«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ, ՎՐԱՍՏԱՆԻՑ` ՀԵՏ

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2010-ի զեկույցի

Իր ամենամյա զեկույցում, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը արձանագրում է, որ 2010-ին Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարում առաջընթաց գրանցվել է, սակայն մեր երկիրը ոչ ամբողջությամբ է համապատասխանում «թրաֆիկինգի զոհերի պաշտպանության մասին» ամերիկյան օրենքի նվազագույն պահանջներին: Հենց այս պատճառով էլ Հայաստանը զեկույցում հայտնվել է երկրորդ խմբի երկրների առաջին ենթախմբում: Այստեղ են նաեւ Բելառուսը, Կոսովոն, Ղրղզստանը, Չեռնոգորիան, Պակիստանը, Ուկրաինան: Անդրադառնալով Հայաստանին` զեկույցում նշված է. «Կանայք թրաֆիկինգի են ենթարկվում առավելապես սեռական շահագործման նպատակով: Նրանք հայտնվում են Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ տղամարդկանց աշխատեցնելու նպատակով տեղափոխում են Ռուսաստան: Հայաստանի ներսում նույնպես երիտասարդ տղաներին հարկադրում են աշխատել, իսկ աղջիկներին եւ կանանց սեռական շահագործման են ենթարկում, այդ թվումՙ ռուսաստանցի կանանց»: Զեկույցում նշվում է, որ պետք է ֆինանսավորել թրաֆիկինգից տուժողներին աջակցող ոչ կառավարական կազմակերպություններին. «Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվ հետաքննել թրաֆիկինգի դեպքերը եւ խստորեն պատժել հանցագործներին, այդ թվումՙ թրաֆիկինգին առնչություն ունեցող պաշտոնյաներին»:

Իսկ Հայաստանի հարեւաններից Վրաստանը հայտնվել է երկրների առաջին խմբում: Այս խմբի երկրներում «խստորեն պատժում են թրաֆիկինգի կազմակերպիչներին եւ աջակցում են տուժողներին»: Մյուս հարեւան Ադրբեջանը «մեր խմբում» է, սակայն երկրորդ ենթախմբում. «Այս խմբի երկրներում նույնպես առաջխաղացում գրանցվել է, սակայն այստեղ մեծ է թրաֆիկինգից տուժողների թիվը: Չկան փաստեր, որոնք կարող են վկայել, որ երկիրը լրացուցիչ ջանքեր է գործադրում` անցած տարիներին գրանցված թրաֆիկինգի առավել զարհուրելի դրսեւորումների դեմ պայքարելու համար, սակայն կան այդ պայքարը հաջորդ տարվա ընթացքում խստացնելու պետության խոստումներ»: Իսկ Իրանը հայտնվել է վատթարագույն` երրորդ խմբում: Պետքարտուղարության զեկույցում տարօրինակ էլ կլիներ Իրանի մեկ այլ խմբում հայտնվելը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4