«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ՄԱՐԴԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ, ՈՒՍՈՒՑԻՉԸ...

Խոհեր Գառնիկ Շախկյանի «Ոգի, գույն, կերպար» գրքի մասին

Իմ ձեռքի տակ է հեղինակի ընծայագրով մի գիրք, որն իրավամբ կարող է համարվել եւ դասագիրք: Դասագիրքՙ հայոց պատմության, ճարտարապետության, մշակույթի, սեփական ազգի անցյալ ու ներկա նվաճումների, ազնիվ մտահոգությունների, տագնապների, աշխարհում իրենց ուրույն հետքը թողած անձանց եւ այլնի մասին: Եվ ակնհայտ է, որ նման ձեռնարկ արարողը գեղագետ էՙ դասական մտածելակերպով, հանրագիտակ եւ ասելիքը սերունդներին փոխանցելու ազնվագույն մղումով օժտված անհատ: Նրան ճանաչողների համար այս գրքի ծնունդը եւս մեկ առիթ է Գառնիկ Շախկյան գիտնականի եւ մարդու մասին խոսելու մարդկային ու մասնագիտական որակների գերադրական ու բազմաշերտ զուգորդումով, ով իր այս նորՙ «դասագրքի» միջոցով մեզ յուրովի ընկալելի ու սիրելի է դարձնում հայրենիքը: Նշեմ նաեւ ամենակարեւորըՙ քաղաքացիական խիզախությամբ հեղինակը բարձրաձայնում է եղած թերությունների ու բացթողումների մասին եւ հնարավոր ու ճկուն հնարքներով լուծումներ առաջարկում: Այս կենսակերպը բնորոշ է խիզախ եւ ազնվագույն մարդկանց: Վերջիններս ուժեղ են, քանզի համատարած միջակության մեջ տեսնում են հավերժի գագաթը, մթության մեջՙ լույսը, ներկայի մեջՙ ապագան, ատելության մեջՙ սերը ...

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի խնկարկումը հայոց մեծերի առջեւ (Թումանյան, Թամանյան, Թորամանյան եւ այլք) եւ երիտասարդ սերնդի (մեր նորօրյա նվաճումները ներկայացնելով) արածը արժանիորեն գնահատելու եւ արտահայտելու քաջությունը նրան բերում ու դասում են մարդ-աշխարհի եզակիների շարքը. հեղինակը, հիրավի, բազմախոհ մի այր է: Նրա ընդվզումը կարելի է փաստել հետեւյալ վառ օրինակովՙ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալով Գ. Շախկյանը այն դիտում է ազգային շահերի տեսանկյունից հակագիտական ու վնասակար (որի արդյունքում իջեցվում է ճարտարապետական գիտական պոտենցիալը) եւ հրաժարվում է ԲՈՀ-ի կողմից իրեն շնորհված պրոֆեսորի գիտական կոչման դիպլոմից: Նմանատիպ դեպքեր պատմությունից շատերիս է հայտնի, երբ անհատը հրաժարվում է շնորհներից:

Գառնիկ Շախկյանի համար բոլոր գագաթները նվաճված ենՙ ճարտարապետների, գրողների, լրագրողների եւ նկարիչների ստեղծագործական միությունների նրա անդամակցությամբ: Շատ պարզ ու անպաճույճ է հեղինակի ոգու շարադրանքը: Ընթերցողին ներկայացվող այս գիրքը գալիս է լրացնելու Գ. Շախկյանի ճարտարապետության ասելիքի («Սովետական Հայաստանի ճարտարապետական հուշարձանները», «Օձուն», «Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը VIII-IXդդ.»), պատմության քարակերտ հուշարձանների («Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքները», «Լոռի. պատմության քարակերտ էջերը»), հայրենագիտարանների («Կայծոն-Շնող հայրենագիտարան», «Հովհաննես Թումանյանի հայրենագիտական համանվագները», «Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարան») շարքըՙ սրտի թելադրանքով, եւ սերունդներին լավագույնս, անանց արժեքների գիտակցումով դաստիարակելու քաղաքացու պատվախնդրությամբ ու ազնիվ մղումով հանդերձ: Ահա այս որակների համար է, որ հեղինակի գիտա-հրապարակախոսա-վերլուծական գիրքը ես ընկալում եմ իբրեւ դասագիրք, քանզի հեղինակը մեծագույն սիրով ակնկալում է, որ հայն ունենա ոգի (ազնիվ սիրտ ու հոգի), գույն (անցյալի գնահատում եւ ապագայի վառ երազանք), կերպար (ինքնաճանաչում եւ ինքնահաստատում):

Գրքի մատենանիշ, նաեւ խորհրդանիշ ընտրելով Օձունի եկեղեցու քանդակներից մեկի պատկերըՙ հեղինակն իր գրքում ներկայացրել է Օձունի վանքի մասին տարաբովանդակ հետաքրքրությամբ ընթերցվող պատմություններ եւ պատկերներ: Եվ պետք է նկատել, որ Գ.Շախկյանի գրքում առավելապես Լոռին էՙ պատմության դատին հանձնած իր կոթողային հարուստ պատմություններով, եւ լոռեցիներըՙ անմիջական ու ջերմությամբ շաղախված կենսագրական թրթիռներով:

Ընթերցողի հետ հեղինակն առաջին կենաց թասն է բարձրացնում ի հավերժումն Անիի Մայր եկեղեցուՙ Կաթողիկեի («Ավերակյալ քաղաքի թագուհին»), ապա եւ պատմում Թ. Թորամանյանի մասին, ում շնորհիվ է, որ վեր հառնեց հայ ճարտարապետության մեջ աննախադեպ, ներդաշնակ ամբողջություն կազմող եռաստիճան, կառուցիկ հորինվածքով Զվարթնոցը (մեջբերումՙ հեղինակից): Հայոց (Զվարթնոց. Անիի Մայր, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցիներ, Գառնիի տաճար, Հաղպատի, Գեղարդի եւ Գանձասարի վանքեր) եւ համայն աշխարհի նորօրյա հրաշալիքների զուգահեռումը (Չինական մեծ պարիսպ, Պետրոսի ժայռափոր համալիրը Հորդանանում, Քրիստոս-Փրկչի արձանը Ռիո դե Ժանեյրոյում, Մաչու-Պիկչու քաղաքը Պերուում, Չիչեն-Իտցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում, Հռոմի Կոլիզեյը, Թաջ Մահալը Ագրայում) գեղագիտական ճաշակի արթնացման եւ ձեւավորման մի վառ ապացույց է, որ դրված է ընթերցողի սեղանին:

Խոսելով հայ քաղկեդոնական հուշարձանների խնդրի մասինՙ ընթերցողին հանրագիտարանային կարգով նա ծանոթացնում է Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցուն, Քոբայրի վանքին, Բգավորի եկեղեցուն, Հնեվանքին, խոսում Սեւանի թերակղզու բլրալանջին թիկնած Ս. Առաքելոց (Ս. Կարապետ) եւ Ս. Աստվածածին նշանավոր զույգ եկեղեցիների մասին: Ընթերցողը ցավով տեսնում է, թե ինչ դաժան ճակատագրի են արժանացել մայրաքաղաքի մի շարք կոթողներ (Կաթողիկե, Պողոս-Պետրոս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Նիկոլաեւյանՙ Ս. Աննայի, Սիմեոն Ծերունի եւ Ս. Մարիամ Աստվածածին, Ս. Նշան եւ Ս. Հակոբ եկեղեցիները, Գեղարդա, Գեթսեմանի մատուռները, Երեւանի բերդը եւ այլն): Այստեղ առանձնակի հետաքրքրությամբ է ընթերցվում Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու մասին պատմող զրույցը, որին, ի դեպ, արդեն փրկության օղակ է նետել հայրենի կառավարությունը (նաեւ Գ. Շախկյանի բարձրաձայնման շնորհիվ):

Հիշատակման արժանի է Գ. Շախկյանի դիտողականությունը, որի շնորհիվ անընդմեջ ընդլայնվում է իմացության մեր շրջանակը: Ասվածի վառ ապացույց կարելի է համարել թեկուզ եւ Մեծ եղեռնի հուշահամալիրի մասին պատմող հոդվածը: «Համալիրի հարթակից ցած են տանում միջմույթային բացվածքների անսովոր բարձր աստիճանները, որոնցով իջնելիսՙ կամա թե ակամա, պետք է խոնարհվես, ինչպես հայոց սրբարանների շեմից ներս մտնելիս» (մեջբերումՙ հեղինակից), այստեղ ընթերցողը, ով, թերեւս, բազմիցս եղել է Հուշահամալիրում, հիշողությամբ կհավաստի հեղինակի խոսքերի ճշմարտացիությունը: Գ. Շախկյանը իր ընթերցողի մտածողության մեջ ջանում է զարգացնել վերլուծական ունակություն եւ գեղագետին վայել շարադրանքովՙ ճաշակ:

Մի ամբողջ կյանք պետք է ապրել Ամենայն հայոց բանաստեղծին, «Արեւային քաղաք տեսած» ճարտարապետին շախկյանական կերպով ընկալելու ու նաեւ ներկայացնելու համար: Այստեղ կարեւորվում է այն, որ զուգահեռվում եւ ընդգծված լեզվապաշարով վերլուծության է ենթարկվում Մեծ Լոռեցու անձը, միջնադարյան հայ ճարտարապետությունը նաեւՙ ցուցադրելով մեր թեկուզ ավերակված, սակայն մշտարթուն գեղեցկությամբ կոթողները, որոնք մարդուն կարող են հասցնել ազգային համախմբմանը, ինքնաճանաչմանը, հոգեւոր վերելքի խթանմանը (ձեւակերպումըՙ Գ.Շ-ի):

Երեք գործոններիՙ ոգու, գույնի, կերպարի անդրադարձի օբյեկտիվ ընկալումն ու գնահատանքն արդեն գտել է ընթերցող ու ջերմ երկրպագու, սիրելի Վարպետՙ որպես գոհացում եւ խոնարհումն երդվյալ բարեկամներիդ: Աստված Ձեզ պահապան, խիզախում եւ պայծառություն Ձեր մշտարթուն մտքին:

ՎԱԼԵՐԻ ՋԱՂԻՆՅԱՆ, ՀՀ լրագրողների միության անդամ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4