Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Ազգային ժողովի վերջին ճեպազրույցներում որակումներ էր տվել ոստիկանության գործողություններին «Ազատության» հրապարակում` հղում անելով հենց ոստիկանության հաղորդագրության այն մասին, թե անհայտ անձինք, խախտելով հասարակական կարգը եւ այլն: Ինչու պիտի մարդիկ հայտնի լինեն, անհայտ մարդիկ իրավունք ունեն շրջելու քաղաքում, այն ժամանակ էլ, երեկ հրավիրած ասուլիսում էլ կրկնեց Վահան Հովհաննիսյանը: Ճեպազրույցում ասածին անդրադարձել էր ոստիկանությունն` իր հաղորդագրությամբ, խորհուրդ տալով ՀՅԴ խմբակցության ղեկավարինՙ լավ կարդալ ոստիկանության ամփոփագիրը: Պատասխանի պատասխանը հնչեցրեց երեկ Վ. Հովհաննիսյանն` ասելով. «Եթե չի պարզաբանվում` ո՞րն է խախտումը, ապա հասարակությունը կարգի խախտում է նկատում հենց մուտք գործելը (Ազատության» հրապարակ-Մ.Խ.)»: Վ. Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ոստիկանությանն` իրեն խորհուրդ չտալ ու չնեղանալ իրենից. «Եթե ասված լիներ, որ մարդիկ, լինելով հարբած վիճակում, հայհոյելով, զազրախոսելով, նեղացնելով կանանց եւ երեխաներին, շշերն ասֆալտի վրա ջարդելով փորձել են մուտք գործել, ապա մենք բոլորս կհասկանայինք` ո՞րն է խախտումը եւ որ` ճիշտ է վարվել ոստիկանությունը, փորձելով կանխել նրանց մուտքը: Իսկ երբ դա ասված չէ, սկսում ենք մտածել, որ մուտքն է դիտվում խախտում», ասաց նա` նկատելով, որ անհայտ մարդիկ իրավունք ունեն շրջելու քաղաքում:
Հարցին, թե արդյո՞ք նախագահ Սարգսյանը կընդունի ԵԱՀԿ ՉԼՄ-ների հարցերով ներկայացուցչի էպիստոլյար առաջարկը եւ չի ստորագրի թվայնացմանը վերաբերող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները` վերադարձնելով օրինագիծն ԱԺ, նա վստահ էր, որ չի ընդունի, բայց նկատի կառնի: Ըստ ՀՅԴ-ականի` այս փոփոխությունները նաեւ ԵԽԽՎ-ում կանեն իրենց գործը` աշնանը մերոնք կհասկանան, որ սխալ են վարվել ու նոր կսկսեն շտկել սխալը: Իսկ սխալն անողն, իհարկե, չի պատժվի, նրան ապուշ ու անգրագետ չեն անվանի վատ օրենք բերելու համար. «Նորից կբերեն օրենքը, կսկսեն հակաժողովրդավարական թեզերն ու ավելորդությունները մեջից հանել-մաքրել, բայց միայն այն բանից հետո, երբ մենք այս օրենքի հետ կապված բոլոր դժվարություններն արդեն կկիսենք»:
Վ. Հովհաննիսյանը կրկնեց իր կուսակից Հրայր Կարապետյանի ավելի վաղ արած դիտարկումը (նա ասել էր, թե պետք է պահանջել ԱԳ նախարարի եւ Եվրոպայում Հայաստանի դեսպանների հրաժարականները). ըստ Վ. Հովհաննիսյանի էլՙ ԱԳՆ-ում անհրաժեշտ են շատ լուրջ կադրային փոփոխություններ, թե՛ երեւանյան կառույցում, թե՛ դեսպանատներում, այդ տեսակետը ՀՅԴ-ն հայտնել է նաեւ Վարդան Օսկանյանի ժամանակ, քանի որ 1998 թվականի մասնակի իշխանափոխությունն արտաքին գործերի նախարարության վրա ընդհանրապես չի անդրադարձել` ոնց կար ՀՀՇ-ի ժամանակ, այդպես էլ մնացել է:
Մ. Խ.