«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ ՀԲԸՄ-Ի ՀՈՐԴԱՆԱՆՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ

«ՀԲԸՄ-ի Մերձավոր Արեւելքի երիտասարդ արհեստավարժների ֆորումը, որը նախատեսված էր Ամմանում (Հորդանան) անցկացնել հունիսի 3-6-ը, հորդանանյան իշխանությունների կողմից հանկարծակի եւ անաղմուկ չեղյալ է հայտարարվել», գրում է Թալին Սուսիյանը , որը «Հրանտ Դինքի ժառանգությունը եւ հայկական համայնքը Թուրքիայում» խորագրով զեկուցում էր կարդալու այդ ֆորումի ընթացքումՙ ներկայացնելով «Ակօս» թերթը: Բեյրութից Վահագն Քեշիշյանը, ըստ Սուսիյանի հաղորդագրության, պետք է իր տպավորությունները պատմեր Անատոլիա կատարած այս այցելության վերաբերյալ:

Այլ թեմաների շարքում քննարկվելու էին «Հաջողության հոգեբանությունը», «Տարածաշրջանային տնտեսությունը», «Հայկական համայնքների վիճակը», «Ինչպես օգուտ քաղել ձուլումից» թեմաները: Մասնակցելու էին 150 երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:

Խնդիրներն սկսել են առաջանալ ֆորումի նախատեսված բացումից մոտ 10 օր առաջ: Դժվար հասկանալի «պատճառները» հետագայում առնչվել են Թուրքիայի որդեգրած «Զրոյական խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությանը: Հորդանանը Թուրքիայի հետ ինչ-որ պայմանագիր էր ստորագրելու, եւ հայկական թեմաներին անդրադարձող ֆորումը «հարաբերությունների խաթարման հնարավոր պատճառ է դարձել, ինչպես դրանից առաջ Լիբանանում հայ պոպ երգչի տեսահոլովակի հեռուստատեսային հեռարձակումն էր համարվել եւ արգելվել», շարունակում է գրել Սուսիյանը, ավելացնելով, որ հորդանանյան իշխանությունները մինչեւ վերջին րոպեն ամեն ինչ արել են դիմակայելու ճնշումներին, բայց վերջում տեղի են տվել:

Միջադեպը առիթ է եղել, որ հայերը հասկանան, թե «Զրոյական խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը ոչ թե նշանակում է խնդիրներ չունենալ հարեւանների հետ, այլ «զրոյականի հասցնել» հայկական ամեն մի միջոցառում (որեւէ երկրում), որ կարող է «անհանգստացնել» Թուրքիային: Մինչեւ հիմա «Դուրս եկեք Ղարաբաղից, հետո կխոսենք», «Դադարեցրեք ցեղասպանության ճանաչման գործընթացը, հետո կխոսենք», «Սահմանը չենք բացի, մինչեւ ղարաբաղյան հարցը չլուծվի» կարգախոսներն էին գերիշխում, այժմ դրանց ավելացել են նաեւ Մերձավոր Արեւելքում ապաստան գտած Եղեռնից մազապուրծների ձայները լռեցնելն ու այդ տարածաշրջանի երկրների իշխանությունների վրա ճնշում բանեցնելը: «Մի նեղացրեք մեզ, եւ զրոյականի կհասցնեք ձեր խնդիրները մեզ հետ», սա է Թուրքիայի քաղաքականությունը եւ նա այժմ թիրախ է դարձրել Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները, քանի որ դրանք, ի հակադրություն ամերիկյան եւ եվրոպական համայնքների, դեռեւս պահպանում են իրենց ամուր կառուցվածքն ու հայկականությունը, դրանով իսկՙ նոր առաջնորդներ պատրաստելու (այլ համայնքների համար) հնարավորությունը: Եթե նրանք լռեն, խնդիրներ չեն լինի: Շատ պարզ է ու հասարակ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4