Վերջերս Եվրոխորհուրդը հերթական բանաձեւն ընդունեց սեռական կողմնորոշման պատճառով խտրական վերաբերմունքը իսպառ բացառելու խորագրով (բան. 1728, 29 ապրիլ, 2010թ.): Հիշյալ փաստաթղթում հորդոր է ուղղվում անդամ երկրներին ինչպես օրենսդրական, այնպես եւ ընկերային բնագավառներում իրականացնել հետեւողական աշխատանքՙ հասարակության մեջ ապահովելու դրական վերաբերմունք սեռական ոչ բնական կողմնորոշման հանդեպ:
Վերջին տարիներին շատ արագ փոփոխության են ենթարկվում պատկերացումները սեռական ոչ բնական կողմնորոշման վերաբերյալ: Եթե շուրջ երեք-չորս տասնամյակ առաջ կային երկրներ, որտեղ համասեռամոլությունը ենթարկվում էր քրեական հետապնդման, այսօր այդ նույն երկրներում քրեական հետապնդման են ենթարկվում այդ երեւույթը քննադատողները: Որոշ ժամանակ առաջ այն դիտվում էր որպես բարոյականության պակաս կամ որպես ֆիզիոլոգիական ու հոգեբանական խնդիրների հետ կապված հիվանդություն, այսօր փորձ է արվում, օգտագործելով միջազգային կառույցների, ԶԼՄ-ների, գովազդի ուժը եւ նյութական մեծ միջոցներ, ամբողջ աշխարհում հաստատել ընկալումը, որ այդ երեւույթը ոչ մեղքի ու ոչ էլ հիվանդության հետեւանք է, այլ նույնքան բնական ու բարոյական է, որքան բնական սեռական կողմնորոշումը: Սրան է կոչված նաեւ Եվրոխորհրդի բանաձեւը:
Ավանդական բոլոր եկեղեցիների համար ընդունելի է միայն տարբեր սեռերի միջեւ սեռական հարաբերության գաղափարըՙ ամուսնության սուրբ գաղափարի ներքո: Մնացյալ բոլոր դեպքերը դատապարտելի են` իբրեւ Աստծո օրենքներին հակառակ գործողություններ: Մեր հավատքըՙ հիմնված Սուրբ Գրքի ու հայրերի ավանդության վրա, միանշանակ կերպով ծանրագույն մեղք է որակում բոլոր տիպի սեռական խոտոր հարաբերությունները: Բայց այստեղ ես չեմ ցանկանում խոսել տրանս-հոմո-բիսեքսուալության մասինՙ իբրեւ ճիշտ կամ սխալ երեւույթի, այլ անդրադառնալ դրա հանդեպ վերաբերմունքի խնդիրներին, որ անհանգստացնում են եվրոպական կառույցներին:
Իհարկե, Աստծո ստեղծած արարածների միջեւ խտրականություն դնելը անընդունելի երեւույթ է: Ավետարանը, հակառակ առաջին դարում տիրող պատկերացումներներին, հստակորեն ամրագրում է, որ Աստծո առջեւ չկա տարբերություն հրեայի ու հեթանոսի, տղամարդու եւ կնոջ միջեւ: Բոլորի հավասարության գաղափարը սկզբունք դարձավ եկեղեցիների համար եւ քրիստոնեության շնորհիվ աստիճանաբար տարածվեց ու ընկալելի դարձավ աշխարհում:
Այսօր փորձ է արվում ամբողջական, անսահման ազատության անվան ներքո հավասարության ընկալումը տարածել նաեւ մեղքի ու ճշմարտության վրա: Սակայն Արարիչը, որ կամքի ազատություն շնորհեց մարդուն, միեւնույն ժամանակ հստակորեն սահմանեց մեղքըՙ իբրեւ դատապարտելի արարք, որը տանում է կորստյան: Ազատությունը աստվածային պարգեւ է ճշմարտությունը կամավորաբար ընտրելու եւ ըստ այդմ ապրելու ու գործելու համար, ոչ թե մեղքի սահմանները ջնջելու համար:
Եվրոխորհրդի բանաձեւում հավասարության նշան է դրվում կրոնական, ռասայական, սոցիալական եւ այլ հողի վրա ի հայտ եկող խտրականության եւ սեռական ոչ բնական կողմնորոշման հանդեպ բացասական վերաբերմունքի միջեւ: Բայց այստեղ կարեւոր մեկ հանգամանք կա, որ տարբերակում է դնում այս երկուսի միջեւ: Առաջինի պարագային խտրականության նպատակը իշխելու, տիրելու մեջ է, այսինքնՙ դրա շարժիչ ուժը սեփական կրոնը, ռասան, ծագումը, սոցիալական կարգավիճակը եւ այլ հատկանիշներն ավելի բարձր ու ազնիվ համարելն է: Եվ սրանով առաջնորդվածՙ խտրականությունը հարձակողական բնույթ ունի: Դա կարող է դրսեւորվել նաեւ պետական քաղաքականության մեջ, ինչն աշխարհը տեսավ ֆաշիզմի տեսքով: Իհարկե, այս երեւույթն իրապես խտրականություն է եւ խոտելի է իր բոլոր դեմքերով:
Սեռական կողմնորոշման պարագային հասարակության վերաբերմունքն արդար չէ կոչել խտրականություն (դիսկրիմինացիա): Խոսքն ավելի շուտ մեղքի ճանաչողության մասին է, որի նպատակը ոչ թե մեղավորի նսեմացումն է կամ ճնշելու ցանկությունը, ինչը խտրականության հիմնական տարրն է, այլ այդօրինակ երեւույթներից ամբողջապես ապահովված լինելուՙ մարդկային բնական, ներքին մղումը: Այստեղ, կարելի է ասել, գործում է հասարակության իմունային համակարգը, որը բացասաբար է արձագանքում ոչ բնական իրավիճակին: Եվ առհասարակ, մարդկանց կարծիքը չէ պատճառը, որ սեռական ոչ բնական կողմնորոշման դեպքում անձը որոշակիՙ մյուսներից տարբերվող կարգավիճակ է ստանում հասարակության մեջ: Այո, սեռական կյանքը յուրաքանչյուրի ինտիմ խնդիրն է, եւ ամեն մարդ ինքն է պատասխանատու Աստծո առջեւ իր գործերի համար: Բայց սեռական ոչ բնական կողմնորոշումը դրսեւորումներ է ունենում ոչ միայն անձնական կյանքում, այլեւ մեծապես պայմանավորում է անձի աշխարհայացքը, կենսակերպն ու գործելակերպը, որով նա առանձնանում է հասարակության մեջ: Այսպիսի սկզբունքներով կառուցված կյանքը դադարում է լինել անձնական, այլ սկսում է ազդեցություն թողնել ընդհանուր միջավայրի մեջ: Այս պատճառով է, որ երեւույթի դատապարտումը ոչ միայն արդարացված է, այլեւ պարտադիր պիտի լինի կրթական ողջ համակարգի, բանակի, պետական հաստատությունների ու սոցիալական ծառայությունների պարագային:
Այսօր աշխարհում ցավալի այս երեւույթի հանդեպ դրական միջավայր ստեղծելու համար թիրախների շարքում առաջնային տեղ են գրավում դպրոցները, որտեղ, ինչպես հորդորում է բանաձեւը, անհրաժեշտ է համապատասխան քայլեր իրականացնելՙ կրթական համակարգում ընդգրկելով հանդուրժողականության մակարդակը բարձրացնելու ծրագրեր: Ստացվում է, որ երեխայի դաստիարակության եւ նրա աշխարհայացքի ձեւավորման հարցում առաջնային են ոչ թե ծնողի դերակատարությունը, ազգային ու հոգեւոր ժառանգությունը, պետության առաջնայնությունները, այլ միջազգային տարբեր կառույցներում պաշտոններ վարող մի քանի տասնյակ անձերի պատկերացումները, ովքեր այսպես կոչված «ազատական արժեքների» կրողներն են, թեեւ իրենց գործունեությամբ իրականում խեղաթյուրում ու արժեզրկում են ազատության գաղափարը: Այստեղ իրական վտանգ կարող է սպառնալ յուրաքանչյուր երեխայի ու ընտանիքի համար, քանի որ անչափահասների միջավայրում, ոչ բավարար գիտելիքների ու ձեւավորման պայմաններում շատ դյուրին կլինի հատկապես սեռական թեմաներով մեղքի ու գայթակղության տարածումը: Իսկ ինչպես ցույց է տալիս արեւմտյան երկրների փորձը, հանդուրժողականությունը բարձրացնելու անվան ներքո հիմնականում իրականացվում է ցավալի այդ մեղքի քողարկված գովազդը: Այսօր այն երկրները, որոնք կրթական ծրագրերում նենգափոխում են սեռականության աստվածային տնօրինությունը եւ բարոյականության գաղափարը մարդու աշխարհայացքի մեջ տեղափոխում լուսանցքային բաժնում, կանգնած են լուրջ խնդիրների առջեւՙ երեխաների միջավայրում բարոյականության նվազմամբ եւ դպրոցականների հղիության դեպքերի աննախադեպ աճմամբ պայմանավորված: Բայց պետք ասել, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ օրինականացվում է նույնասեռ անձանց միությունը, հասարակության վերաբերմունքը միանշանակ դրական չէ: Նմանօրինակ օրենքի հաստատման վերջին երկիրը Պորտուգալիան էր, որտեղ օրենքի ընդդիմադիրները պնդում էին հարցը լուծել համաժողովրդական հանրաքվեով, բայց օրենքը հաստատվեց հասարակության բացասական կարծիքը ոտնահարելով:
Միայն մնում է մխիթարվել, որ Եվրոխորհրդի բանաձեւերը ուղղակի իմաստով իրավական պարտավորություններ չեն ենթադրում անդամ երկրների համար: Բայց մյուս կողմից վերջերս Լիտվայում եւ այլ երկրներում տեղի ունեցած համասեռամոլներների շքերթը արտոնել-չարտոնելու խնդիրը հստակ ցույց տվեց, թե ինչ բացահայտ ճնշումներ են իրականացնում եվրոպական բարձր ատյանները տարբեր երկրների վրաՙ հաջողեցնելու «համամարդկային ազատական արժեքների» հաղթանակն ընդդեմ աստվածային օրենքների եւ հոգեւոր ու ազգային ավանդությունների:
Ավանդական եկեղեցիները միասնաբար, առաջնորդված Սուրբ Գրքի պատգամներով, սկզբունքային կերպով դատապարտում են սեռական կյանքի խոտոր ընկալումը, մերժելով մտացածին արդարացումները համասեռամոլության եւ այդօրինակ այլ մոլություններիՙ բնածին հատկություն լինելու վերաբերյալ: Բայց նաեւ եկեղեցին չի փակում դռները մահացու այդ մեղքերի տակ գտնվող անձերի առջեւ կամ անտեսում նման խնդրի գոյությունը աշխարհում: Եկեղեցու առաքելությունը նրանց ապաշխարության առաջնորդելն է, որպեսզի նրանք կարողանան իրենց ճիշտ տեղը գտնել աստվածաստեղծ աշխարհի կարգավորման մեջ, հակառակ որ այս առաքելության իրականացմանը խոչընդոտելու է կոչված Եվրոխորհրդի բանաձեւը:
Մեզ հարկ է ամուր կառչած մնալ Հայ եկեղեցու դավանությանը եւ պայքարել «ընդդեմ ամենայն չարյաց»:
ԽՈՐԵՆ քահանա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ