«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ «ԿՇՏԱՆՈՒՄ Է» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԱԿ-ը` ադրբեջանական ստի հարթա՞կ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հերթական հանդիպումների շարքի են նմանվում, թերեւս անիմաստ են քարոզչական այն թշնամանքի ֆոնին, որ փորձում են ամենուր եւ ամեն միջոցով սերմանել ադրբեջանական «իրականության» ջատագովներն ու ներկայացուցիչները:

Վերջերս Թբիլիսիում հանդիպում էր, որ կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը, ու վերաբերում էր մամուլի ազատության հարցերին: Որեւէ մեկին չէր հետաքրքրում տվյալ պահին խոսել հակամարտությունների կողմերի դիրքորոշումներից, բայց Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը սկսեց արդեն ձանձրացնող «մեկ միլիոն փախստականներ, օկուպացված տարածքներ» ու նման այլ անհեթեթություններ ներկայացնել: Այդուհետեւ հերթական սադրանքին չգնալովՙ այս երեւույթին արձագանքեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Իսկ ադրբեջանցիները ամեն տեղ եւ ամեն առիթով սկսում են խոսել նշված թեմաներից, ինչն, ինչ-որ պահի իսկապես կարող է արդեն հոգնեցնել տարբեր միջոցառումների կազմակերպիչներին:

Հունիսի 15-ին Նյու Յորքում փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի բոլոր դրսեւորումների կանխարգելման, դրանց դեմ պայքարի իրականացման ընթացքը քննելու նպատակով գումարված հանդիպմանը հանդես է եկել Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Նրա ելութից հետո Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ելույթ ունենալ, ինչը, սակայն, մերժվել է հանդիպման քարտուղարության կողմից` ժամանակին չգրանցվելու պատճառով:

Մեր տեղեկություններով, նիստի երկրորդ կեսին, օրակարգային զեկույցներից հետո, Ադրբեջանի ներկայացուցչին տրվել է միայն պատասխանի իրավունքի օգտագործման հնարավորություն, որի ընթացքում ադրբեջանցի դիվանագետը, ինչպես միշտՙ ստանդարտ փաթեթով, ընթերցել է աբսուրդ հղումներ ԼՂ հակամարտության, «Հայաստանի կողմից ռազմական վտանգի» եւ ադրբեջանական քարոզչական զինանոցի այլ «հանրաճանաչ» ձեւակերպումներ:

Ինչպես համաժողովի օրակարգի, այնպես էլ Հայաստանի ելույթի հետ որեւէ կապ չունեցող Ադրբեջանի հայտարարությունն ակնհայտ զարմանք ու տարակուսանք է առաջացրել քարտուղարության եւ հանդիպման ներկաների շարքում: Պատասխան խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակությունը` ներկաների ուշադրությունը հրավիրելով, որ Ադրբեջանը կրկին անպատեհ առիթով շարունակում է հիշատակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանի բերած փաստերն անհիմն են եւ անընդունելի, եւ նշել, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար, հավատացած լինելով, որ այդ գործընթացում պետք է ներգրավվեն ԼՂՀ իշխանությունները:

Ի դեպ, վերջին շրջանում Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի տարբեր համաժողովներին եւ հանդիպումներին, չկարողանալով հանդես գալ առարկայական ելույթներով, Ադրբեջանի պատվիրակությունը շարունակաբար նախընտրում է կրկնվող եւ տվյալ օրակարգին չհամապատասխանող հայտարարությունները, եւ հետո էլ դրանց մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով խաբում իր սեփական ժողովրդինՙ թե իբր ՄԱԿ-ում Հայաստանը եւ Ադրբեջանը հերթական անգամ «բախվել են» ԼՂ հակամարտության հարցի քննարկումների ժամանակ:

Խոսքը, օրինակ, այն տեղեկատվության մասին է, որ դեռեւս հունիսի սկզբին տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, թե իբր ՄԱԿ-ում տեղի է ունեցել բախում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որի ընթացքում «Հայաստանի մշտական ներկայացուցիչը փորձել է ապակողմնորոշել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նիստի մասնակիցներին», իսկ ադրբեջանցի դիվանագետները քննադատել են հայկական կողմի «ստախոսությունը»:

  «Ազգը» տեղեկացրել է, որ իրականում հունիսի 1-4-ը Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի նիստի քննարկմանը մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հունիսի 3-ին Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձել է ինչպես Ադրբեջանին վերաբերող փաստաթղթին, այնպես էլ Ադրբեջանի դեսպանի ելույթում տեղ գտած անթույլատրելի ձեւակերպումներին ու վերջինիս մեղադրել քննարկումները շեղելու եւ քաղաքականացնելու փորձ կատարելու մեջ: Հետագա քննարկումների ընթացքում` հունիսի 3-ի երկրորդ կեսի եւ 4-ի նիստերում, Ադրբեջանի պատվիրակությանը մերժվել է օգտվել պատասխանի իրավունքից:

Այս ամենը հերթական ապացույց է, որ վերեւների «երկխոսությանը» զուգընթաց մեծագույն անհրաժեշտություն է դառնում որեւէ տեսակի վերահսկողությունը, որը գուցե նաեւ որեւէ փաստաթղթի տեսքով թույլ չի տա թշնամանքի այն դոզան ներարկել երկու երկրների հասարակություններին, որով հիմա իրենց «հացն են վաստակում» հարեւան երկրի պաշտոնյաները տարբեր հանդիպումներում ու միջազգային կառույցների քննարկումներում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4