Բոստոնյան տարածաշրջանում գործող հայկական եւ հրեական խմբավորումների համատեղ ջանքերով ստեղծված օնլայն խնդրագրի տակ, որը ամերիկյան կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ստորագրել են ավելի քան 10 հազար քաղաքացիներ, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը մայիսի 29-ի համարումՙ նշելով, որ տարբեր նահանգներում հարյուրավոր քաղաքացիներ արձագանքել են դրան:
«Ստորագրողների բազմազանությունը ցույց է տալիս, որ ամերիկացիները երկրով մեկ պահանջում են կառավարությունից, որ ճանաչի հայերի ցեղասպանությունը: Սա վկայում է, որ այդ հարցը զուտ հայկականից վերաճել է Ամերիկայի արտաքին քաղաքականությունը պատմական ճշմարտությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը առնչելու խնդրի», ասել է այս առթիվ հայ-հրեական կոալիցիայի համանախագահ Լաուրա Պողոսյանը:
Կոալիցիան ստեղծվել էր հայ եւ հրեա համայնքների ներկայացուցիչների երկխոսության հետեւանքում: Նախաձեռնողներից էր Լեքսինգտոնից ռաբբի Հոուրադ Յաֆֆեն, որը Լաուրա Պողոսյանի համահեղինակությամբ «Նոյւ Յորք թայմսում» հոդված էր ստորագրելՙ դատապարտելով հակազրպարտչական լիգայի գործունեությունը: Նրանց էին միացել հետագայում ռաբբիներ Ռոն Ֆրիդմանն ու Էլեն Զեխերը, Եսայի տաճարի անդամներ Հոուարդ Քոհենը եւ Ալան Միլները: Կոալիցիային իրենց աջակցությունն են հայտնել Մասաչուսեթսի Հայկական ազգային կոմիտեն, Հայ-ամերիկյան գործողության կոմիտեն եւ այլ կազմակերպություններ: Մանրամասնությունների համար այցելել http://www.recognizearmeniangenocide.org կայքը:
Հ. Ծ.