նշվում է, թե Օբաման հպարտ է «երկու պետությունների գործընկերությամբ գլոբալ սպառնալիքների դեմ եւ աջակցում է տարածածրջանային կայունությանը»:

Հետաքրքրական է, բայց ամերիկացի պաշտոնյայի խոսքը թեեւ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից մեջ է բերվում որպես Գոլցի խոսքերի հերքում, սակայն ակնհայտորեն Գոլցի ասածը չի հերքվում ընդհանրական ձեւակերպումներով: Ավելին, տարածաշրջանային կայունությունը հենց կարող է աֆղանական հարցի կարեւորում նշանակել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4