«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՆՈՒՆՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

«Սպառողների ասոցիացիայի» անդամներն ու ղեկավարությունը, ինչպես փաստում է նախագահ Արմեն Պողոսյանը, ի տարբերություն իրենց գործընկերներ այլ հասարակական կազմակերպությունների, Chevrolet-ով կամ Mercedes-ով քաղաքում չեն շրջում, Փարիզում ու Մադրիդում չեն հանգստանում եւ «միայն գաստրոլներով Երեւան գալիս»: Չեն էլ հիշում, թե վերջին գրանտը երբ են ստացել. «Հոկտեմբերից փետրվար մի կոպեկ փող չենք ստացել», ասում է նա: Թեպետ, իր խոսքերով, 300 անդամից բաղկացած ասոցիացիայի անդամներն առանց գումար էլ քրտնաջան աշխատել են, սակայն «Փաստարկ» ակումբում այդ աշխատանքի որեւէ արդյունք չներկայացրեց: Կրկին հնչեցին արդեն վաղուց անգիր արված խոսքերն ու խորհուրդները` «Մտածեք ձեր առողջության մասին», «Առողջ ապրելակերպը դարձրեք օրինաչափություն» կամ «Նախ ստուգեք` հետո գնեք»:

Մի քանի օր առաջ Արմեն Պողոսյանը պաղպաղակ է գնել, մեկը իր, մյուսը` ընկերոջ համար: Փաթեթի վրա գրված էր` պահպանման ժամկետըՙ վեց ամիս:

«Բայց նշված չէր, թե երբ է արտադրվել»: Պողոսյանն էլ անհանգստացել է. Քրիստոսից առաջ արտադրված պապաղակ է գնել: Նրա խոսքերովՙ արտադրվող պաղպաղակների 80 տոկոսի վրա չի գրվում արտադրման եւ պահպանման ժամկետը: Պահպանման ժամկետի լուրջ խախտումներ են կատարում նաեւ ձու արտադրող ընկերությունները: «Ձուն զարդարող շտամպների, տարբեր հիերոգլիֆների կողքին չի երեւում ժամկետը», ասաց նա` հրաժարվելով անուններ ներկայացնելուց: Պատճառաբանությունն էլ չափազանց զավեշտալի էր: Նախ, ցուցակը չի բերել, երկրորդ` կազմակերպությունները շատ են: «30 կազմակերպություն կա: Ո՞ր մեկին ասեմ, բոլորն էլ էդպես են անում»:

Հատկապես ամռան շոգ ամիսներին սննդային թունավորումները հիմնականում կապված են կաթնամթերքի եւ մսամթերքի հետ: «Ազգի» հարցինՙ «Գործարաններ, խանութներ այցելե՞լ եք», Պողոսյանը բացասական պատասխանեց. չեն հասցրել: Թե որն է ասոցիացիայի գործառույթը, որ ստուգայցեր չեն կատարում, կազմակերպությունների անվանումներ չեն նշում, Պողոսյանն ասաց, որ գերխնդիրը անհանգստացնելն է, այլ ոչ պատժելը: «Եթե ցանկանայի պատժել, ոստիկանությունում կաշխատեի»:

Միշտ չէ, որ Պողոսյանն ամեն ինչի սեւ ակնոցով է նայում: Օրինակՙ Գարեգին Նժդեհի հրապարակում, ըստ նրա, վերացել է փողոցային առեւտուրը: «Քաղաքապետարանը միջամտեց, եւ այնտեղ փողոցային առեւտուրը վերացավ»: Հիշեցմանը, որ արգելքը շատ կարճ տեւեց, եւ այնտեղ փողոցային առեւտուրը շարունակվում է, Պողոսյանն ասաց. «Այո՛, բայց եթե մի ժամանակ վերացել է եւ հիմա նորից սկսվել է, ապա պետք է վերացնել»:

Պողոսյանին մտահոգում է, որ քաղաքացիները` հանդիպելով խախտումների, չեն դիմում դատարան` իրենց իրավունքները պաշտպանելու: Թե ինչու հասարակական կազմակերպությունները չեն դիմումՙ Պողոսյանը պատասխան չունի: Իրենք էլ չեն դիմում, որովհետեւ ֆինանս չունեն: Ասոցիացիայում կան բազմաթիվ փաստաբաններ, բայց Պողոսյանն անվճար աշխատողներին կարծես չի վստահում: «Անվճար փաստաբաններ շատ ունեմ, բայց նրանք ինձ չեն բավարարում»:

Որ սննդի, դեղորայքի հետ կապված խախտումները բազմաթիվ են, անհերքելի փաստ է, բայց դրանք լինում են նաեւ հասարակական կազմակերպությունների անբարեխիղճ աշխատանքի պատճառով, որոնք էկրանին հայտնվում են, երբ մրցակիցները ելույթ են ունեցել, կամ դրսից գրանտ են շահել ու ցույց տալու համար, որ ամբողջ գումարը չեն կերել, այլ մի գործ արել են, սկսում են խոսել: Ցավոք, սա համատարած է: Բոլոր ոլորտներում էլ հասարակական կազմակերպություն ասվածը, առաջնահերթ համարվում է դրսից գրանտ շահող ու գումար ուտող աշխատանք:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4