Կալիֆոռնիայի նահանգից կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղարկել Կոնգրեսի իր գործընկերներին` ընդունելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արդեն իսկ ընդունված հայկական 252-րդ բանաձեւը. «Անհրաժեշտ է մեր հարգանքի տուրքը մատուցել բոլոր զոհերի հիշատակին եւ 1,5 մլն հայերի սպանությունները անվանել Ցեղասպանություն», PanArmenian.net-ի փոխանցմամբ` հայտարարել է Շիֆը: Իր հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականի նամակում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ ենթարկվում է Թուրքիայի շանտաժին եւ սպառնալիքներին: Սակայն երկկողմ հարաբերությունների պահպանումը չի կարող առավել կարեւորվել, քան մեր բարոյական պարտքը` ոգեկոչել բոլոր զոհերին եւ սփոփել նրանց զավակներին` մեր ընտրողներին, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով վերջին օրերին նկատվող Թուրքիայի պահելաձեւը` Կոնգրեսը պետք է արտահայտնի իր դիրքորոշումը. արդյոք ճի՞շտ է շարունակել անտեսել Ցեղասպանության զոհերի հիատակը` «անհավատարիմ ընկերոջը» հանգստացնելու համար: Այժմ ժամանակն է վերականգնելու ԱՄՆ-ի` բարոյականության առաջամարտիկի դերը` ընդդեմ ցեղասպանությունների: Մենք պարտավոր ենք հարգել 1,5 մլն անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների հիշատակը»:
Շիֆի նամակին արձագանքել են արդեն 143 կոնգրեսականներ, որոնք պատրաստակամություն են հայտնել «1915-ի իրադարձությունները» կոչելու իրական անունով` Ցեղասպանություն:
Հ. Ա.